Արցախցիները Ազգային ժողովի դիմաց են. հստակ կարգավիճակ են պահանջում
12:26 17.09.2026 (Թարմացված է: 13:08 17.09.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Անաստաս Իսրայելյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն արցախցիների դարավոր ժառանգությունը միջազգային հանրությանը աղվանական է ներկայացնում, իսկ Հայաստանում արցախցիներին անգամ կարգավիճակ չեն տալիս։
Արցախցիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ազգային ժողովի դիմաց։
Նրանք պահանջում են ԱԺ խմբակցություների ղեկավարների հետ հանդիպում, ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների նշանակում, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցալական հարցերի և բնակապահովման ծրագրի հետ կապված հստակ լուծումներ։

Անաստաս Իսրայելյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք ստիպված ենք գնալ այս քայլին։ Այսօր արցախցիները կարգավիճակ չունեն, մեզ անվանում են ԼՂ–ից տեղահանված ժողովուրդ, բայց չեն ասում՝ ինչի՞ց տեղահանված, ջրհեղեղի՞ց տեղահանված, երկրաշարժի՞ց տեղահանված։ Մենք հստակ պահանջում ենք մեր կարգավիճակն ամրապնդել անունով` բռնի տեղահանված, ցեղասպանությունից փրկված, այդ իրավիճակի զոհ դարձած։ Մեր կարգավիճակը օրենքին համապատասխան հստակ անուն պետք է ունենա»,–հայտարարեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն արցախցիների դարավոր ժառանգությունը միջազգային հանրությանը աղվանական է ներկայացնում, իսկ Հայաստանում արցախցիներն անգամ կարգավիճակ չունեն։

Արցախցիները Ազգային ժողովի դիմաց են
© Sputnik / Aram Nersesyan
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումներ նշանակել, հրավիրել ԱԺ խմբակցություների ղեկավարներին, որպեսզի իրենք իրենց պահանջները հստակ ներկայացնելու հնարավորություն ունենան։
Իսրայելյանի խոսքով` շատ կարևոր է սոցիալական ծրագրերում մտցնել այնպիսի փոփոխություններ, որ ամեն 6 ամիսը մեկ արցախցիները ստիպված չլինեն բողոքի ակցիա իրականացնել։

Արցախցիները Ազգային ժողովի դիմաց են
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք պահանջում ենք, որ Արցախում հիմնված ինչ–ինչ կազմակերպությունների սառեցված փողերը բերեն ու արցախցիների բնակարանային հարցերը լուծեն 1-2 տարում»,–ասաց նա։
Անդրադառնալով արցախցիների սոցիալական խնդիրներին՝ ՀԿ ղեկավարը շեշտեց, որ արդեն 3 տարի է՝ մարդիկ չեն կարողանում իրենց բնակարանային հարցերը լուծել։
«Ոչ թե ինչ-որ ակցիայից առաջ պիտի ծրագրեր երկարացնեք, այլ երկարաժամկետ լուծումներ տվեք այս մարդկանց հարցերին, որ ամեն ամիս դուրս չգանք բողոքի։ Փաշինյանը ասում է՝ 800 մլրդ ենք հատկացրել այդ հարցերի լուծման համար։ Մենք էլ կարող ենք հակառակն ասել՝ մուննաթով մի ասեք դա։ Մարդիկ 100 հազարավոր դոլար արժողությամբ գույքեր են թողել Արցախում, փոխհատուցում տվեք, մեզ այդ 800 միլիարդը պետք չէ։ Այդ պարագայում մենք կմնանք մայր Հայաստանում, բնակարան կունենանք և միասին կշենացնենք Հայաստանը»,- մանրամասնեց նա։
Ավելի ուշ Իսկանդարյանը մոտեցավ ԱԺ-ի հսկից-անցագրային կետին և խնդրեց հանդիպում կազմակերպել ԱԺ 3 խմբակցության ղեկավարների հետ։