Բուժվել Հայաստանում. ինչով է այն գրավիչ Պարսից ծոցի երկրների զբոսաշրջիկների համար

© Photo
Բաժանորդագրվել
Ժամանակակից սարքավորումները, լավ մասնագետները և մատչելի գները կարող են ամրապնդել Հայաստանի դիրքերը բժշկական զբոսաշրջության շուկայում: Պարսից ծոցի երկրներից բուժառուների ներգրավման մեջ փորձագետները ներուժ են տեսնում:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը զգալի ներուժ ունի բժշկական զբոսաշրջության զարգացման համար, իսկ երկրի հեռանկարային շուկաներից մեկը կարող են դառնալ Պարսից ծոցի պետությունները: Այս մասին Սաուդյան Արաբիայի բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ահմեդ Ալորաիջը հայտարարեց Երևանում Բժշկական զբոսաշրջության միջազգային կոնֆերանսի շրջանակում Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
«Հայաստանը բժշկական զբոսաշրջության ոլորտի զարգացման լավագույն երկրներից մեկն է։ Այն գրավիչ է ոչ միայն բժշկական ենթակառուցվածքի մակարդակով, այլև զբոսաշրջային հնարավորություններով», - ասաց նա։
Ալորաիջն այցելել է Հայաստանի մի շարք բուժհաստատություններ և բարձր գնահատել ինչպես կլինիկաների մակարդակը, այնպես էլ դրանց տեխնիկական հագեցվածությունը: Նրա խոսքով՝ նման մի շարք հաստատություններ կարող են մրցակցել արտասահմանյան առաջատար բժշկական կենտրոնների հետ։
Պարսից ծոցի երկրների բուժառուների համար Հայաստանի գլխավոր առավելություններից մեկը նա համարում է ծառայությունների գին-որակ հարաբերակցությունը։ Կարևոր է նաև աշխարհագրական հարևանությունը և ուղիղ ավիահաղորդակցությունը։

Աուդյան Արաբիայի Բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ահմեդ Ալորիաջը Բժշկական զբոսաշրջության միջազգային կոնֆերանսում
© Sputnik
«Որակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, իսկ գները մնում են ողջամիտ։ Նմանատիպ բուժում ստանալ Գերմանիայում կամ Ֆրանսիայում նույն գնով հնարավոր չէ», — նշեց Ալորաիջը։
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի երկրներից բուժառուների ներգրավման ուղղությամբ հայաստանյան բուժհաստատությունների հետ արդեն կան շփումներ։
Ովքեր են գալիս Հայաստան բուժման
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ներկայում Հայաստան բժշկական զբոսաշրջության են գալիս հիմնականում Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայից և Մերձավոր Արևելքի երկրներից:
Բժշկական զբոսաշրջիկների ճշգրիտ թիվը դժվար է որոշել վիճակագրական հաշվառման առանձնահատկությունների պատճառով։ Սակայն կլինիկաների տվյալները, նախարարի խոսքով, վկայում են առանձին ուղղությունների, առաջին հերթին ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության զգալի պահանջարկի մասին:
Պապոյանը նշեց, որ վերջին տարիներին հայկական բժշկության մրցակցային հնարավորություններն ընդլայնվել են կլինիկաների տեխնիկական վերազինման շնորհիվ: Որոշ բժշկական կենտրոններ ձեռք են բերում նորագույն սարքավորումներ շուկայում դրանց հայտնվելուց գրեթե անմիջապես հետո:
Պետությունն աջակցում է այս գործընթացին՝ սուբսիդավորելով բժշկական հաստատությունների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները։ Նախարարի խոսքով՝ սուբսիդավորման չափը կարող է հասնել 90 տոկոսի։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային կոնֆերանսում
© Sputnik
Կառավարությունը մտադիր է շարունակել աջակցությունը ոլորտին, այդ թվում՝ բժիշկների համար կրթական ծրագրերի և ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների հասանելիության բարձրացման միջոցով:
Պապոյանը կարծում է, որ բժշկական զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև բժշկական ծառայությունների պահանջարկի գլոբալ աճը: Զարգացած երկրների բնակչությունը ծերանում է, իսկ «բեյբի-բումերի» (եզրույթ, որը կիրառվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մեծ թափ ստացած ծնելիության հետևանքով ծնված մարդկանց նկատմամբ) սերնդի ներկայացուցիչները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում առողջությանը և կյանքի որակին:
Նախարարի խոսքով՝ առանձին շուկաներում բժշկական զբոսաշրջությունը տարեկան 40-50 տոկոս աճ է գրանցում։
Բժշկական զբոսաշրջությունը կներառվի ռազմավարության մեջ
Ինչպես Sputnik Արմենիային ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Անուշիկ Ավետյանը, բժշկական զբոսաշրջությունը կդառնա առաջիկա հինգ տարիների համար Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության առաջնահերթ ուղղություն։
Ընդ որում, Հայաստանը մտադիր չէ հարևան երկրները դիտարկել բացառապես որպես մրցակիցներ։ Ավետյանի խոսքով՝ բժշկական զբոսաշրջության զարգացումը կարող է դառնալ ընդհանուր տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի մաս:
«Մեզանից յուրաքանչյուրն ունի առավելություններ, և մենք կարող ենք լրացնել միմյանց։ Զբոսաշրջիկը կարող է Հայաստան գալ մի տեսակի ծառայությունների համար, իսկ հետո Վրաստան մեկնել մյուսը ստանալու համար», - նշեց նա։
Ավետյանն ուշադրություն հրավիրեց նաև այդ ուղղության տնտեսական էֆեկտի վրա։ Բժշկական զբոսաշրջիկը վճարում է ոչ միայն բուժման, այլև կեցության, սննդի և հարակից այլ ծախսերի համար:
«Բժշկական զբոսաշրջությունը ոլորտի այն տեսակներից է, երբ մարդը սովորաբար ավելի երկար է մնում երկրում և համեմատած սովորական զբոսաշրջիկի հետ՝ ավելի շատ է ծախսում», — ասաց նա:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովում
© Sputnik
Ոլորտի հետագա զարգացման պայմանների թվում Ավետյանը նշեց մասնագետների պատրաստումը, բժշկական ենթակառուցվածքի արդիականացումը և կլինիկաների միջազգային սերտիֆիկացումը:
Նրա խոսքով, Հայաստանի լրացուցիչ առավելությունը կարող է լինել բժիշկների հասանելիությունը. հիվանդը մասնագետի օպերատիվ խորհրդատվությունը կարող է ստանալ ավելի հաճախ, այնինչ մի շարք այլ երկրներում սպասումը զգալիորեն ավելի երկար է տևում: