Կոմունալ ծառայությունների կեղծ աշխատակիցներ. ԿԲ–ն զգուշացնում է նոր զեղծարարության մասին

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
ՀՀ կենտրոնական բանկը կոչ է անում կասկածելի իրավիճակի կամ հնարավոր զեղծարարության դեպքում անհապաղ կապ հաստատել համապատասխան բանկի հետ՝ արգելափակելու բանկային հավելվածները կամ բանկային հաշիվներով գործարքները, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկն ահազանգում է խարդախության նոր սխեմայի մասին. զեղծարարները, ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, կապ են հաստատում քաղաքացիների հետ, այնուհետև նրանց մոլորեցնելով հասանելիություն են ստանում նրանց անձնական տվյալներին։ Այս մասին հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զեղծարարներն այցելում են մարդկանց բնակարաններ և անմիջական շփման ընթացքում ստանալով մարդկանց անձնական տվյալներին հասանելիություն, ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների բջջային հավելվածներում իրականացնում են քաղաքացիների գրանցում, նույնականացում և ինքնության հեռավար ստուգում (այդ թվում՝ դեմքի նկարահանման միջոցով):
«Արդյունքում՝ առանց քաղաքացիների գիտության ու համաձայնության՝ նրանց անձնական տվյալների օգտագործմամբ տարբեր բանկերում բացվում են օգտահաշիվներ և բանկային հաշիվներ, ինչպես նաև հեռավար եղանակով ձևակերպվում են սպառողական վարկեր՝ քաղաքացիների համար առաջացնելով չնախատեսված ֆինանսական պարտավորություններ, իսկ ստացված վարկային միջոցներն անմիջապես փոխանցվում են երրորդ անձանց բանկային հաշիվներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին.
ցուցաբերել առավելագույն զգոնություն և ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու նպատակով առնվազն տուգել իրենց այցելած «աշխատակիցների» ինքնությունը։
պահանջել այդ ընկերության աշխատակից լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր կամ կապ հաստատել տվյալ ընկերության հետ՝ օգտվելով ընկերության պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներից։
չտրամադրել փաստաթղթեր (ներառյալ՝ անձը հաստատող), անձնական և բանկային տվյալներ, գաղտնաբառեր կամ SMS-ով ստացված մեկանգամյա հաստատման կոդեր (OTP)։
«Թույլ մի՛ տվեք այլ անձանց Ձեր տվյալներով գրանցումներ անել. մի՛ թույլատրեք, որ այլ անձինք Ձեզ անծանոթ/անհասկանալի և ոչ հասանելի հարթակներում (հատկապես Ձեզ չպատկանող սարքավորումներով) օգտագործեն Ձեր անձնական տվյալները, լուսանկարեն/տեսանկարահանեն Ձեր դեմքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԿԲ–ն կոչ է անում կասկածելի իրավիճակի կամ հնարավոր զեղծարարության դեպքում անհապաղ կապ հաստատել համապատասխան բանկի հետ՝ արգելափակելու բանկային հավելվածները կամ բանկային հաշիվներով գործարքները, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, որ վերջին տարում Հայաստանում հաճախակի են դարձել հեռախոսով և համացանցով (այդ թվում՝ մեսենջերներով) իրականացվող ֆինանսական խարդախության դեպքերը, երբ տարբեր պատրվակներով չարագործները փորձում են օգտատերերից կորզել նրանց ֆինանսական տվյալները (քարտի կամ ֆինանսական հավելվածի անձնական էջի տվյալները)։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել օգտատերերին, որ անծանոթներին չհայտնեն իրենց տվյալները՝ նշելով, որ եթե քաղաքացիներն անզգուշությամբ իրենք են տվյալներ փոխանցում խարդախներին, ապա բանկը չի կարող փոխհատուցել նրանց կորցրած գումարները (դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտահոսքը եղել է բանկի մեղքով)։