«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպեցին բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին
14:50 17.09.2026 (Թարմացված է: 14:54 17.09.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 23–ին ԱԺ–ում աշխատանքային քննարկում է լինելու, որին հրավիրված են ՀՀ այն գերատեսչությունները, որոնք այս կամ այն ձև առնչվում են արցախցիների խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգայի ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին լսելու համար նրանց մոտեցան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և նույն խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Հայտնել էինք, որ արցախցիները պահանջում են ԱԺ խմբակցություների ղեկավարների հետ հանդիպում, ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների նշանակում, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցալական հարցերի և բնակապահովման ծրագրի հետ կապված հստակ լուծումներ։
«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը ընդդիմության ներկայացուցիչներին հայտնեց իրենց մտահոգությունները Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների ֆոնին, երբ նա ասել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Մինչդեռ Երևանը ոչ միայն համապատասխան արձագանք չի տալիս, այլ մինչ օրս արցախցիները Հայաստանում չունեն հստակ կարգավիճակ։
«Պաշտոնական Հայաստանի արձագանքը Հաջիևին մեզ համար ընդունելի չէ։ Մենք` մեզ հասանելի միջոցներով արձագանքել ենք, ավելին՝ մենք նամակ ենք գրել Մագդանելա Գրոնոյին (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ-խմբ.) հանդիպելու խնդրանքով։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է շատ կոշտ արձագանքեին Հաջիևին։ Եթե Փաշինյանն ասում է ` Մատենադարանն արձագանքել է, ապա գուցե Մատենադարանի տնօրենին տանենք դնենք ԱԳ նախարար, իսկ ներկայիս ԱԳ նախարարը թող գնա առևտրով զբաղվի»,–ասաց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ եթե այսօր Ադրբեջանում խոսում են Արցախի եկեղեցիների ու վանքերի մասին, դրանք անվանելով աղվանական, ապա վաղը Երևանի եկեղեցիներին են անդրադառնալու։
Ինչ վերաբերվում է արցախցիների վերադարձի իրավունքին, Խաչատրյանը շեշտեց, որ այդ հարցը միշտ պետք է լինի օրակարգում։
Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշեց, որ սեպտեմբերի 23–ին կազմակերպված է աշխատանքային քննարկում, որին հրավիրված են ՀՀ այն գերատեսչությունները, որոնք այս կամ այն ձև առնչվում են արցախցիների խնդիրներին՝ ԱԺ պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ, ԵԽ ներկայացուցիչներ։
«Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, 334 սենյակում պետք է նորից լսենք այդ խնդիրները, ախտորոշենք և տանք լուծումներ։ Ես հանձնաժողովի նախագահն եմ, մեր խմբակցությունը փոքրամասնություն է, և ես վստահ չեմ, որ բոլոր արձանագրված խնդիրներին կտրվեն լուծումներ, բայց մենք չենք կարող չօգտվել այդ մեխանիզմից»,–ասաց նա։
Գալստյանն ընդգծեց, որ արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող ջնջվել իրենց ուժի քաղաքական օրակարգից։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։