Հայաստանը ջրային ճգնաժամի շեմին է. ի՞նչ է անում կառավարությունը

ԱԲ-ի օգնությամբ մշակված պատկեր՝ քանդակագործ Խաչատուր Հակոբյանի ջրի, ծովի, անձրևի Ծովինար աստվածուհու «Փարվանա» քանդակը Հրազդանի ջրամբարի ափին
© Sputnik / Naira Melkumyan
Բաժանորդագրվել
Հայաստանում խմելու և ոռոգման ջրի զգալի մասը սպառողներին չի հասնում կամ պատշաճ չի հաշվառվում։ «Վեոլիա Ջրի» տվյալներով՝ 2025 թվականին ջրամատակարարման համակարգ մուտք գործած յուրաքանչյուր 100 լիտր ջրից շուրջ 58 լիտրը մաքուր կորուստ է։
Հայաստանը ջրի պակաս ունի՞, թե՞ ոչ, և արդյոք կարողանո՞ւմ է արդյունավետ կառավարել իր ջրային պաշարները։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցումներ է ուղղել պատասխանատու բոլոր գերատեսչություններին, ուսումնասիրել կառավարության հաստատած ջրավազանային կառավարման պլանները, միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու ջրային ոլորտի պետական ծրագրերը։
Ուսումնասիրության արդյունքում ուշագրավ պատկեր է բացահայտվել. Հայաստանի ջրային ռեսուրսների նվազման վտանգը փաստագրված է պետական և միջազգային զեկույցներում, սակայն դրանց արդյունավետ օգտագործմանը վերաբերող կարևոր հարցեր շարունակում են անպատասխան մնալ։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն այցելել են Հախումի ջրամբար (2026թ․ օգոստոսի 17). Տավուշի մարզ
© Photo : Water Committee
Ոռոգման համակարգում տարեկան հարյուրավոր միլիոն խորանարդ մետր ջուր է հաշվառվում որպես կորուստ, բայց Ջրային կոմիտեն խոստովանում է, որ կորուստների պատճառների համապարփակ վերլուծություն չի իրականացրել։ Ջրամբարաշինության հնգամյա ծրագրի ավարտին ընդամենը նախագծային աշխատանքներ են արվել, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի ջրային պաշարների փոփոխության վերաբերյալ համապետական թվային տվյալներ ներկայացնելու փոխարեն հղում է անում այլ փաստաթղթերի։
Մինչդեռ հենց այդ փաստաթղթերի ուսումնասիրությունն է բացահայտում երկրի ջրային անվտանգության համար մտահոգիչ ցուցանիշներ։
Ջրային պաշարների մասին հարցին՝ հղումներ, իսկ փաստաթղթերում՝ նվազման ցուցանիշներ

Մարմարիկի ջրամբար. Արխիվային լուսանկար
© Sputnik / Naira Melkumyan
Sputnik Արմենիան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Հայաստանի ջրային պաշարների ծավալների, վերջին տասը տարիներին դրանց փոփոխության, ջրօգտագործման և հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ տեղեկություններ էր խնդրել։ Սակայն ստացված պատասխանում նախարարությունը չի ներկայացրել պահանջված համապետական թվային հաշվեկշիռը՝ փոխարենը հղում անելով պետական ջրային կադաստրին և կառավարության հաստատած ջրավազանային կառավարման պլաններին։
Sputnik Արմենիան ուսումնասիրել է նախարարության մատնանշած փաստաթղթերը։
Հարավային ջրավազանի 2025–2030 թվականների կառավարման պլանի համաձայն՝ 1961–2024 թվականներին գետերի միջին տարեկան հոսքը կազմել է 1 մլրդ 305,6 մլն խորանարդ մետր։ Մինչդեռ 2014–2024 թվականների միջին ցուցանիշը 1 մլրդ 192,81 մլն խորանարդ մետր է։
Պարզ ասած՝ վերջին 11 տարում մեր ջրային պաշարները նախկին միջին ցուցանիշի համեմատ տարեկան կրճատվել են 8,6%-ով՝ շուրջ 112,8 մլն խմ–ով։
Մեկ այլ մտահոգիչ պատկեր է արձանագրված Հրազդանի ջրավազանի` 2022–2027 թվականների կառավարման պլանում։ 2025 թվականի համար ստորերկրյա ջրերի պահանջարկը գնահատվել է 1 մլրդ 131 մլն խորանարդ մետր, մինչդեռ առաջարկը՝ 292,5 մլն խորանարդ մետր։ Արդյունքում առաջացել է 838,5 մլն խմ ջրի պակասորդ։

ԱԲ-ի օգնությամբ մշակված Հրազդանի ջրամբարի ափին Յակ-40 ինքնաթիռի պատկեր
© Sputnik / Naira Melkumyan
Այս ջրի մեծ մասը պահանջվում է երկու ոլորտի համար՝ ձկնաբուծության (607,4 մլն խմ) և խմելու-կենցաղային նպատակների (452,3 մլն խմ)։ Սակայն պետական փաստաթուղթը փաստում է, որ առանձին ջրավազաններում կարիքը զգալիորեն գերազանցում է հասանելի պաշարը։
Ամենակարևոր հարցը՝ եթե պետական պլանով ստորերկրյա ջրերի պահանջարկը գրեթե 4 անգամ գերազանցում է առաջարկը, ապա իրականում ինչպե՞ս է բավարարվում այդ պահանջարկը։ Արդյոք օգտագործվում են այլ ջրաղբյուրներ, պահանջարկի մի մասը չի՞ բավարարվում, թե՞ ստորերկրյա ջրերի փաստացի ջրառը գերազանցում է գնահատված կայուն օգտագործման ծավալը։ Այս հարցի պատասխանը հնարավոր չէ ստանալ ներկայացված թվերից։
Ջրառատ 2026 թվականը չի հերքում երկարաժամկետ նվազման միտումը

ԱԲ-ի օգնությամբ մշակված Հրազդանի ՀԷԿ-ի մոտակայքում ջրանցքի պատկեր
© Sputnik / Naira Melkumyan
2026 թվականը ջրային պաշարների առումով բացառիկ բարենպաստ է եղել Հայաստանի համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյան։ Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ հինգ խոշոր ջրամբարներում՝ Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի և Մարմարիկի, կուտակվել էր 576 մլն խորանարդ մետր ջուր՝ 378 մլն-ով շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
«Այս տարի ջրամբարների ջրալցվածության տեսակետից բավական բարենպաստ տարի էր։ Վերջին անգամ նման ջրալցվածություն մենք ունեցել ենք 2011 թվականին»,– նշեց Ազիզյանը։
Սակայն առատ տեղումները չեն վերացնում երկարաժամկետ ռիսկերը։ Ազիզյանի խոսքով՝ 1935–2025 թվականներին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,6 աստիճանով։ Դրա հետևանքով լեռներում ձյան փոխարեն ավելի հաճախ անձրև է տեղում, ինչը բացասաբար է ազդում ջրային պաշարների վրա։
«Եթե գնահատենք 2011 թվականից այս կողմ, մոտավորապես 10 տոկոս հոսքի նվազում ունենք»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ այս հաշվարկում 2026 թվականի տվյալները ներառված չեն։
672 մլն խորանարդ մետր ջրի կորուստ, որի պատճառների համապարփակ վերլուծություն չկա
Sputnik Արմենիան 13 հարցից բաղկացած գրավոր հարցում էր ուղարկել Ջրային կոմիտե՝ փորձելով պարզել, թե որքան ջուր է վերցվում ոռոգման համար, որքանն է կորչում, և արդյոք հնարավոր է կորուստների նվազեցմամբ մեղմել ջրի պակասը։
Սակայն Ջրային կոմիտեի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ 2025 թվականին «Ջրառ» ՓԲԸ-ի և 15 ջրօգտագործողների ընկերությունների միջոցով իրականացվել է շուրջ 1 մլրդ 226,8 մլն խորանարդ մետր ջրառ։
Դրանից շուրջ 672,2 մլն խորանարդ մետրը կամ 54,8%-ը հաշվառվել է որպես կորուստ։
Այլ կերպ ասած՝ ոռոգման համակարգում վերցված յուրաքանչյուր 100 խորանարդ մետր ջրից շուրջ 55-ը կորուստ է հաշվառվում։

