Իրավիճակը բարդ է, միամիտ գնահատականներ չի կարելի տալ. տնտեսագետը` գնաճի ու գազի գնի մասին

© Sputnik / Константин Михальчевский
Բաժանորդագրվել
ՀՀ տնտեսության ներկա բարդ իրավիճակում Կարեն Ադոնցը կարևորում է հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և գազի գնի շուրջ բանակցություններում փոխադարձ շահերի ու փոխզիջումների վրա հիմնված գնի սահմանումը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իրավիճակը բարդ է, միամիտ գնահատականներ չի կարելի տալ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը` մեկնաբանելով գրանցված ու դեռ կանխատեսվող գնաճի ցուցանիշները։
12-ամսյա գնաճը, պաշտոնական տվյալներով՝ 2026թ–ի հոկտեմբերին 2025-ի հոկտեմբերի նկատմամբ կազմել է 4.3 տոկոս։ Բայց սա միջինացված ցուցանիշն է։ Իրականում որոշ ապրանքների ու ծառայությունների գներն աճել են տոկոսային երկնիշ արտահայտությամբ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ հատկապես կտրուկ են թանկացել առաջի անհրաժեշտության պարենային ապրանքները։ Մասնավորապես՝ տավարի միսը թանկացել է 22.2%–ով, գառան միսը` 11.1, հավինը` 5.3 %–ով, ձուն` 19.4 %։ Ձավարը թանկացել է 13.5 %–ով, հնդկացորենը` 8.9, մակարոնեղենը` 5.4 %–ով։ Թանկացել են նաև հագուստը` 53 %–ով, կոշկեղենը` 2.2%–ով, կենցաղային ապրանքներնը` 8.7 %–ով։ Պակաս տպավորիչ չէ նաև վառելիքի թանկացումը. Բենզինը պաշտոնաան վիճակագրության համաձայն, թանկացել է 17.3, դիզվառելիքը` 37.3, հեղուկ գազը` 52.4%–ով:
Կարեն Ադոնցի խոսքով` գնաճի այս ընթացքը կանխատեսելի էր ու առայժմ ընթանում է սպասված սցենարով։
Կարեն Ադոնցի խոսքով` գնաճի այս ընթացքը կանխատեսելի էր ու առայժմ ընթանում է սպասված սցենարով։
«Եթե ամբողջ աշխարհում տեղի է ունենում էներգակիրների գների աճ, դա չի կարող մեզ վրա չազդել,–ասում է տնտեսագետը և հավելում,– քանի դեռ համաշխարհային տնտեսության մեջ իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ, Հայաստանի տնտեսությունը ևս անորոշությունների պայմաններում է լինելու»։
Ունենք արդյունաբերությամբ զբաղվող 3 նախարարություն, չունենք արդյունաբերություն
Հնարավոր ցնցումներից խուսափելու համար Ադոնցն առաջարկում է փոխել տնտեսության կառուցվածքը, քանի որ Հայաստանում այն հիմնված է հիմնականում շինարարության, ռելոկանտների հոսքերի, ծառայությունների, արտաքին պարտքի ավելացման վրա։ Ընդ որում, արտաքին պարտքը դարձյալ ուղղվում է ոչ թե արտադրության ճյուղերի զարգացմանը, այլ շինարարության ոլորտին։
Տնտեսագետը նկատում է, որ ՀՀ–ում այսօր փաստացի կա արդեն 3 գերատեսչություն, որոնք պետք է զբաղվեն արդյունաբերությամբ (Էկոնոմիկայի, ԲՏԱ և ԱԳՄԱ նախարարությունները), բայց չկա արդյունաբերություն։
