Հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» քինախնդրության դրսևորում է. Մայր աթոռ
18:46 24.09.2026 (Թարմացված է: 19:14 24.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Մայր աթոռն ընդգծել է` եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման և բարեկարգության գործընթացները կարող են իրականացվել միայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մասին «զեկույցը» քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության դրսևորում է։ Այս մասին ասված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել է հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։
«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության»,– ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Մայր աթոռը հիշեցրել է 2026 թվականի փետրվարի 17-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի դիրքորոշումը։ Դրանով իշխանություններին կոչ էր արվել դադարեցնել եկեղեցու նկատմամբ այն գործողությունները, որոնք հավաքը բնորոշել էր որպես հալածանքներ, հարգել եկեղեցու ինքնիշխանությունն ու ինքնավարությունը և պետություն–եկեղեցի հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի ու իրավասությունների հստակ տարանջատման հիման վրա։
Եկեղեցին հորդորում է վերջ դնել եկեղեցականների և Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ այն գործընթացներին, որոնք Մայր աթոռը որակում է որպես շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով իրականացվող բռնաճնշումներ։
Միաժամանակ իշխանություններին կոչ է արվում գործել Սահմանադրության, օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակում, երաշխավորել խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը և առկա հակասությունները լուծել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների ու վերջնագրային մոտեցումների։
Միաժամանակ իշխանություններին կոչ է արվում գործել Սահմանադրության, օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակում, երաշխավորել խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը և առկա հակասությունները լուծել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների ու վերջնագրային մոտեցումների։
«Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում»,– նշվել եկեղեցին։
Մայր աթոռի դիրքորոշմամբ՝ եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման և բարեկարգության գործընթացները կարող են իրականացվել միայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
Հայտարարության եզրափակիչ հատվածում նշված է, որ եկեղեցու տկարացման և եկեղեցականության հեղինակազրկմանն ուղղված քաղաքականությունը չի կարող նպաստել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդմանը, հատկապես արտաքին անվտանգային սպառնալիքների պայմաններում։
Հիշեցնենք` Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։