Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029–ը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
18:00 04.10.2026 (Թարմացված է: 18:24 04.10.2026)

Հայաստանի և ԵՄ–ի դրոշները
© European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges Meurant
Բաժանորդագրվել
2026 թվականի մայիսին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ամենաուշը երկու տարուց կլինի ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացում, սակայն ընտրություններից հետո սկսեցին խոսել այլ ժամկետի՝ 2029 թվականի մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է հետաձգվել Եվրամիության հետ վիզաների ազատականացման ժամկետը, որի մասին նախընտրական շրջանում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ 2026 թ․ մայիսին նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզի Մարալիկ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ամենաուշը երկու տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ»։
Չնայած դրան, խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2026 թվականի օգոստոսին, Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը մտադիր են հասնել 2029 թվականի ընթացքում։
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ խնդրել էր վարչապետի աշխատակազմին բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ ընտրություններից 3 ամիս անց վիզաների ազատականացման ժամկեները ոչ միայն չի կրճատվել, այլ հակառակը՝ երկարաձգվել է 0,5-1,5 տարի։
Կառավարությունից ուշացումով պատասխանել են, որ ՀՀ-ն այս պահին միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցի շուրջ։
Կառավարությունից ուշացումով պատասխանել են, որ ՀՀ-ն այս պահին միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցի շուրջ։
«2029 թվականը ՀՀ կառավարության կողմից ստանձնած քաղաքական հանձնառությունն է և մեզ համար սահմանված վերջնաժամկետը։ Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի ներկայացման փուլում 2029 թվականին ամբողջ ծավալով կատարումը գնահատվել է իրատեսական», - նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Նաև նշվում է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է գնահատումներ և վերագնահատումներ իրականացնել տարբեր միջոցառումների կատարման տեմպի հարցում, քանի որ դրանք բազմաշերտ են և բազմոլորտ։ Ժամկետային ակնկալիքներին մեծապես օգնում են նաև ԵՄ գնահատման առաքելությունները, որոնց այցերը ՀՀ շարունակական են լինելու։
«Մեր նպատակն է ոչ միայն պահպանել այդ ժամկետը, այլև հնարավորության դեպքում անհրաժեշտ գործողություններն իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում՝ ՀՀ քաղաքացիներին տալով ազատ վիզային ռեժիմով Եվրոպական Միություն մեկնելու հնարավորություն»,–նշված է պատասխանում։
Հիշեցնենք` Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկեց 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականին Եվրոպական հանձնաժողովը Երևանին փոխանցեց ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են 4 հիմնական ուղղությունների՝ փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան, հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացում նշանակալի առաջընթացի մասին։