ՀԱՊԿ–ում ՀՀ–ին ձայնի իրավունքից զրկելը միայն նախերգանքն է. ի՞նչ ուղերձ է հղում ՌԴ–ն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի գնահատմամբ` ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների հետ հարաբերություններում գործելու ավելի լայն դաշտ է ստանում։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը նախերգանքն է այն բանի, որ ՀՀ–ն դուրս է մնալու նաև ԵԱՏՄ–ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում է կայացվել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։
«ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ–ին սառեցվելու է։ Այսինքն` լինելու է նույնը, ինչ եղավ ՀԱՊԿ–ի շրջանակներում։ Իսկ դրան ամենայն հավանականությամբ հետևելու է տնտեսական կոլապս։ ՌԴ–ն ցույց տվեց, որ կատակ չի անում, և եկել է պահը, որ ՀՀ իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի իր ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու կամ չկատարելու, ընդունած որոշումների, արած հայտարարությունների, բերած աղետների համար»,– նշում է քաղաքագետը։
Բենիամին Մաթևոսյանի կարծիքով` Մոսկվայում կայացրած որոշումը, որոշ առումով ձեռնտու էր ՀՀ իշխանությանը, բայց չի արդարացրել նրանց ամբողջական սպասելիքները, որովհետև Նիկոլ Փաշինյանին, ըստ երևույթին, անհրաժեշտ էր, որ Ռուսաստանը Հայաստանին հանի ՀԱՊԿ-ից։ Այդ պարագայում, նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» համար հնարավոր պատերազմի դեպքում ողջ պատասխանատվությունը կբարդվեր Ռուսաստանի վրա, այնպես, ինչպես Արցախի դեպքում են մեղադրում Ռուսաստանին։ «Բայց Ռուսաստանում արել են հետևություններ 44-օրյա պատերազմից, դրան հաջորդած իրողություններից, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանին զրկում են այդ խաղաքարտից։ Միևնույն ժամանակ ցույց են տալիս հայ ժողովրդին, թե անձամբ ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար»,– նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ մոսկովյան որոշումը յուրօրինակ ուղերձ է Հայաստանի ժողովրդին` առաջիկա խնդիրների մասին։
Մաթևոսյանի դիտարկմամբ` ՌԴ–ում հույս ունեն, որ Հայաստանում ի վերջո կհաղթի առողջ տրամաբանությունը, տարածաշրջանային իրողությունների մասին ռեալ գիտակցումը։
«Դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ են ռազմավարական դաշնակցային հարաբերություններ և խորը տնտեսական կապեր ՌԴ–ի հետ, անհրաժեշտ է չդառնալ «սանիտարական կորդոն»` մեկուսիչ գոտի Իրանի հետհարաբերություններում։ Իսկ դա անելու և քո երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար դու պետք է լինես ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ։ Հայաստան պետության համար այդ դուռը բաց է, բայց Նիկոլ Փաշինյանի, ՔՊ–ի և ՔՊ-ից դուրս եկած և հիմա քաղաքական հայտեր ներկայացնող ֆիգուրների համար այդ դուռը փակված է»,– ասում է Մաթևոսյանը` նշելով, որ իշխանության փոփոխության դեպքում Հայաստանի առաջ այդ դռները կբացվեն։
Փորձագետը նկատում է, որ Ռուսաստանը թույլ չի տալու, որ Հայաստանի իշխող վերնախավը փորձի իր հաշվին երկիրը ներգրավել Ռուսաստանի և Հայաստանի համար թշնամական կառույցներում։
Քաղաքագետը չի հերքում, որ ՀԱՊԿ–ում կան պետություններ, որոնք առևտրատնտեսական, քաղաքական, մշակութային ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Բայց հենց այս իրողությունը հաշվի առնելով` նրա դիտարկմամբ, Հայաստանը հնարավորություն ունի ՀԱՊԿ–ի հարթակը օգտագործելով բարելավել իր հարաբերությունները այդ երկրների հետ` թույլ չտալով, որ նրանք կրիտիկական պահին օգտագործվեն մեր երկրի դեմ։
«ՀԱՊԿ–ը մեզ նաև դրա համար է պետք։ Այլ բան է, որ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք Ադրբեջանին գործելու էլ ավելի լայն դաշտ ենք տալիս ՀԱՊԿ անդամ պետությունների հետ հարաբերություններում»,– նկատում է քաղաքագետը։
«ՀԱՊԿ–ը մեզ նաև դրա համար է պետք։ Այլ բան է, որ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք Ադրբեջանին գործելու էլ ավելի լայն դաշտ ենք տալիս ՀԱՊԿ անդամ պետությունների հետ հարաբերություններում»,– նկատում է քաղաքագետը։
2024 թվականին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին և դադարեցրել անդամավճարների վճարումը։ Կազմակերպության կանոնադրությամբ, սակայն, անդամակցության սառեցման ընթացակարգ նախատեսված չէ, ինչի մասին կառույցի ղեկավարներն ու ՌԴ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են։