Իրանի գործընկերները TRIPP-ի մասով մտահոգություն չունեն. Խուդաթյան
14:42 09.11.2026 (Թարմացված է: 15:02 09.11.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Առաջիկայում ՏԿԵ նախարարությունը պատրաստվում է հստակ ներկայացնել TRIPP–ի ենթակառուցվածքների ձեռքբերման աշխատանքների մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Իրանը TRIPP-ի նախագծի հետ կապված մտահոգություն չունի։ Նման հայտարարություն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` ԱԺ–ում պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյոք Իրանը վտանգ չի տեսնում TRIPP նախագծի հետ կապված։
«Մենք բազմաթիվ անգամներ Իրանի գործընկերների հետ խոսել ենք, մեր գործընկերների հետ փոխադարձ վստահության մթնոլորտում ենք աշխատում և վստահ եմ` իրենք այդ մասով մտահոգություն չունեն»,– ասաց Խուդաթյանը։
Անդրադառնալով նախագծի ֆինանսավորմանը, ապա նախարարը շեշտեց` դա պատկերացնում են այլ մոդելով` TRIPP զարգացման ընկերության ֆինանսավորման հաշվին։ Այսինքն` ոչ ստանդարտ բյուջետավորման տրամաբանությամբ, որով արվում է։
Խուդաթյանը շեշտեց` արդեն հայտարարել են, որ սկսում են TRIPP–ի որոշ ենթակառուցվածքների նախագծերի ձեռքբերման աշխատանքները, բայց առաջիկայում ավելի ծավալուն կհայտարարեն, թե կոնկրետ որ ենթակառուցվածքները կլինեն։
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ նշել է, որ բյուջեում դրա համար միջոցներ չկան, քանի որ շինարարությունը ֆինանսավորելու է Tripp development company-ն ՝ իր միջոցներով։ Նա հավելեց, որ ՀՀ–ի կողմից խնդիր կա հողամասերը հանձնել TRIPP զարգացման ընկերությանը` մաքրված տեսքով, քանի որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես կանցնեն ենթակառուցվածքները և որ հատվածները կզբաղեցնեն։
«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Ռուսաստանի արձագանքը
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է դարձնում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությանը, Ադրբեջանի ենթակառուցվածքին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծերի օգտագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Ռուսաստանի երկաթուղիների» կազմի մեջ մտնող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ մինչև 2038 թվականը գործող կոնցեսիոն պայմանագրին։
Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին՝ հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը։ Ընդ որում, ՌԴ մայրաքաղաքում շեշտում են նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտությունը։