Խաղողի մթերման գինը, ծախսերն ու Ռուսաստանի շուկան․ ի՞նչ են ասում Արարատի գյուղացիները

© Sputnik
Բաժանորդագրվել
Խաղողի մթերման հիմնական եռուզեռը գործարանների ներսում է. այստեղ մեքենա առ մեքենա ստուգվում է խաղողի ծավալն ու քաղցրությունը, ապա հատիկներն առանձնացնում են ճութերից և սկսում մշակումը։
Արարատի մարզում խաղողի ակտիվ բերքահավաք է, սակայն գյուղացիներից շատերի համար խնդրահարույց են ցածր բերքատվությունը, բարձր ինքնարժեքը, աշխատուժի պակասը, սեզոնային վարկերը, մթերման գինը և գործարաններից գումարների ուշացումը։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Փոքր Վեդիի գյուղացիներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ շուրջ մեկ հեկտար խաղողի այգի ունի, մինչև գործարան հասցնելը խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքը մոտ 110–120 դրամ է կազմում, և եթե գործարանը խաղողն ընդունում է 150 դրամով, ստացված շահույթն ընդամենը 30 դրամ է լինում։
Ըստ Արարատի մարզի բնակչի` խնդիր է նաև աշխատուժը։ Գյուղացիներն այսօր դժվարությամբ են բանվոր գտնում, իսկ բերքահավաքի շրջանում աշխատուժի վարձավճարը բարձրանում է։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
«Հայ աշխատողներն օրական մոտ 8000–9000 դրամ վճար են պահանջում, դրան կարող է ավելանալ նաև բրիգադիրի մոտ 10 հազար դրամ գումարը և մեքենայի համար ևս մոտ 30 հազար դրամ վճարը։ Խաղողի քաղի աշխատանքներում ներգրավվում են նաև հնդիկ աշխատողներ, որոնց ծախսերը նույնպես զգալի բարձր են․ մեկ աշխատողի համար 8000 դրամ ենք տալիս, ևս 1000 դրամ՝ միջնորդ կազմակերպությանը»,– ասաց Փոքր Վեդիի բնակիչ Կարոն։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Գյուղացիների խոսքով՝ հնդիկ աշխատողների դեպքում խնդիրն այն է, որ նրանք հաճախ առաջին անգամ են աշխատում խաղողի այգիներում և չեն տիրապետում բերքահավաքի առանձնահատկություններին։
Այս ամենի հետևանքով բերքահավաքի ծախսերը կարող են հասնել հարյուր հազարավոր դրամների։ Գյուղացիներից մեկը հաշվարկել է, որ երկու մեքենա խաղողի բերքի համար արդեն մոտ 440 հազար դրամ է վճարել։ Սրան գումարվել է նաև բերքի պակասը։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Միայն բերքահավաքի համար մեկ հեկտարի հաշվով, նրա խոսքով, ծախսվել է մոտ 720 հազար դրամ, որին գումարվել են նաև թունաքիմիկատների, դեղերի, տրակտորի, տեխնիկայի և այլ աշխատանքների ծախսերը։ Ասում է` սեզոնի ընթացքում այգիները մոտ 5–6 անգամ սրսկում է։ Մեկ բուժումն արժենում է մոտ 50 հազար դրամ։

Խաղողի այգի Արարատի մարզում
© Sputnik
Ասում են` գարնանը մի քանի անգամ տեղացած կարկուտն ազդել է բերքի ծավալների վրա։ Գյուղացիներից մեկը պատմում է, որ նախկինում մեկ հեկտարից ստանում էր մոտ 25–30 տոննա խաղող, մինչդեռ այս տարի նույն տարածքից ստացել է մոտ 15 տոննա բերք։ Արդյունքում այս տարվա նրա վնասը կազմել է մոտ 1,5–2 մլն դրամ։

Խաղող
© Sputnik
Հակակարկտային կայանների աշխատանքը Փոքր Վեդիի բնակիչ Հրանտը բավարար չի համարում։ Նրա խոսքով՝ սահմանամերձ տարածքներում համակարգի արդյունավետությունը սահմանափակ է. անհրաժեշտ է կայանների ավելի խիտ տեղադրում։ Հրանտն առաջարկում է դրանք տեղադրել մոտ 500 մետր շառավղով։
Գյուղացիները հիմնականում խուսափում են ապահովագրությունից, քանի որ բնության պատճառած վնասը շատ ավելին է լինում, քան ապահովագրության տված գումարը։
«Եթե ամբողջ տարվա ընթացքում անբարենպաստ եղանակի պատճառով վնասը հասնում է 7–8 մլն դրամի, ապա 100–200 հազար դրամի փոխհատուցումը ոչ մի հարց չի լուծում»,– նշեց Հրանտը։

