ԹՐԻՓՓ–ն ու եվրաինտեգրումը անհամատեղելի են. փորձագետը խորհուրդ է տալիս դադար վերցնել
08:55 07.10.2026 (Թարմացված է: 09:25 07.10.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման ծրագրերը աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. TRIPP-ի հարցում Հայաստանը պետք է չշտապի և ռազմավարական պլանավորման տեսանկյունից առնվազն դադար վերցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
ԵՄ–ի Global Gates-ն ընդդեմ Թրամփի TRIPP-ի
«Այն զարգացումները, որոնք տեղի ունենում տարածաշրջանում և դրանից դուրս, հատկապես` Վաշինգտոն–Բրյուսել հարաբերություններում մեզ ցույց են տալիս, որ ԹՐԻՓՓ–ը և եվրաինտեգրումը անհամատեղելի ծրագրեր են»,– նշել է Դավթյանը։
Նրա մեկնաբանմամբ` ամերիկյան գլոբալ օրակարգն է հրաժարվել երբեմնի լիբերալ հեգեմոնի կարգավիճակից` անցում կատարելով դեպի կոշտ տնտեսական պրոտեկցիոնիզմի` աշխարհի ամենատարբեր անկյուններում, այդ թվում`Հարավային Կովկասում։ Իսկ ԵՄ–ը տասնամյակներ շարունակ իրականացնում է Եվրոպա-Կովկաս– Ասիա տրանսպորտային լոգիստիկ ծրագիրը, որի նպատակն է ելք ապահովել Կովկասի միջոցով դեպի ասիական դինամիկորեն աճող շուկաներ, այդ թվում` Չինաստան։
ԵՄ-ի այս նպատակը, Դավթյանի խոսքով, հատկապես ակտուալ դարձավ 2022 թ. փետրվարից հետո, երբ խզվեցին էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ։ Իսկ քանի որ 2027 թվականի հունվարի 1–ից Եվրոպան ամբողջությամբ դադարեցնում է բնական գազի ներկրումը Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից, մասնավորապես` Ղազախստանից և Թուրքմենստանից գազ ներկրումը Եմ–ի համար դառնում է գերխնդիր։
«Այս ֆոնին մեծ լիցք է հաղորդվում Գլոբալ դարպասներ (Global Gates) նախաձեռնությանը, որի ներքո, ի դեպ, Հայաստանին արդեն խոստացել են մոտ 2.5 մլրդ եվրո` ներքին տրանսպորտային ցանցը վերակառուցելու և ԵՄ նորմերին համապատասխանեցնելու համար։ Այսինքն` ստեղծվում է մի այնպիսի ռազմավարություն, որի ներքո Կովկասը և այդ թվում` Հայաստանը` որպես պոտենցիալ խաղացող, դիտարկվում է որպես կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև»,– նշում է փորձագետը` հավելելով, որ ԱՄՆ նախագահը` իր ԹՐԻՓՓ–ով, փաստորեն խառնում է եվրոպացիների խաղաքարտերը` ԵՄ–ի նախագծած Եվրոպա–Կովկաս– Ասիա մեգալոգիստիկայի մեջ իր ներկայությամբ։
«Մի կողմից սա կարող ուղղված լինել Իրանի դեմ, և Իրանը համապատասխան կերպով արձագանքում է։ Մյուս կողմից ուղղված է ՌԴ–ի դեմ, քանի որ նվազեցնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներում` հարված հասցնելով նախ և առաջ Հյուսիս–հարավ տրանսպորտային մեգածրագրին։ Եվ վերջ ի վերջո սահմանում է ԱՄՆ–ի կողմից Հարավային Կովկասում մի այնպիսի վերահսկողություն, որը, իմ խորին համոզմամբ, էապես սահմանափակում է ԵՄ–ի ինքնուրույնությունը ասիական շուկաների հետ երկխոսություն վարելիս»,– մեկնաբանում է Դավթյանը` միաժամանակ հիշեցնելով, որ Թրամփը նաև սեփական շահերն ունի եվրոպական էներգետիկ շուկայում։ Այս պահին ԵՄ–ի շուկայում բնական գազի 21–22 %–ն ունի ամերիկյան ծագում, իսկ հեղուկ գազինը` 60 %։ 2028թ–ի համար ԱՄՆ–ը նպատակ է սահմանել 80 %–ը։
Եվրոպացիները, սակայն, Դավթյանի մեկնաբանմամբ, դժգոհ են ամերիկյան գազի բարձր գնից, և ստիպված են այլ ուղիներ փնտրել՝ սեփական տնտեսությունը քիչ թե շատ անվտանգ տիրույթում պահպանելու համար։
ԱՄՆ–ԵՄ այս մրցակցությունը, մեր զրուցակցի համոզմամբ, դրսևորվելու է նաև Հարավային Կովկասում և հենց ԹՐԻՓՓ–ի տեսքով, ինչից էլ, նրա կարծիքով, պետք է զգուշանա եվրաինտեգրման ուղին բռնած Հայաստանը։
Հայաստանի տնտեսական օգուտը միֆ է
Ինչ վերաբերում է Թրամփի տրանսպորտային նախագծից Հայաստանի տնտեսական օգուտի մասին հայտարարություններին, Վահե Դավթյանը դրանք «տեղեկատվական միֆ» է որակում։
«Ասվում է, որ ԹՐԻՓՓ–ով կարող է փոխադրվել տարեկան մինչև 15 մլն տոննա բեռ։ Հասկանալու համար, թե այս թիվը ինչպես է ստացվել, համեմատենք նմանատիպ այլ նախագծերի հետ։ Օրինակ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը տարեկան 6 մլն տոննա է, բայց 2025 թ.–ին դրանով փոխադրվել է ընդամենը 0.5 մլն տոննա։ Սա շատ կարևոր ցուցիչ է գնահատելու համար տարածաշրջանային, այդ թվում նաև Ադրբեջան-Թուրքիա առևտրաշրջանառությունը ցամաքային, երկաթուղային ճանապարհով։ Այս ցուցանիշները հաշվի առնելով` առնվազն գալիս եմ այն եզրակացության, որ այդ 15 մլն տոննան, որի մասին խոսում են կողմերը, խիստ ուռճացված է և ավելի շատ պրոպագանդիստական բնույթ է կրում»,– նշում է փորձագետը։
Նրա հաշվարկով՝ Հայաստանի օգուտը նախագծիչ իրատեսական կլինի հայտարարված թվի լավագույն դեպքում կեսի չափով, այն էլ միայն այն դեպքում, եթե համալիր ապաշրջափակման ծրագրում միաժամանակ վերաբացվեն Գյումրի-Կարս և Իջևան-Ղազախ երկաթուղիները։
Բայց քանի որ ներկա պահին խոսվում է միայն 43 կմ–անոց ճանապարհահատվածի մասին, Վահե Դավթյանի տպավորությամբ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման ամբողջ օրակարգը դրանով կենտրոնացվում է ընդամենը ԹՐԻՓՓ–ի մեջ` փաստացի հիմքեր ստեղծելով, որ Հայաստանի ներկայիս կիսաշրջափակված կարգավիճակը ամրապնդվի վերջնականապես։