44-օրյա պատերազմից 6 տարի անց մենք ավելի մոտ ենք պատերազմին, քան խաղաղությանը. քաղաքագետ
09:27 27.09.2026 (Թարմացված է: 09:32 27.09.2026)

© Photo : David Ghagramanyan
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանի գնահատմամբ` Ադրբեջանն այսօր Հայաստանի դեմ անում է նույնը, ինչ անում էր տարիներ շարունակ Արցախի դեմ` մինչև 2020թ–ը. նախապատրաստում է կեղծ փաստաթղթային փաթեթ, որը կլեգիտիմացնի հնարավոր նոր պատերազմը։
44-օրյա պատերազմից 6 տարի անց մենք շատ ավելի մոտ ենք պատերազմին, քան խաղաղությանը. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Ադրբեջանում խաղաղության կոնցեպտը, խաղաղության մոդելը այն է, ինչ մենք հիմա ունենք Արցախում, այսինքն` տարածք, որտեղ չկան հայեր, որտեղ գործում է Ադրբեջանի օրենսդրությունը, վարչատարածքային բաժանումը, տնտեսական, քաղաքական իշխանություն է իրականացվում, բայց առանց հայերի»,– նշում է քաղաքագետը` միաժամանակ հավելով, որ Ադրբեջանի այդ մոտեցումն անթաքույց ներկայացվում է այդ երկրում ամենաբարձր մակարդակով։
Որպես հիմնավորում Մաթևոսյանը հիշեցնում է Իլհամ Ալիևի հայտարարությունը, որտեղ նա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին կոչում է ռազմական հանցագործներ։ Նույն այդ համատեքստում են նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտնի այցը Գանձասար և դրան հետևած գնահատականները, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի կողմից հատուկ հանձնախմբի ձևավորումը, որն, ըստ պաշտոնական մեկնբանության, զբաղվելու է Հայաստանի տարածքում աղվանական մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ։
«44–օրյա պատերազմին էլ Ադրբեջանը տարիներ շարունակ նախապատրաստվում էր, այսպես ասած` փաստաթղթային փաթեթ ստեղծելով, որը, իրենց կարծիքով, կլեգիտիմացներ այդ պատերազմը մեր դեմ։ Հիմա նույնը Հայաստանի դեմ է կատարվում, և, անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ոնց է ինքը քաղաքացիներին մանիպուլացնում, Ադրբեջանը հիմա պատրաստվում է Հայաստանի հետ անել այն, ինչ արել է Արցախի Հանրապետության հետ 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո»,– ասում է Մաթևոսյանը։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ոչ միայն չի արձագանքում, այլև ցանկացած մեկին, որ փորձում է այդ մասին բարձրաձայնել, հակադարձում է «դուք պատերազմ եք հրահրում» թեզով։
Քաղաքագետը հիշեցնում է, որ երբ Արցախի բռնի հայաթափումից հետո 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներն իրենց սեղաններին դրեցին Արցախի Հանրապետության դրոշը, Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմաթիվ անգամ նրանց մեադրեց, թե` այդ դրոշը դրել եք, դրա համար Ադրբեջանում էլ Արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում։ Այսօր 9-րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներից շատերի սեղաններին Արցախի դրոշն այլևս չկա, բայց Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթից, այլև բացահայտ հայտարարում է, որ անցնում է դրա փաստաթղթային փաթեթի ձևավորման փուլին։ Դա, ըստ Մաթևոսյանի` հետագայում Հայաստանի դեմ հնարավոր է ռազմական գործողություններ իրականացնելու հիմք կարող է դառնալ։
«Իրենք Հայաստանի պետականությունը կասկածի տակ են դնում, ընդհանրապես հայերի տեղաբնիկ ժողովուրդ լինելը կասկածի տակ են դնում, ասում են` էստեղ հայեր չէին, Կովկասի, Աղվանքի ժողովուրդ էր ապրում, որին հայերը եկան և բնաջնջեցին։ Սրան պետք է պատասխանի ոչ թե Մատենադարանը, այլ Ազգային Ժողովը` հայտարարությամբ, պաշտպանության նախարարությունը` հայտարարությամբ ու գործողությունների ծրագրի մշակումով, Անվտանգության խորհուրդը և այլն, և էդպես շարունակ։ Բայց մեզանում, քանի որ իշխանությունները այլ տրամաբանություն են ընտրել, իրենք այլ մոտեցումներ ունեն էս ամեն ինչին»,– նկատում է քաղաքագետը։
Որպես Ադրբեջանին համարժեք պատասխան Բենիամին Մաթևոսյանը դիտարկում է նաև Հայաստանի ռազմավարական կամ բնական դաշնակից երկրների` Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը։
Ընդ որում, ըստ նրա, պարտադիր չէ, որ այդ զորավարժություններն անցնեն հենց հայ–ադրբեջանական սահմանին։ Շատ ավելի կարևոր է դրանց ենթատեքստում պոտենցիալ թշնամուն հղվող ուղերձը` եթե դուք ընտրել եք այդ ճանապարհը, մեր պատասխանը կարող է սա լինել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու զոհերի թիվը 3755։