Խաղողի բերք Արարատի մարզում
© Sputnik
Արարատի մարզի Այգավան համայնքի խաղողագործները մեկ այլ խնդիր են բարձրացնում. գործարանը պահանջում է կոնկրետ սորտի խաղող, գյուղացին այգին հիմնում է, սակայն այն բերք կարող է տալ միայն մի քանի տարի անց, մինչդեռ այդ ընթացքում շուկայի պահանջարկը կարող է փոխվել։
«Երկու տարի առաջ որոշ սորտերի նկատմամբ մեծ պահանջարկ կար։ Դրանք տնկեցինք, իսկ այժմ նույն բերքի նկատմամբ պահանջարկը նվազել է։ Արդյունքում չմթերվող խաղողը կա՛մ տնական օղի քաշելու համար ենք օգտագործում, կա՛մ անհատ գնորդների վաճառում»,– ասաց համայնքի բնակիչ Մարատը։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Լուսառատ համայնքի բնակիչներից մեկն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ունի 1,7 հեկտար խաղողի այգի և շուրջ 15 տարի զբաղվում է խաղողագործությամբ։ Հիմնականում աճեցնում է կոնյակի և գինու արտադրության համար նախատեսված տեխնիկական սորտեր, այդ թվում՝ «Կանգուն» և «Ռքածիթելի» (հայ խաղողագործների շրջանում առավել հայտնի է որպես «Արկածաթել»)։
Նրա խոսքով՝ սորտերի ընտրությունն ամբողջությամբ գյուղացու ազատ որոշումը չէ․ գործարանների պահանջն էական դեր ունի։ Ըստ խաղողագործի` նախկինում այգիներում սորտերը խառն են աճեցրել, սակայն աստիճանաբար դրանք փոխարինվել են այն սորտերով, որոնք պահանջում են մթերող գործարանները։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Խաղողը նա հիմնականում հանձնում է Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում։ Ասում է` տարիներ շարունակ նույն գործարանի հետ է աշխատել, իսկ պայմանագրից ավելացած բերքը երբեմն այլ գործարաններ է տարել։
«Մթերման հնարավորությունները սահմանափակ են։ Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը, օրինակ, հիմնականում աշխատում է կոնկրետ տնտեսությունների և մեծ այգիներ ունեցող արտադրողների հետ, ինչի պատճառով փոքր հողատարածք ունեցող գյուղացիների համար հասանելիությունը սահմանափակ է»,– ընդգծեց նա։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Այս տարվա բերքը, ըստ Լուսառատի բնակչի, նախորդ տարվա համեմատ մոտ 10–20 տոկոսով պակաս է։ Ավելի մեծ խնդիր է հակակարկտային պաշտպանության հարցը։ Գյուղացին ասում է՝ համակարգը գործում է, սակայն սեփական այգու համար հակակարկտային ցանցեր տեղադրելու ֆինանսական հնարավորություն չունի։ Պետական աջակցության ծրագրերից չի օգտվել, վարկ էլ չունի։ Նրա այգիներում այս պահին աշխատում է 18 մարդ, իսկ օրական կարողանում է մոտ մեկ մեքենա խաղող հավաքել ու հանձնել գործարան։
Խաղողի մթերման կետերում մեկ այլ պատկեր է. խաղողով լեփ–լեցուն բեռնատարների շարքը երբեմն հասնում է հարակից գյուղ։ Դեռ նախորդ օրվանից հերթի մեջ սպասող գյուղացիներից մեկը պատմեց, որ սովորաբար միանգամից գործարան են թողնում 4–5 մեքենա, որոնց բեռնաթափումը տևում է մոտ կես ժամ։ Երեկոյան ժամերին կարող է կուտակվել 20–30 մեքենա։

Խաղողով բեռնված մեքենաներ Արարատի մարզում
© Sputnik
Այս տարվա մթերման մեկնարկը, ըստ նրա, եղել է սեպտեմբերի 22–ին, և գործընթացը նախատեսվում է շարունակել մինչև հոկտեմբերի կեսերը։
Գյուղացին նշեց, որ իրենց պայմանագրերում նախապես ամրագրվում է մթերման գինը և արդեն մթերման ընթացքում գործարանը գինը չի փոխում` խուսափելով ավելորդ վեճերից ու տարաձայնություններից։
Խաղողի մթերման հիմնական եռուզեռը գործարանների ներսում է. այստեղ մեքենա առ մեքենա ստուգվում է խաղողի ծավալն ու քաղցրությունը, ապա հատիկներն առանձնացնում ճութերից և սկսում մշակումը։
Ո՞ր ընկերություններն են աշխատում գյուղացիների հետ
«Վեդի Ալկո» ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նախապես կնքված պայմանագրերով նախատեսել է մոտ 30 հազար տոննա խաղողի մթերում։

