Աշխատավարձային դիսբալանս և աղքատություն. ինչպես է աճում միջին աշխատավարձը

© Sputnik / Mikhail Chernyakhovsky
Բաժանորդագրվել
«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի վիճակագրական աճը` այն համադրելով բարեկեցության իրական պատկերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում աշխատատեղերի ավելացման հիմնական պատճառը տուրիստական և միգրացիոն հոսքերն են. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունն ու առկա իրողությունները։
Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեցին, որ Հայաստանում ռեկորդային թվով աշխատատեղեր են ստեղծվել։ Ըստ այդմ՝ օգոստոսին գրանցված աշխատատեղերի քանակը կազմել է 830 400-ից ավելի, ինչը նախարարի խոսքով՝ բոլոր ժամանակների պատմական ռեկորդ է, և 37 000-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
«Տուրիստական հոսքերի շնորհիվ ծառայություների ոլորտը բավական մեծ աճ է գրանցում։ Ամեն ամիս ՀՀ 120-150 հազար տուրիստ կամ եկվոր է այցելում, որոնք շուկայում գեներացնում են զգալի թվով գնումներ, ծառայությունների պատվերներ` հյուրանոցներում, սրճարան–ռեստորաններում, տաքսի ծառայություններում»,– նշում է Մակարյանը` հավելելով, որ պատվերների և ծառայությունների այս լուրջ պահանջարկը բավարարելու համար տնտեսվարողներն ավելացնում են աշխատողների թիվը, բացում են նոր աշխատատեղեր։
Վիճակագրության աճին նպաստող երկրորդ գործոնը, նրա մեկնաբանմամբ, աշխատանքային միգրանտներն են, որոնց թիվը ևս բավական մեծ է։
«Շատ հաճախ միգրանտները ավելի էժան աշխատուժ են, քան տեղացիները։ Միգրանտները, օրինակ, կարող են օրական 6-7 հազարով աշխատել շինարարությունում, իսկ տեղական աշխատուժը 10 հազարից պակաս գումարով չի աշխատում»,– նշում է Մակարյանը։
ԱԺ ամբիոնից հայտարարված մեկ այլ «ռեկորդային» ցուցանիշ էլ միջին ամսական աշխատավարձի չափն է։ Այն ՀՀ–ում կազմում է 332 600 դրամ, և դա, պատասխանատուների գնահատմամբ, դրական է ազդել մարդկանց կենսամակարդակի վրա։
Գագիկ Մակարյանի մեկնաբանմամբ, ՀՀ–ում գրանցված 830 400 աշխատողների մոտ 8 տոկոսն է, որ շատ բարձր աշխատավարձ է ստանում, բայց դա էապես ազդում է միջին աշխատավարձի հաշվարկի վրա։
«Դրանք հիմնականում ՏՏ ոլորտի աշխատողներն են, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում»,– ասում է Մակարյանը։
Միջին աշխատավարձի ցուցանիշի վրա ազդող հաջորդ գործոնը պետական համակարգի բարձր աշխատավարձերն են, ինչի մասին, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, պաշտոնյաները չեն սիրում խոսել։
«Բոլոր նախարարությունները, նախագահական ապարատը, տարբեր կոմիտեները, ուժային մարմինները, դտախազությունը, քննչական կոմիտեն, պատգամավորները, նրանց օգնականները, պետական տարբեր հիմնադրամները հիմնականում բարձր աշխատավարձ են ստանում։ Իհարկե, ոչ բոլորը, բայց ընդհանուր առմամբ 4-5 հազար մարդ, եթե ոչ 1 մլն դրամ, ապա 600-700 հազար աշխատավարձ են ստանում, ինչը միջինից կրկնակի ավելի է»,– ասում է Մակարյանը։
Երրորդ գործոնը, ըստ նրա, բանկային համակարգն է, որտեղ հատկապես ղեկավար անձնակազմը բավական բարձր աշխատավարձեր են ստանում։ Եվ սա ևս ազդում է ընդհանուր վիճակագրության պատկերի վրա։
«Ամենախեղճ վիճակում գտնվում են արտադրական ձեռնարկությունները` հրուշակեղենի, կարի, հագուստի, պահածոների և այլ ոլորտների աշխատակիցները, որտեղ աշխատավարձերը բավական ցածր են` առավելագույնը 120-150 հազար դրամ։ Պետական համակարգում էլ կան ցածր աշխատավարձ ստացողներ։ Օրինակ` կադաստրում, սպասարկման պատուհանների մոտ նստող օպերատորները 92 000 դրամ աշխատավարձ են ստանում, այն էլ` պարգևավճարներով։ Տեսչական մարմիններում են շատ ցածր ստանում, դրա համար այնտեղ պրոֆեսիոնալ, բանիմաց տեսուչները շատ քիչ են։ Այսինքն` աշխատավարձային դիսբալանսը միայն մասնավոր սեկտորում չէ»,– նշում է Մակարյանը` հավելելով, որ քաղաքացիների բարեկեցությունը դրա հետևանքով ևս ապաբալանսավորված է։
Բացի այդ նրա խոսքով` մեծ է դիսբալանսը նաև Երևանի ու երևանամերձ բնակավայրերի ու մնացած մարզերի միջև, քանի որ բարձր աշխատավարձերը կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաքում։ Իսկ մարզերի զարգացման ծրագրերը, Մակարյանի գնահատմամբ, ոչ միայն ռազմավարական չեն, այլև կառուցված չեն մարդկանց իրական կարիքների` աշխատատեղերի ստեղծման, դեմոգրաֆիական խնդիրների լուծման սկզբունքի վրա։
«Մարզերի բնակչությունը, որտեղից մեծ թվով միգրանտներ են մեկնում Ռուսաստան կամ այլ երկրներ` աշխատելու, հիմնականում գոյատևում են նրանց ուղարկած գումարներով։ Եթե ՀՀ միլիարդավոր դոլարների տրանսֆերտներ են գալիս Հայաստան, դրանց հասցեատերերը հիմնականում մարզերից են»,– ասում է Մակարյանը։
Այս ամենի ապացույցը, նրա բնորոշմամբ, աղքատության` տարիներով անփոփոխ մնացող ցուցանիշն է, չնայած 7-8 տոկոսանոց տնտեսական աճին։
Հավելենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 27%, 2021-ին՝ 26.5%։ Վերջին տվյալներով՝ 2024 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 21.7%, այն էլ այն պատճառով, որ փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունը։