ՀՀ–ն տվյալներ ունի բռնի անհետացման դեպքերի մասին և կարող է դրանք ներկայացնել ՄԱԿ-ին

© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Աբիսողոմոնյանի խոսքով` Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորությունների կատարման հարց չէ, այն նաև անհատի արժանապատվության հարց է։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ունի համապատասխան տեղեկատվություն այն անձանց վերաբերյալ, որոնց բռնի անհետացման մասին հավաստի ապացույցներ կան, և կարող է այդ տվյալները ներկայացնել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակում, հայտնում են ԱԳՆ-ից։
Նրա խոսքով՝ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը բախվել է տարածաշրջանում տեղի ունեցած նախկին հակամարտությունից բխող լուրջ և աննախադեպ մարտահրավերների։
«Այս իրադարձությունների հետևանքներից է անհայտ կորած համարվող զգալի թվով անձանց առկայությունը, այդ թվում՝ այն անձանց, որոնց բռնի անհետացման վերաբերյալ առկա են հավաստի ապացույցներ։ Այս դեպքերի մեծ մասի վերաբերյալ Հայաստանն ունի համապատասխան տեղեկատվություն, որը կարող է ներկայացնել կոմիտեին»,– ասել է Աբիսողոմոնյանը։
Նա նշել է, որ գերեվարումից հետո հայ զինծառայողների բռնի անհետացման դեպքերը մտահոգություն են առաջացրել ՄԱԿ-ի մի շարք մանդատակիրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի մոտ։ Այդ հարցին անդրադարձ է եղել նաև 2024 թվականի հուլիսի 29-ի հաղորդագրության մեջ։
Աբիսողոմոնյանի խոսքով՝ ժամանակագրական առումով բռնի անհետացման դեպքերը տեղի են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։
«Հետագա դեպքեր արձանագրվել են 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի քան 130.000 Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման ընթացքում»,– ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար առաջացրել է մարդասիրական, իրավական և ինստիտուցիոնալ էական մարտահրավերներ և ցույց տվել բռնի անհետացման դեպքերն արդյունավետորեն հասցեագրող ազգային շրջանակ ունենալու անհրաժեշտությունը։
Աբիսողոմոնյանն առանձնացրել է 2026 թվականի մայիսին ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը։
Նրա խոսքով՝ օրենքը սահմանում է ընտանիքների իրավունքը՝ հավաստի և ժամանակին տեղեկություն ստանալու հարազատների որոնման և անհետացման հանգամանքների մասին, ինչպես նաև պետության պարտավորությունը՝ միջոցներ ձեռնարկելու անհայտ կորածների որոնման և նրանց ճակատագրի ու գտնվելու վայրի պարզաբանման համար։
Օրենքով նախատեսվում է նաև ընտանիքի անդամների մասնակցությունը համապատասխան ընթացակարգերին, ֆինանսական փոխհատուցում և որոշակի սոցիալական նպաստներ, ինչպես նաև անհայտ կորած անձանց նույնականացման մեխանիզմներ։
Օրենքով նախատեսվում է նաև ընտանիքի անդամների մասնակցությունը համապատասխան ընթացակարգերին, ֆինանսական փոխհատուցում և որոշակի սոցիալական նպաստներ, ինչպես նաև անհայտ կորած անձանց նույնականացման մեխանիզմներ։
Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ միայն օրենսդրական կարգավորումը բավարար չէ։
«Արդյունավետ իրականացումը պահանջում է համապատասխան ինստիտուցիոնալ կարողություն, միջգերատեսչական համագործակցություն, բավարար ռեսուրսներ, որակյալ անձնակազմ, համապատասխան տեղեկատվությանն ու ապացույցներին հասանելիություն, ինչպես նաև տուժած ընտանիքների հետ շարունակական ներգրավվածություն»,– ասել է Աբիսողոմոնյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորությունների կատարման հարց չէ, այլ նաև անհատի արժանապատվության և ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության խնդիր է։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 8-ին հրապարակած վերջին տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է համարվում 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։