Ավելի մատչելի դեղորայք․ «Ուժեղ Հայաստանն» օրենսդրական փոփոխություն է առաջարկում
11:13 16.11.2026 (Թարմացված է: 11:23 16.11.2026)

ԱԲ-ով գեներացված դեղատան պատկեր
© Sputnik / AI generated image
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր խմբակցությունում վստահ են, որ սա վերքաղաքական հարց է, և պետք է մի կողմ դնել տարաձայնությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Հայաստանում առկա է գրանցված 3997 անուն դեղորայք, ընդ որում եթե մանրամասն ուսումնասիրվի շուկան, և դեղերի քանակը հաշվարկվի ազդող նյութով (միևնույն դեղորայքը շուկայում ներկայացված է տարբեր երկրների արտադրանքով- խմբ․), այլ ոչ թե անուններով, ապա կստացվի շուրջ 1200 դեղորայք։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը՝ ներկայացնելով խմբակցության կողմից մշակված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է դեղերի գրանցման նոր ընթացակարգ՝ ճանաչման գրանցում։ Սա նշանակում է, որ բոլոր այն դեղերը, որոնք գրանցված են ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացման գրասենյակների կողմից և ազատ շրջանառվում են ԵՄ անդամ պետություններում, զուտ փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն ՀՀ դեղերի ռեեստրում։ Ընդդիմադիր պատգամավոր ընդգծում է՝ թեպետ մեր երկիրը սկսել է ԵՄ ինտերգրման գործընթաց, սակայն մինչ օրս չունենք եվրոպական դեղերի ազատ մուտք Հայաստանի շուկա։
«Մենք ձեզ ներկայացրել ենք օրենքի փոփոխություն, որը մի կողմից ՀՀ բնակչին տալու է հնարավորություն եվրոպական արտադրության դեղ ձեռք բերել մեր դեղատնից, մյուս կողմից ավելանալու են պետբյուջե մուտքերը պետական տուրքի հաշվին, մյուս կողմից ունենալու ենք ավելի լայն մրցակցություն, ինչը կբերի գնիջեցման։ Եթե այս 3 հարցերի համատեղ ճնշման պայմաններում այսօրվա իշխանությունն արգելակի այս նախագիծը, կստացվի, որ դեղը թողնում եք մնա որպես շքեղություն, կստացվի, որ դուք քաղաքական անհամաձայնության պատճառով վնաս եք հասցնում ՀՀ քաղաքացու շահին, կստացվի, որ պետությունը ոչ թե նրա համար է ստեղծված, որ քաղաքացու համար խոչընդոտներ վերացնի, այլ՝ խնդիրներ ստեղծի»,- նախագիծը ներկայացնելուց հետո նշեց Հարություն Հարությունյանը։
Հավելեց՝ հիվանդ մարդուն քաղաքական արդարացումներ պետք չեն, անհրաժեշտ է բուժում։
Խմբակցությունը մատնանշում է հարևան Վրաստանի փորձը, որտեղ ոչ միայն դեղերի տեսականին է ավելի մեծ, այլև գներն ավելի ցածր են։