«Մենք փաստացի չունենք արդյունաբերություն, բացի վերամշակող արդյունաբերությունից, արդյունաբերական որևէ ապրանք չենք արտադրում ու արտահանում։ Ես չեմ խոսում մեքենաշինական և այլ բարդ արտարությունների մասին։ Ես ասում եմ պարզ սպառողական նշանակության ապրանքների մասին, թեկուզ` տեքստիլ արդյունաբերության, քիմիական թելերի արտադրության մասին և այլն։ Մեզ պետք են արդյունաբերական գոտիներ, որտեղ ձեռնարկությունները կսկսեն աշխատել, և մեզ պետք են շուկաներ, որտեղ այդ ապրանքը կարտահանվի։ Այս իրավիճակում զարգացնել նոր ոլորտներ հնարավոր է, բայց շատ բարդ է։ Դրա համար լուրջ տնտեսական քաղաքականություն, լուրջ ծրագիր է պետք»,– ասում է տնտեսագետը։
Չեմ ուզում, որ խուճապ լինի, դրա համար շատ զգույշ եմ խոսում
ՀՀ տնտեսությանը սպառնացող հաջորդ մեծ խնդիրը, որը կարող է գնաճային շատ ավելի լուրջ հետևանքներ առաջացնել, Կարեն Ադոնցի դիտարկմամբ` ՌԴ–ից ստացվող գազի գնի հնարավոր թանկացումն է։
«Ոչ ոք դեռ չգիտի, թե ինչ գին կարող է ունենալ գազը։ Հայաստանն այսօր 1000 խմ–ի դիմաց վճարում է 177.5 դոլար, բայց գազի համաշխարհային գինն արդեն 1000 դոլարից անցնում է։ Մենք տարեկան 3 մլրդ խմ գազ ենք ծախսում, որի արժեքը տարեկան 525 մլն դոլար է։ Հիմա, պատկերացրե՛ք` գազի գինը 3 անգամ թանկանա, դա լրացուցիչ 1 մլրդ դոլարի հավելյալ ծախս է։ Այսօր մեր բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար մենք տարեկան մոտ 1.5 մլրդ պարտ ենք վերցնում։ Հիմա այս 1 մլրդ–ը մենք որտեղի՞ց ենք վերցնելու, ոնց ենք բաշխելու այդ ծախսը սպառողների, արտադրողների վրա, ի՞նչ ազդեցություն է դա ունենալու մեր տնտեսության, սոցիալական վիճակի վրա»,– ասում է տնտեսագետը։
Հիշեցնենք` Գնաճի կանխատեսման համատեքստում կենտրոնական բանկի մասնագետները դիտարկել են, որ գազի գնի թանկացումը հաշվարկային 10 տոկոսով կհանգեցնի 0.8 տոկոս գնաճի, որից 0.6 տոկոսը սպառողական գների ինդեքսն է, 0.1–0.2 տոկոսը հարակից ճյուղերի, արտադրության ինքնարժեքի վրա ազդեցությունը։
Միչդեռ ԵԱՏՄ զեկույցում գազի գնի թանկացման հնարավոր սցենարը գնահատվել է 69 տոկոսի չափով, իսկ դրա հնարավոր հետևանքը ՀՀ տնտեսության վրա` ՀՆԱ–ի 15,6%–ի չափով։
Կարեն Ադոնցի գնահատմամբ` Հայաստանի ՀՆԱ–ի 15 տոկոսանոց անկումը մեր երկրի համար հսկայական ցուցանիշ է, իսկ գազի թանկացումը, շղթայական թանկացումներ է առաջացնելու նաև տնտեսության մյուս բոլոր ճյուղերի, արտադրական ծախսերի, էլեկտրաէներգիայի գնի վրա։ Եվ այս հնարավոր ազդեցությունը դեռ հաշվարկված չէ, ու մասնագետի կարծիքով, հնարավոր էլ չէ հաշվարկել, քանի որ դեռ հայտնի էլ չէ հնարավոր թանկացման իրական չափը։
«Ես չեմ ուզում, որ պանիկա լինի, դրա համար շատ զգույշ եմ խոսում դրա մասին։ Բայց այս պահին շատ ավելի կարևոր են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, գազի հետ կապված պայմանագրերը և այլն, որովհետև դրանք էապես կարող են փոխել իրավիճակը։ Սա լրջագույն հարց է։ Մենք պետք է փորձենք կարգավորել հարաբերությունները, հասկանալ շահերը և գալ կոմպրոմիսի, որպեսզի նման իրավիճակ չստեղծվի»,– ասում է Ադոնցը։
Հիշեցնենք՝ ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։
Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։