2027 թ–ից ժառանգության իրավունքի մեջ որոշ փոփոխություններ կլինեն
© Sputnik
Բաժանորդագրվել
Փաստաբան Վերերոնիկա Ալեքսանյանը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում ներկայացրել է «Քաղաքացիական օրենսգրքում» կատարված փոփոխություններով նախատեսված «կողակցի սեփականության իրավունքի» վերաբերյալ նոր իրավակարգավորումները։
2027թ–ի հունվարի 1-ից զույգերից մեկի մահվան դեպքում երկրորդ ամուսինն այլևս ստիպված չի լինի զբաղել ժառանգության փաստաթղթային հարցերով, ժառանգություն բացելու կարիք էլ չի լինի։ Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում ասել է «Վ. Ալեքսանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը` մեկնաբանելով «Քաղաքացիական օրենսգրքում» կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա սկզբին։
«Քաղաքացիական օրենսգրքի» 201 հոդվածը լրացվել է 1.1 մասով, որով ամուսնական զույգերին հնարավորություն է ընձեռվել ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ գրանցել կողակցի սեփականության բացառիկ իրավունքը։ Դա կատարվում է ամուսինների համատեղ որոշմամբ և երկուստեք համաձայնությամբ։ Կարգավորումը նախատեսում է, որ ամուսիններից մեկի մահվան դեպքում գույքն ավտոմատ կերպով անցնում է մյուսին։ Այս գույքի նկատմամբ ժառանգության հարց չի ծագում, քանի դեռ ամուսիննեից մեկը ողջ է։
«Համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը ամուսնական զույգի դիմումի հիման վրա, երկուսի փոխադարձ համաձայնությամբ, պետք է վերագրանցվի որպես կողակցի բացառիկ սեփականության իրավունք։ Այդ իրավունքը գրանցելուց հետո, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է, այս դեպքում արդեն ժառանգությունը մեխանիկորեն է անցնում կնոջը կամ ամուսնուն, և որևէ մեկը ժաանգության համար չի դիմում նոտարական գրասենյակ։ Այսինքն` այս գույքը ժառանգության ընդհանուր կանոնից բացառություն է կազմում։ Իսկ ժառանգությունը բացվում է միայն երկրորդ ամուսնու մահից հետո»,– պարզաբանում է Վերոնիկա Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է ժառանգներին, փաստաբանը պարզաբանում է, որ նրանց ժառանգության իրավունքն այս փոփոխությամբ չի վերանում, այն ժամանակավորապես սառեցվում է։ Նրա խոսքով` օրենքի փոփոխության բուն նպատակը ամուսնական զույգի ապահով ծերութունն ապահովելն է։
Նշենք, որ գործող օրենքով` ամուսիններից մեկի մահվան դեպքում համատեղ գույքի նրա բաժինը ընդգրկվում է ժառանգության ընդհանուր զանգվածում և ենթակա է բաժանման մնացած ժառանգների` ծնողների և երեխաների միջև։ Փաստաբանը նշում է, որ ժառանգության գործընթացում քիչ չեն դեպքերը, երբ հայտնվում են նաև այլ ժառանգներ, որոնց մասին ընտանիքի անդամները տարիներ շարունակ նույնիսկ տեղյակ չեն եղել։ Օրինակ` արտաամուսնական կապերից ծնված զավակներ։
«Ենթադրենք` ամուսինն ունի ընտանիք, բայց ունի նաև արտաամուսնական կապերից ծնված երեխա, որի հայրությունը ճանաչել է, ապա այդ երեխան ևս հոր մահվան դեպքում համարվում է ժառանգ, և մյուս երեխաների հետ միասին հավասար բաժնով ժառանգություն ստանում»,– նշում է Ալեքսանյանը։
Իր փաստաբանական փորձից ելնելով` մեր զրուցակիցն ասում է, որ նման դեպքերը մեր երկրում բավական շատ են։
«Ցավոք, այդ ժառանգի գոյության մասին ընտանիքն իմանում է միայն հոր մահից հետո` ժառանգության բացման ժամանակ»,– նկատում է փաստաբանը։
Ի դեպ, օրենքն այս դեպքում ունի հետադարձ ուժ, այսինքն` կարող է տարածվել մինչև 2027թ–ը ձեռք բերված անշարժ գույքի իրավունքի վրա։
2027թ–ի հունվարի 1-ից սկսած ամուսնական զույգերը, որոնց ամուսնության փաստը արձանագրված է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ԶԱԳՍ) վկայականով, կարող են դիմում նեկայացնել նոտարական գրասենյակ` իրենց համատեղ գույքի նկատմամբ կողակցի սեփականության բացառիկ իրավունը ճանաչելու համար։ Պարտադիր պայման է նաև, որ գույքը պետք է ձեռք բերված լինի համատեղ կյանքի ընթացքում։