Ջրային կոմիտեն կորուստների հիմնական պատճառներից է համարում ներտնտեսային ցանցերի տեխնիկական վիճակն ու մաշվածությունը։ Պատասխանում նշվում է, որ դրանց մի մասը հողային հունով կառուցված ցանցեր են, որոնք շահագործվում են տասնամյակներ շարունակ։
Սակայն Sputnik Արմենիան փորձել էր պարզել նաև, թե կորուստների որ մասն է պայմանավորված ենթակառուցվածքների մաշվածությամբ, որը՝ ջրագողությամբ, հաշվառման թերություններով կամ այլ հանգամանքներով։
Պետական մարմնի պատասխանը կարճ է. «Ջրային կոմիտեի կողմից նման վերլուծություն չի իրականացվել»։
Այս պատասխանը ջրային համակարգի կառավարման վերաբերյալ կարևոր բացահայտում է, քանի որ առանց այդ ուսումնասիրության հնարավոր չէ որոշել՝ կորուստների որ մասն է հնարավոր կանխել ջրանցքների վերակառուցմամբ, որը՝ հաշվառման բարելավմամբ, և ինչ ծավալի ջուր կարելի է տնտեսել առանց նոր ջրաղբյուրներ շահագործելու։ Պետական մարմինը նաև չի հաշվարկել, թե կորուստները նվազեցնելու դեպքում որքան լրացուցիչ ջուր հնարավոր կլինի օգտագործել ոռոգման համար։
Խմելու ջրի համակարգում կորուստները 8 տարում նվազել են, բայց դեռ 57,62% կորուստ կա
Խմելու ջրամատակարարման համակարգում ջրի կորուստների պատճառներն ու ծավալները պարզելու համար Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Ընկերությունը հայտնել է, որ իր սպասարկման տարածքում ընդհանուր կորուստների ցուցանիշը 2017 թվականի 81,1%-ից 2025 թվականին նվազել է մինչև 65,53%։ Ընկերությունը մանրամասնել է` 65.53%–ը չհաշվառված է (մատակարարման համակարգ մղված, բայց սպառողներին չհասած կամ ֆինանսապես չփոխհատուցված ջրի ծավալ), իսկ կորուստը` 57,62%։
Այսինքն` համակարգ մուտք գործած յուրաքանչյուր 100 լիտր ջրից շուրջ 66 լիտրը չի հաշվառվել որպես իրացված ջուր, իսկ շուրջ 58 լիտրը հաշվառվել է որպես կորուստ։

