Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի Մ21 առաջնությունում

© Photo : press office of MES of RA
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և երկրորդ մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացված մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարությունից նշում են, որ 67 կգ քաշային կարգում Զալյանը, տանելով 4 հաղթանակ և կրելով 1 պարտություն, իրավունք է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, որտեղ արդեն առավելության է հասել ուկրաինացի Իլլիա Հրինենկոյի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի Մ21 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև մարզիկներ Անիլ Շարիաթփանահին, Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Արսեն Կիրակոսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Հայկ Վարդանյանը, Արեն Աբգարյանը, Էրիկ Օհանյանը, Հակոբ Թադևոսյանը, Դանիել Մակյանը, Լևոն Շաիշյանը, Աշոտ Վարդանյանը, Սուրեն Քոսակյանը և Հովիկ Վարդանյանը:
ԿԳՄՍՆ–ից տեղեկացնում են, որ հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և երկրորդ մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ:

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի Մ21 առաջնությունում
© Photo : press office of MES of RA
Ի դեպ, Սարգիս Հովսեփյանը, Լեհաստանում հաջողությամբ հանձնելով մարզչական որակավորման քննությունը, ստացել է միջազգային կարգի մարզչի որակավորում:
Աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Հայաստանի կարատեի ազգային Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և գլխավոր քարտուղար Էդգար Մինասյանը մասնակցել են նաև Աշխարհի կարատեի ֆեդերացիայի կոնգրեսին: Էդգար Մինասյանը, հանձնելով մրցավարական որակավորման քննությունը, ստացել է WKF Kumite Judge A կարգի որակավորում։