ՀՀ–ում դասավանդող ռուսալեզու ուսուցիչների համար նախատեսված դպրոցը եզակի նախագիծ է. Ալիմովա
18:36 28.10.2026 (Թարմացված է: 18:37 28.10.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
«Վարպետության դպրոցի» ձևաչափը ենթադրում է գիտելիքների փոխանակում և ինչպես հոգևոր, այնպես էլ մասնագիտական առումով փոխադարձ հարստացում, այլապես տպավորություն է ստեղծվում, թե կողմերից մեկը բացառապես ուսուցանում է, իսկ մյուսը հանդես է գալիս միայն պասիվ ունկնդրի դերում:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Եթե Հայաստանում ռուսական բանասերների որակավորման բարձրացման դասընթացներն արդեն ավանդական են դարձել, ապա այս «վարպետության դպրոցը» եզակի նախագիծ է, քանի որ ուշադրությունը ռուսաց լեզվի հմտությունների կատարելագործումից տեղափոխվել է մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և այլ առարկաների ուսուցիչների վրա: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռուսաց լեզվի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարիա Ալիմովան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում մեկնարկել է «Հայաստանում ռուսերեն լեզվով առարկաներ դասավանդող ուսուցիչների վարպետության զարգացման դպրոցը»:
«Ռուսաստանում բարձրագույն կրթությամբ զբաղվող կազմակերպությունները, համալսարանները, ինստիտուտները, ակադեմիաները արտերկրում իրականացնում են բավական շատ կրթական նախագծեր, որոնց իրագործման համար անհրաժեշտ է ավելի քան 100 միլիոն ռուբլի։ Բայց այն նախագիծը, որ մենք այսօր տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, եզակի է, որովհետև մեր ուշադրության կենտրոնում առարկա դասավանդող ուսուցիչների հետ աշխատանքն է՝ նրանց, ովքեր օգտագործում են ռուսերենը որպես գործիք՝ առարկաների վերաբերյալ երեխաներին գիտելիք, այլ ոչ թե ռուսաց լեզվի իմացության մակարդակ տալու համար: Եվ եթե խոսենք այլ երկրների մասին, ապա նորից ընդգծեմ, որ ինչ-որ բան կրկնօրինակելը սխալ է, և հիմա այդպես չի արվում։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել երկրի առանձնահատկությունները», - նշեց Ալիմովան։
Նա նաև հավելեց, որ «վարպետության դպրոցի» ձևաչափը ենթադրում է գիտելիքների փոխանակում և ինչպես հոգևոր, այնպես էլ մասնագիտական առումով փոխադարձ հարստացում, այլապես տպավորություն է ստեղծվում, թե կողմերից մեկը բացառապես ուսուցանում է, իսկ մյուսը հանդես է գալիս միայն պասիվ ունկնդրի դերում:
Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան իր հերթին տեղեկացրեց, որ եռօրյա դասընթացներին կմասնակցեն 100-ից ավելի հայ ուսուցիչներ:

Այգուլ Շամսուտդինովա
© Sputnik
«Այստեղ՝ Երևանում, հավաքվել են ուսուցիչներ հանրապետության բոլոր մարզերից։ Ավելի քան 100 մասնագետ: Նրանք, ովքեր դասավանդում են մասնագիտական առարկաներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և այլն: Դա շատ կարևոր է, քանի որ նման բան Հայաստանում դեռ չի եղել», - ասաց Շամսուտդինովան։
Ասուլիսին մասնակցում էր նաև Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռուսաց լեզվի ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Վիկտորյա Կուրիլենկոն: Նրա խոսքով՝ աշակերտին ոչ մայրենի լեզվով դասավանդելը բարդ խնդիր է, որը կրկնակի ճանաչողական բեռ է ստեղծում դպրոցականի համար։ Դրությունը որոշ դեպքերում բարդանում է լեզվական սուղ միջավայրի պատճառով, եթե այն առնչվում է մաթեմատիկային կամ դպրոցական այլ առարկայի։
Ըստ այդմ, առարկա դասավանդող ուսուցիչը պետք է հնարավորինս հասկանալի ձևով ռուսերեն լեզվով գիտելիքները փոխանցի աշակերտներին:

Վիկտորյա Կուրիլենկո
© Sputnik
«Հայաստանում շատ ուժեղ է մեթոդական դպրոցը, և մենք դա հայտարարում ենք պատասխանատու կերպով, քանի որ սա «Ռուսական տան» հետ համագործակցությամբ և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեր առաջին նախագիծը չէ։ Այս նախագծում ցուցաբերված օգնությունը շատ զգալի էր։ Թիմի ընտրությունը կատարել ենք շատ մանրակրկիտ կերպով։ Մեր հրավիրած դասընթացավարներից մեկը, որը դպրոցի տնօրեն է, այս աշխատանքը ընկալում է ոչ միայն դպրոցական դասարանի տեսանկյունից, այլև ուսումնական գործընթացի կազմակերպման առումով», - ասաց մանկավարժական գիտությունների դոկտորը:
Նա վստահություն հայտնեց, որ հայ ուսուցիչների հետ մեթոդական հանդիպումները չեն սահմանափակվի ձանձրալի ու պաշտոնական դասախոսություններով, այլ կանցկացվեն ինտերակտիվ փոխգործակցության ձևաչափով, որտեղ բոլոր մանկավարժները կկարողանան ներկայացնել իրենց մասնագիտական ձեռքբերումները, բացել սեփական «մեթոդական գանձարանը» և գործընկերներին պատմել իրենց աշխատանքում կիրառվող նորարարական հնարքների մասին։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի մասնակիցները
© Sputnik
Ռուսաց լեզվով առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վարպետության զարգացման դպրոցը կտևի 3 օր: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: