Հայաստանը շարունակելու է խորացնել հավասարակշռված իր արտաքին քաղաքականությունը. Փաշինյան
08:22 23.09.2026 (Թարմացված է: 10:13 23.09.2026)
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոններ, որոնցից երկուսը մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր են։
Նիկոլ Փաշինյանի ելույթից այլ ուշագրավ հատվածներ.
«Թրամփի ուղի» ծրագրի իրականացման արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային հաղորդակցությունը, քանի որ 1990-ականների սկզբներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է։
Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և դրա շրջանակում նաև երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի, իսկ ընդհանուր շրջանակում դա կփոխի ընդհանրապես միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի ձեռք կբերի, նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև։
Անցյալ տարի օգոստոսի 8-ին փոխըմռնման հուշագիր ստորագրեցինք նախագահ Թրամփի հետ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության մասին արհեստական բանականության և տեխնոլոգիաների բնագավառում, և 1 տարվա ընթացքում մենք արդեն արհեստական բանականության 3 կենտրոններ ունենք։
Հայաստանը լավ հնարավորություն ունի ինքնաբավ լինելու էներգետիկայի առումով, քանի որ արևային վիթխարի ռեսուրս ունենք և արևային արտադրության հզորություններ ունենք, և դրանք շատ արագորեն զարգանում են։ Հիմա ամենակարևոր թեման մեզ համար այն է, որ կուտակման կարողություններ ձևավորենք, քանի որ մինչ այս պահը մենք չունենք կուտակիչ կարողություններ։
Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին, և ներկայումս մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին, և այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ և փնտրում ենք լավագույն առաջարկը, որպեսզի սկսենք տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը։
Վերջին ժամանակաշրջանում մենք կարողացել ենք բազմազանեցնել մեր նավթաբենզինային և ներմուծման շուկաները։ Դա, իհարկե, գնի խնդիր է, ինչպես ամենուր։ Բայց տարածաշրջանում այն, ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բավական մտահոգիչ է, բնականաբար, մեզ համար, և մենք անհամբեր սպասում ենք, որ իրավիճակը կայունանա։
Ամենակարևոր գործոնը զբոսաշրջության խթանման համար մեր երկրում դա նոր հաստատված խաղաղությունն է։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։ Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։