ՀՀ ջրամատակարարման միակ օպերատորի պարզաբանմամբ՝ կորուստների նվազեցման ուղղությամբ իրականացվում են ջրագծերի վերակառուցման, ճնշումների կարգավորման և հաշվառման բարելավման աշխատանքներ։ Սակայն Sputnik Արմենիայի հարցման և ստացված պատասխանի համադրությունը ցույց է տալիս, որ ընկերությունը չի ներկայացրել կորուստների ամբողջական պատկերը ըստ մարզերի, դրանց պատճառների քանակական բաշխումը և իրականացված աշխատանքների արդյունքում տնտեսված ջրի ծավալները։
Ջրամբարաշինության հնգամյա ծրագրի ավարտին՝ հինգ պատրաստի նախագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար (2026թ․ հուլիսի 4)․ Արարատի մարզ
Կառավարությունը ջրի օպտիմալ կառավարման ծրագրերից է համարում ջրամբարները։ 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել էր մշակել 15 փոքր և միջին ջրամբարների նախագծային փաստաթղթերը և կառուցել դրանք։
Sputnik Արմենիան առանձին գրավոր հարցմամբ փորձել է պարզել՝ դրանցից քանիսն են կառուցվել, քանիսն են շինարարության փուլում, որքան գումար է ծախսվել, և ինչ ծավալի լրացուցիչ ջուր է հաջողվել կուտակել։
Ջրային կոմիտեի տրամադրած տեղեկությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ծրագրի ավարտական տարում ավարտված են հինգ ջրամբարների՝ Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի նախագծային աշխատանքները։
Դրանց ներդրումային ծրագրերը հաստատվել են դեռ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին, սակայն շինարարության մեկնարկը նախատեսվում է «առաջիկայում»։
Այսինքն՝ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված էր ջրամբարների կառուցում, մինչդեռ ծրագրի ավարտական տարում հինգի դեպքում դեռ խոսքը զուտ շինարարության մեկնարկի մասին է` առանց հստակ ժամանակացույցի։
2023 թվականին ծրագիրն ընդլայնվել է ևս երեք ջրամբարով՝ Գետիկի, Գառնահովիտի և Կարմիրգյուղի։ Սակայն դրանց դեպքում էլ դեռ ընթացքի մեջ են զուտ իրագործելիության ուսումնասիրությունները։
Միաժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի ներկայացրել սկզբնական 15 ջրամբարներից յուրաքանչյուրի իրականացման կարգավիճակը, նախատեսված և փաստացի ծախսված միջոցների ամբողջական հաշվեկշիռը, ինչպես նաև ծրագրի արդյունքում արդեն կուտակված լրացուցիչ ջրի ծավալները։
Առանձին խնդիր է Արգիճիի ջրամբարը
Sputnik Արմենիային տրամադրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում այդ ջրամբարի շինարարությունը կասեցված է տեխնիկական խնդիրների պատճառով։
Սակայն թե ինչ տեխնիկական խնդիրներ են առաջացել, երբ է շինարարությունը դադարեցվել և երբ կարող է վերսկսվել, չի պարզաբանվել։
Ստացվում է՝ պետությունը նախատեսում է նոր ջրամբարներ կառուցել, սակայն նախկինում հայտարարված ծրագրերի իրականացման ամբողջական պատկերը չի ներկայացնում։
Նոր ջրամբարներ՝ գործող համակարգի հսկայական կորուստների պայմաններում
Ջրային կոմիտեի տվյալներով՝ նախատեսվող 18 ջրամբարներից 8-ը միասին կարող են կուտակել ընդամենը 35,5 մլն խմ ջուր։ Մինչդեռ 2025-ին միայն ոռոգման համակարգում կորել է 672,2 մլն խմ ջուր՝ գրեթե 19 անգամ ավելի շատ, քան այդ 8 ջրամբարների ամբողջ տարողությունն է։
Այստեղ առաջանում է տնտեսական արդյունավետության հարց. եթե ոռոգման ցանցում ջրի կեսից ավելին պարզապես կորչում է, արդյոք ավելի ճիշտ չէ՞ նախ հաշվարկել՝ որքան ջուր կարելի է խնայել հին խողովակներն ու ջրանցքները նորոգելով, և որքան դա կարժենա, քան նոր ջրամբարներ կառուցելը։
Տարածքային կառավարման նախարարությունն այս հարցին չի էլ անդրադարձել։
6 ջրավազանից 3–ը` առանց հաստատված կառավարման պլանի

