Մանր առևտրից ՀԴՄ պահանջելը պետության վրա ավելի թանկ կնստի, քան հարկը. Միքայելյան

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Տնտեսագետի գնահատմամբ` ՀՀ իշխանությունները բյուջետային ճեղքը փակելու և նախընտրական խոստումները կատարելու համար փորձում են ֆինանսական բեռը գցել քաղաքացիների վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Եթե փոքր ու հատկապես փողոցային մանր առևտրով զբաղվողները հարկվեն, նշանակում է` ՀՀ իշխանությունը հուսահատության մեջ է և փորձում է այդ ճանապարհով փակել պետական բյուջեում առաջացած լուրջ ճեղքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության վերջին նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը։
Վարչապետն ասել էր, թե անգամ ճամփեզրին չիչխան կամ սունկ վաճառողը պետք է մտնի հարկային դաշտ ու ՀԴՄ խփի. երկրում չպետք է լինի մեկը, ով հարկային դաշտում չլինի։ Նա այս հայտարարությունը արեց, երբ քննարկվում էր մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար գործող արտոնության վերացումը. նրանք ևս ապրանքի անվանումը, ծածկագիրը, քանակը, չափման միավորը, ծառայության կոդը, իսկ հանրային սննդի ոլորտում նաև ճաշացուցակի կերակրատեսակների անվանումները պարտադիր պետք է տպագրեն կտրոնի վրա։
Միքայելյանն ընդգծեց` պետությունը վերցրել է պարտավորություններ՝ թոշակների բարձրացում, առողջապահական համընդհանուր ապահովագրություն, որոնք գերազանցում են իր հնարավորությունները, միևնույն ժամանակ միայն հոկտեմբերին ՀՀ պետական պարտքն աճել է 536 մլն դոլարով, իսկ իշխանական PR–ի ու միջոցառումների վրա ծախսերը շարունակում են ահռելի թվեր կազմել (օրինակ՝ Երևանում անցկացված «COP 17» համաժողովի վրա ծախսվեց ավելի քան 50 մլն դոլար)։
«Պարզ ասեմ՝ իշխանություններին պետք էր ընտրություններում հաղթել. նրանք պետական բյուջեն օգտագործել են խոստումների համար, հիմա պետք է կատարեն ու չեն կարողանում, ուստի փորձում են գումարը հավաքել ժողովրդից, ինչ տարբերակով էլ լինի։ Սա է իրավիճակը»,– ընդգծեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողները ոչ թե բիզնես են, այլ ինքնազբաղվածներ, և երկրում նրանց թիվը հասնում է շուրջ 200 հազարի։
Միքայելյանի խոսքով՝ այդ չնչին շրջանառությունների նկատմամբ հարկային վարչարարություն իրականացնելը պետության վրա կարող է շատ ավելի թանկ նստել, քան արդեն իսկ հավաքագրվելիք հարկերը։ Բացի այդ, ըստ տնտեսագետի, շրջանառության հարկի կրկնակի բարձրացումը արդեն իսկ հանգեցրել է ստվերի աճի, քանի որ հարկը մեծացել է 2, իսկ հավաքագրումը՝ ընդամենը 1,5 անգամ։
«Այժմ կառավարությունը փորձում է վարչական պարտադրանքով ու հարկային փետով հետ բերել այդ մարդկանց, ինչը նոր տնտեսական արդյունք ստեղծելու փոխարեն խանգարելու է»,– նշեց Միքայելյանը։
Իրականում, ըստ նրա, ամբողջ պետական ապարատն ու տնտեսական որոշումները քաղաքականացված են։
«Այժմ կառավարությունը փորձում է վարչական պարտադրանքով ու հարկային փետով հետ բերել այդ մարդկանց, ինչը նոր տնտեսական արդյունք ստեղծելու փոխարեն խանգարելու է»,– նշեց Միքայելյանը։
Իրականում, ըստ նրա, ամբողջ պետական ապարատն ու տնտեսական որոշումները քաղաքականացված են։
«Ամեն քայլափոխի ինչ–որ փառատոն կամ տոնախմբություն է տեղի ունենում, որպեսզի մարդիկ չմտածեն Արցախի կորստի ու անվտանգային խնդիրների մասին (Արցախում կորցրել ենք 12,6–13,6 մլրդ դոլարի նյութական արժեք, որի 85%–ն անցել է Ադրբեջանին), այլ մտածեն միայն զվարճանքների մասին։ Սա հին հռոմեական «հաց ու տեսարաններ» սկզբունքն է, բայց հացն արդեն պակասում է, ու հիմա փորձում են ինչ–որ տեղից այն գտնել»,– ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով ՀԴՄ–ների պահանջի գործնական կիրառմանը՝ տնտեսագետը հարց բարձրացրեց, թե ինչպես է, օրինակ, իր բոստանի կանաչին վաճառող տատիկը գնելու թանկարժեք ՀԴՄ ապարատ և աշխատացնելու այն, երբ անգամ մասնագետների համար դա տեխնիկական բարդություններ է առաջացնում։
Ըստ նրա՝ իշխանությունները պարզապես չեն տեսնում այդ տատիկներին, և նրանց որոշման հետևանքով այդ մարդիկ ուղղակի դուրս կմղվեն փողոցից, կամ կառաջանա ոստիկանության ծառայողների կամայականություն՝ որոշակի գումար տուր, կանաչիդ ծախիր։ Այդպիսով, տնտեսագետի համոզմամբ, կխորանա ճեղքը պետական կառավարման և իրողության միջև, որն էլ իր հերթին կբերի է՛լ ավելի խորը ճգնաժամի։