«Վեդի Ալկո» ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Աղաջանյան
© Sputnik
Հիմնական մատակարարները Արարատի մարզից են, սակայն գործարանը խաղող ընդունում է նաև հանրապետության այլ տարածքներից։ Նրա խոսքով՝ մթերման համար գործարանը բաց է մինչև հոկտեմբերի վերջ և նախատեսում է ընդունել բերքը մինչև վերջին խմբաքանակը։
Սահմանամերձ շրջաններից խաղողն այս պահին ընկերությունն ընդունում է կիլոգրամը 140, իսկ այլ վայրերից՝ 130 դրամով։
Ըստ նրա` այս տարվա իրենց հիմնական խնդիրը խաղողով բեռնված մեքենաների հերթերի կազմակերպումն է, որը նախորդ տարվա համեմատ այնքան էլ լավ չի ստացվել։ Փորձ է արվել գործընթացը կազմակերպել համայնքապետարանների միջոցով, սակայն այդ մեխանիզմը լիարժեք չի աշխատել։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Մթերումից հետո ստացված մնացորդները գործարանը որպես անասնակեր տալիս է գյուղացիներին, իսկ ճութերն օգտագործում որպես պարարտանյութ։
«Վեդի Ալկո»–ի ներկայացուցիչը խոստովանում է` ռուսաստանյան շուկայի կրճատումը լուրջ ազդեցություն է ունեցել իրենց արտահանումների վրա. ընկերության շշալցված արտադրանքի արտահանումը զգալիորեն նվազել է, սակայն չշշալցված` մեծածավալ արտադրանքի արտահանումը դեպի Ռուսաստան դեռ շարունակվում է։
«Նախկինում մենք մեծ ծավալներ ենք ունեցել հատկապես ռուսաստանյան շուկայում։ Ռուսաստանի շուկայի կշիռն այնքան մեծ է եղել, որ դրա փոփոխությունը էական ազդեցություն է ունեցել ընկերության ընդհանուր արտահանման վրա։ Հիմա փորձում ենք աշխատել նաև այլ ուղղություններով՝ Եվրոպական միություն, ԱՄՆ, Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան, սակայն այդ շուկաների ընդհանուր ծավալը միասին անգամ համեմատելի չէ ռուսաստանյան շուկայի նախկին ծավալի հետ»,– ընդգծեց Աղաջանյանը։

Խաղողի բերք Արարատի մարզում
© Sputnik
Միաժամանակ նա նշեց, որ արտահանման խնդիրներն այս տարի մթերման ծավալների վրա չեն անդրադարձել, ընդհակառակը՝ նախորդ տարվա համեմատ մթերման ծավալն այս տարի ավելի մեծ է սպասվում։
«Անցած տարի մթերման ծավալը մոտ 30 հազար տոննա է եղել։ Այս տարի մենք նաև լրացուցիչ տարածքներ ենք վարձակալել բերքահավաքի աշխատանքները կազմակերպելու համար»,– տեղեկացրեց «Վեդի Ալկո»–ի ներկայացուցիչը։

«Վեդի Ալկո» ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Աղաջանյան
© Sputnik
Նրա խոսքով` իրենց համար շուտով լրացուցիչ բարդություն կլինի այն, որ ստիպված են լինելու կոնյակի փոխարեն գրել հայկական բրենդի, իսկ դա կարող է շուկայում իրենց ապրանքի տեսանելիության և ճանաչողության վրա ազդել։
Արարատի մարզպետարանից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց մարզում տնկվել է մոտ 4700 հա խաղողի այգի։ Եթե 2025 թվականին մարզում մթերվել է մոտ 101 000 տոննա խաղող (այլ մարզերից բերածը ներառյալ), ապա այս տարի ակնկալվում է` կմթերվի 80–85 հազար տոննա խաղող։

Խաղողի բերքահավաք Արարատի մարզում
© Sputnik
Մարզում խաղողի մթերմամբ զբաղվում են հետևյալ գործարանները` «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ–ի Այգավան մասնաճյուղը, «Երևանի Արարատ գինու, կոնյակի, օղու կոմբինատի» Մասիսի մասնաճյուղը, «Վեդի Ալկո» ՓԲԸ–ի Գինեվետի մասնաճյուղը, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ի Մրգավանի մասնաճյուղը, Ոստանի գինու գործարանը, «Արտաշատ վինկոն» ՓԲԸ–ն, Ավշարի գինու գործարանը։

Խաղող
© Sputnik