Ախուրյանի ջրամբար. Արխիվային լուսանկար
© Sputnik / Armine Alexanyan
Շրջակա միջավայրի նախարարության մատնանշած փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում Sputnik Արմենիան պարզել է նաև, որ Հայաստանի վեց ջրավազանային կառավարման տարածքներից երեքը 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ հաստատված կառավարման պլան չունեին։
Հաստատված էին Սևանի, Հրազդանի և Հարավային ջրավազանների պլանները։ Ախուրյանի, Արարատյան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանները դեռ հաստատված չէին։
Մինչդեռ զուգահեռ իրականությունում միջազգային կառույցները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխության հետևանքով առաջիկա տասնամյակներին ջրային ռեսուրսների հասանելիությունը կարող է ավելի սահմանափակվել։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակում կատարված ՀՀ ազգային զեկույցների համաձայն` ՀՀ–ում մինչև 2050-ականները ջերմաստիճանը կբարձրանա շուրջ 2.8° աստիճանով։
26 միջոցառումից ամբողջությամբ իրականացվել է ընդամենը 4-ը
Կլիմայի փոփոխությունը վաղուց հարվածում է Հայաստանի ջրային պաշարներին. 1935–2025 թթ. օդի ջերմաստիճանը բարձրացել է 1,6 °C-ով, ինչի հետևանքով պակասել են ձյունն ու գետերի ջուրը, ավելացել է գոլորշիացումը։
Այս վտանգին դիմակայելու համար կառավարությունը 2022-ին հաստատել էր 2022–2026 թթ. ծրագիրը (26 միջոցառում և 41 ենթամիջոցառում)։ Սակայն ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2026 թ. մարտի 1-ի դրությամբ՝
Հիմնական 26 միջոցառումներից ամբողջությամբ կատարվել է ընդամենը 15,4%-ը (4-ը), մասնակի՝ 69,2%-ը (18-ը), իսկ 15,4%-ը (4-ը) ընդհանրապես չի իրականացվել։
41 ենթամիջոցառումներից լիարժեք կատարվել է միայն 17,1%-ը (7-ը), մասնակի՝ 58,5%-ը (24-ը), իսկ 24,4%-ը (10-ը) ձախողվել է։

Չնայած ֆինանսական ու կառավարչական խնդիրների պատճառով թերի կատարված այս ծրագրին՝ 2026-ի մարտի 13-ին վարչապետի գլխավորությամբ արդեն քննարկվել է 2026–2035 թթ. նոր ռազմավարությունը։ Անհասկանալի է մնում՝ ինչպե՞ս է նոր փաստաթուղթը արդյունավետ գործելու, երբ դեռ բացակայում են ոլորտի առանցքային ուսումնասիրություններն ու հաշվարկները։
435 մլն դոլարի ծրագիր. ի՞նչ արդյունք կտան նոր ներդրումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար (2026թ․ հուլիսի 4)․ Արարատի մարզ
© Photo : official site of the Prime Minister of RA
Հիմնարար հաշվարկների բացակայությունն էլ ավելի մտահոգիչ է, երբ խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումների մասին է։ 2025 թվականի հունիսին Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը՝ 185 մլն դոլար ընդհանուր ֆինանսավորմամբ։ Տասնամյա բազմափուլ ծրագրի ընդհանուր ֆինանսական շրջանակը գնահատվում է 435 մլն դոլար։ Ծրագրով նախատեսվում է բարելավել գյուղական բնակավայրերի ջրամատակարարումը, արդիականացնել ոռոգման համակարգերը և բարեփոխել ոլորտի կառավարումը։ Սակայն նոր ֆինանսավորումը դեռ ջրային կորուստների խնդիրը չի լուծում։
Այստեղ առաջնային է դառնում ոչ թե ներգրավված գումարի չափը, այլ դրա արդյունավետությունը՝ որքան ջուր կհաջողվի տնտեսել, որքանով կնվազեն կորուստները և քանի բնակավայր կունենա ավելի հուսալի ջրամատակարարում։ Առավել ևս, որ Sputnik Արմենիային Ջրային կոմիտեի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ ոռոգման ջրի կորուստների պատճառների համապարփակ վերլուծություն չի իրականացվել։
Հայաստանը ջրի պակա՞ս ունի, թե՞ կառավարման խնդիր

Զանգակատան ջրամբար. Արխիվային լուսանկար
© Photo
Միջազգային զեկույցները փաստում են, որ Հայաստանը կանգնած է ջրային ռեսուրսների նվազման և կլիմայական ռիսկերի առաջ։ Պետական փաստաթղթերը նույնպես արձանագրում են գետային հոսքի նվազում, ստորերկրյա ջրերի պահանջարկի և առաջարկի հաշվարկային անհամապատասխանություններ։ Օրինակ` Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը ՀՀ–ի որոշ առանցքային ջրավազաններում ոռոգման ջրի չբավարարված պահանջարկը կարող է գերազանցել 50%-ը։ Նույն կառույցի գնահատականներով՝ ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը մինչև 2060 թվականը կարող է երկրի տնտեսության ծավալը կրճատել մինչև 3%-ով՝ համեմատած բազային զարգացման սցենարի հետ։
Համաշխարհային բանկի՝ 2025 թվականի հունիսի 13-ի հրապարակման համաձայն՝ Հայաստանի 579 գյուղական բնակավայրերում շուրջ 650 հազար մարդ ապրում էր գործող վարձակալական պայմանագրով սպասարկվող կարգավորվող ջրամատակարարման տարածքից դուրս։
Արարատյան դաշտ. ստորերկրյա ջրերի սպառման վտանգը

Սածիլների շարքեր Արմավիրի մարզի Մարգարա գյուղում. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի ջրային անվտանգության առանձին խնդիր է Արարատյան արտեզյան ավազանի վիճակը։ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ 2024 թվականի նոյեմբերին հրապարակված «Կովկասի շրջակա միջավայրի հեռանկարները» զեկույցի համաձայն՝ Հայաստանում ստորերկրյա ջրերի ջրառը 2000 թվականից ի վեր կրկնապատկվել է։ Նույն զեկույցում նշվում է, որ 2020 թվականին Հայաստանի գետերի հոսքը նվազել էր 26%-ով։
Ընդ որում՝ ՄԱԿ-ի գնահատմամբ` Կովկասի երկրների մեծ մասում մինչև 2100 թվականը գետային հոսքերը կարող են նվազել շուրջ 20%-ով։ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) ուսումնասիրության համաձայն՝ 2000 թվականից հետո ավազանում ստորերկրյա ջրերի օգտագործման աճը, այդ թվում՝ ձկնաբուծության ընդլայնման հետևանքով, հանգեցրել է աղբյուրների ելքի նվազման, հորատանցքերի արտադրողականության անկման և ջրի մակարդակի իջեցման։
Հայաստանում ստորերկրյա ջրերի նվազման խնդիրը տարիներ առաջ արձանագրել է նաև Համաշխարհային բանկը։ Կազմակերպության՝ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված` 2014 թվականի զեկույցի համաձայն՝ 1983–2013 թվականներին Արարատյան դաշտի արտեզյան ստորերկրյա ջրերի պիեզոմետրիկ մակարդակը միջինում նվազել է 6–9 մետրով, իսկ առանձին հատվածներում՝ մինչև 15 մետրով։ Հիմնական պատճառներից մեկը ստորերկրյա ջրերի չափազանց մեծ արդյունահանումն է։ Խնդրի արդիականությունը Համաշխարհային բանկն ընդգծել է նաև 2024 թվականի զեկույցում՝ արձանագրելով, որ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործումը գերազանցում է դրանց բնական համալրման ծավալները։

Այս իրավիճակում գլխավոր հարցը միայն այն չէ, թե որքան ջուր ունի Հայաստանը։ Բայց այս հարցից առավել կարևոր է՝ պետությունը գիտի՞, թե իր ունեցած ջրի որքան մասն է հնարավոր պահպանել, ինչ միջոցներով, ինչ գումարով և ինչ ժամկետներում։
Պատասխանատու մարմինների կողմից Sputnik Արմենիային տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրություններն ու կառավարությունից ստացված պատասխաններն առայժմ թույլ չեն տալիս այդ հարցին ամբողջական պատասխան տալ։ Իսկ ջրային ռեսուրսների երկարաժամկետ նվազման պայմաններում նման հաշվարկների բացակայությունը կարող է նույնքան լուրջ խնդիր դառնալ, որքան ջրի բնական պակասը։
Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի (WRI) Aqueduct համաշխարհային զեկույցի 2023 թ.–ի տվյալներով` ՀՀ–ն 164 երկրի շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը ջրի սթրեսի (ջրային ռեսուրսների պակասի և խոցելիության) մակարդակով։ Այսինքն` միջազգային կառույցն արձանագրել է, որ ՀՀ ջրային պաշարները բավարար չափով պաշտպանված չեն և կարող են շատ արագ սպառվել կամ վտանգվել կլիմայի տաքացման, երաշտի, անարդյունավետ կառավարման կամ աղտոտման հետևանքով։

