Որոշ մարդիկ օգտվո՞ւմ են իրավիճակից. ո՞րն է Հայաստանում բենզինի ռեկորդային գնաճի պատճառը
20:20 28.09.2026 (Թարմացված է: 20:29 28.09.2026)

© Unsplash / engin akyurt
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը ՀՀ հեղուկ վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ամենամեծ պատասխանատուն համարում է ՀՀ իշխանությանը, որը ոչ միայն չի զսպում հակամրցակցային պայմանավորվածությունները, այլև մասնակից է դրանց։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Նավթի միջազգային շուկայում գնային տատանումներ կան, բայց այն աստիճանի չեն, որ Հայաստանում այսքան էական նշանակություն ու ազդեցություն թողնեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով բենզինի շուկայում վերջին օրերին գրանցված նոր ռեկորդային գնաճը։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ի դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 600 դրամով, «Պրեմիումը»` 620, դիզվառելիքը` 710 դրամով։
«Միջազգային շուկաներում նավթի 1 բարելի գնի որոշակի փոփոխությունը բորսաներում 1 լիտր բենզինի կամ 1 լիտր դիզվառելիքի վրա շատ փոքր ազդեցություն է ունենում։ Առավելագույնը կարող ենք հաշվել, որ 20-30 դրամով կազդի։ Բայց եթե հիշենք, որ դիզելային վառելիքը մայիսին 450 դրամ էր, իսկ հիմա` 710, ապա Հայաստանում թանկացումը 250 դրամ է եղել` 10 անգամ ավելի։ Հետևաբար, միջազգային գների տարբերակը այսպիսի թանկացման պարագայում ուղղակի բացառում ենք»,– նկատում է Սարգսյանը։
Նա կարծոում է, որ մեր երկրում «որոշ մարդիկ ուղղակի օգտվել են իրավիճակից»։
Շուկայում ստեղծված իրավիճակի ամենամեծ պատասխանատուն, Նաիրի Սարգսյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունն է, որը ոչ միայն չի զսպում վառելիքի շուկայում հակամրցակցային պայմանավորվածությունները, այլև մասնակից է դրանց։
«Նմանատիպ շուկաներում, որտեղ գոյություն ունեն ընդամենը մի քանի ներկրողներ, համաձայնության գալը ամենահեշտն է։ Մենք նաև գիտենք, որ վառելիքի բիզնեսի մեջ ներգրավված են հայտնի իշխանամեձ անձինք, որոնք կարող են նաև իշխանության հետ գալ համաձայնության`սակագների բարձրացման վերաբերյալ։ Ամեն վաճառքից 20 %ը սահմանվում է որպես ԱԱՀ և գնում պետական բյուջե։ Սա երկկողմանի շահավետ գործարք է` հանցավոր համաձայնություն, որտեղ ներկրողը, վերավաճառողը շատ շահույթներ են կուտակում, կառավարությունը` հարկային մուտքեր ավելացնում։ Մանավանդ այս իրավիճակում, երբ որ ստանձնել է որոշակի սոցիալական պարտավորություններ ու բառիս բուն իմաստով չի կարողանում դրանց տակից դուրս գալ»,– ասում է Սարգսյանը։
Վառելիքի շուկայում ստեղծված անկառավարելի գնաճի պատճառներից մեկն էլ Նաիրի Սարգսյանը համարում է շուկայի ազատականացումը։ Նրա խոսքով` նախկինում, երբ բենզինն ու դիզվառելիքն ամբողջությամբ ձեռք էին բերվում Ռուսաստանից, այդ երկրի ներքին սպառման գներով, հայաստանյան շուկայում գների նման կտրուկ տատանումները գրեթե բացառված էին։ Այսօր, երբ ազատականացման անվան տակ ներկրումներն իրականացվում են տարբեր երկրներից և թանկ գներով, վերավաճառքը ևս Հայաստանում մատչելի լինել չի կարող։
«Չի կարող Ադրբեջանի միջոցով ներկրված վառելիքը լինել ավելի էժան կամ շուկայի գների վրա ունենալ դրական ազդեցություն մի պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը չունի բավականաչափ վառելիք նույնիսկ իր ներքին սպառման պահանջարկը բավարարելու համար։ Հետևաբար, ռուսական վառելիքը, որը գալիս է Ադրբեջանով, ունենում է նաև միջնորդավճար, այսինքն՝ շահույթի որոշակի մարժա, ինչը չի կարող նախնական ձեռքբերման վրա բացասական ազդեցություն չունենալ»,– ասում է տնտեսագետը` «ժամանակավոր միֆ» որակելով կառավարության ոչ վաղ անցյալի հավաստիացումները, թե ադրբեջանական բենզինը հայաստանյան շուկայում գների նվազման կբերի։
Հիշեցնենք`2026 թվականի սկզբին Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումներ են իրականացվել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարին հայտարարել էր, որ ավելի էժան ադրբեջանական բենզինի մատակարարումների ավելացումը կարող է նպաստել ներքին շուկայում գների կայունացման վրա։