Նոբելյան մրցանակակիրը քննարկում է ՀՀ կառավարությանը կից լաբորատորիա բացելու հարցը

© Sputnik / Aram Gareginyan
Բաժանորդագրվել
Լաբորատորիան խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը, որպեսզի պետական ծրագրերը կազմվեն դրանց արդյունավետության առավելագույնս ճշգրիտ գնահատման հաշվարկով։ Սա կարող է վերաբերել ցանկացած ոլորտի, այդ թվում, օրինակ, համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանությունները քննարկում են էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Աբհիջիտ Բաներջիի հիմնադրած J-Pal միջազգային ցանցի հետ լաբորատորիա բացելու հնարավորությունը։ Այս մասին Դիլիջանում՝ ԿԲ ուսումնական կենտրոնում, Բաներջիի մասնակցությամբ սեմինարի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Լաբորատորիան մոդելավորելու է պետական սոցիալ-տնտեսական ծրագրերը, ապա փորձարկելու է դրանք փոքր մարզում կամ բնակչության փոքր խմբի վրա։ Սա կօգնի ավելի փոքր ծախսերով ի հայտ բերել նախագծի թերություններն ու ուղղել դրանք նախքան ծրագիրը հանրապետության մասշտաբով մեկնարկելը։
Գալստյանի խոսքով՝ աշխարհում հիմա էլ փորձնական ծրագրեր հաճախ են իրականացվում, սակայն մեթոդը, որը տարիներ շարունակ ուսումնասիրում են Բաներջին և նրա աշակերտները, հիմնված է այնպիսի մեթոդաբանության վրա, որը թույլ է տալիս առավելագույնս գնահատել ու չափել ապագա ծրագրի ազդեցությունը։ Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն երկու սեմինար է կազմակերպել պետական պաշտոնյաների համար, որտեղ ելույթ են ունեցել J-Pal ցանցի պրոֆեսորները։
«Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի լաբորատորիան, որի հետ կառավարությունը մշտական կապ կպահպանի և կտա իրեն հուզող բոլոր հարցերը։ Խորհրդատվությունը, ընդ որում՝ անվճար, աշխարհի շուրջ 1200 առաջատար մասնագետների կողմից, կարծում եմ, մեծ արժեք է մեր երկրի համար»,-հայտարարել է ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ տնտեսագետները, որոնք ներգրավվում են անվճար խորհրդատվության համար (միայն տեխնիկական ծախսերի հատուցմամբ- խմբ․), հետագայում գիտական հոդվածներ են պատրաստում իրենց հետազոտությունների և երկրների փորձի հիման վրա։ Ցանցի կենտրոնը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լաբորատորիան է, որը ղեկավարում է Բաներջին իր կնոջ՝ Էսթեր Դյուֆլոյի հետ միասին (որի հետ կիսել է Նոբելյան մրցանակը)։ Բացի այդ, մի շարք այլ երկրներում ևս գործում են լաբորատորիաներ։
«Հայ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել այս աշխատանքին։ Բացի այդ, մեր հայ գործընկերները հասանելիություն կստանան այլ երկրների գծով մեր հետազոտությունների բազային։ Օրինակ, ես հիմա աշխատում եմ Լյուքսեմբուրգի կառավարության հետ՝ միգրացիայի կառավարման ծրագրերի մշակման ուղղությամբ։ Հնարավոր է՝ այդ փորձը օգտակար լինի նաև Հայաստանի համար»,–լրագրողների հետ զրույցում հայտարարել է J-Pal Europe խորհրդատվալան կազմակերպության ավագ հետազոտող Մարիա Խոսե Սիլվա-Վարգասը։
Իրական տնտեսության մեջ և բյուջետային ծախսերում առաջանում են հարցեր, որոնց պատասխանը որևէ տեսություն չի կարող տալ։ Օրինակ՝ եթե հայտարարվի համընդհանուր բժշկական ապահովագրություն, ապա հայտնի չէ, թե մարդկանց քանի տոկոսը ժամանակին կանցնի կանխարգելիչ զննումները։ Եթե մարդկանց առաջարկվեն ինչ-որ նյութական բոնուսներ, ապա հաճախելիությունը, ամենայն հավանականությամբ, կաճի, սակայն թե կոնկրետ որքանով՝ ոչ ոք չի կարող կանխատեսել։ Այս հարցին կարող է պատասխանել միայն փորձարկումը, սեմինարի ընթացքում ավելացրել է Բաներջին։
Ճիշտ այդպես էլ երեխաները չեն սկսում ավելի լավ սովորել ուղղակի այն պատճառով, որ հանրապետությունում ներդրվել է համընդհանուր դպրոցական կրթություն։ Հնդկաստանի փորձը ցույց է տվել, որ անապահով ընտանիքների շատ երեխաներ ուսման մոտիվացիա չունեն, ուստի, ինչպես նշեց Բաներջին, այդ երեխաներից շատերն արդեն 2-3-րդ դասարանից հետո դադարում են հետևել դպրոցական ծրագրին, իսկ հետո դադարում են նաև հասկանալ այն։ Այս դիտարկումների հիման վրա տնտեսագետն ու նրա գործընկերները ստեղծել են թիրախային խմբերի համար «լրացուցիչ ուսուցման» մեթոդաբանություն, որն այժմ կիրառվում է Աֆրիկայի մի շարք երկրներում։
«Այսինքն՝ մենք կառավարությանը չենք տալիս պատրաստի հանձնարարականներ, որոնցում կարելի է կասկածել ինչ-որ թաքնված օրակարգ։ Մենք տալիս ենք ոչ թե պատրաստի խորհուրդներ, այլ մեթոդաբանություն, թե ինչպես ինքնուրույն ընտրել նախագծերը և փորձարկել դրանք։ Սա կարևոր է, որովհետև հետո պետք է կարողանալ ոչ միայն հաշվել ծախսված փողերը, այլև գնահատել, թե ինչպես է փոխվել այն մարդկանց վարքագիծը, որոնց համար ինչ-որ բան եք արել»,-լրագրողների հետ զրույցում ավելացրել է Բաներջին։
Տնտեսագետի և J-Pal ցանցի աջակցությամբ իրականացվող ծրագրերը ներդրվում են Հնդկաստանում (Բաներջին ծագումով Հնդկաստանից է), Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում, ինչպես նաև Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ երկրներում։
Աբհիջիտ Բաներջին էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել 2019 թվականին կնոջ՝ Էսթեր Դյուֆլոյի, ինչպես նաև Հարվարդի համալսարանի մասնագետ Մայքլ Կրեմերի (այժմ՝ Համաշխարհային բանկի առաջատար տնտեսագետ) հետ համատեղ։