Պահանջում ենք չդառնալ հանցագործության լեգիտիմացման գործիք․ «Արցախ» միությունը՝ դեսպաններին
11:13 14.09.2026 (Թարմացված է: 13:35 14.09.2026)

© Photo
Բաժանորդագրվել
Միությունը պահանջում է ՀՀ իշխանություններից պաշտոնապես և հրապարակայնորեն արձագանքել դիվանագետների այցին ու հայ ժողովրդի պատմության կեղծման քաղաքականությանը, միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական պատվիրակությունների այցերն օգտագործել իբրև մեխանիզմ՝ իր իսկ կողմից Արցախում իրականացված ցեղասպանական ոչնչացումն ու ինքնության բռնի ջնջումը «վերականգնման» քողի տակ ներկայացնելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ» միությունը՝ անդրադառնելով բռնազավթված Արցախ դիվանագետների այցին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 11-12-ն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր այց օկուպացված Արցախ։
«Պահանջում ենք միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչներից չդառնալ հանցագործությունների լեգիտիմացման ու պատմության կեղծման գործիք»,-նշված է Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանի հայտարարության մեջ։
Հիշեցնում են՝ Ստեփանակերտում դիվանագետներին ներկայացված զբոսայգին կառուցվել է հայերի քանդված տների և հուշարձանների տեղում, որը ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականության շարունակականության հստակ ապացույց է:
«Ադրբեջանի ցեղասպան բռնապետի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն՝ դրանք կապելով իբր «աղվանական իշխան Հասան Ջալալի» անվան հետ, մինչդեռ Հասան-Ջալալյանների տոհմը եղել է հայ իշխանական տոհմ, իսկ երկու վանքերն էլ դարեր շարունակ եղել են Հայ առաքելական եկեղեցու գործող կենտրոններ՝ իրենց հայերեն արձանագրություններով և շարունակական հայկական ծիսակարգով։ Սա «աղվանացման» քաղաքականության հստակ դրսևորում է, որի իրական նպատակն է Արցախի քրիստոնեական ժառանգությունից պատմականորեն զրկել հայ ժողովրդին»,- նշված է միության հայտարարության մեջ։
Այս համատեքստում միությունը պահանջում է․
Դիվանագիտական կորպուսի անդամ պետություններից և միջազգային կազմակերպություններից՝ հրաժարվել մասնակցելուց Ադրբեջանի կողմից կազմակերպված և ուղեկցվող շրջայցերից, քանի դեռ ապահովված չեն անկախ ստուգման, թափանցիկության և հայկական կողմի մասնակցության պատշաճ երաշխիքները։
Հստակ գնահատականներ տալ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և նրա մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման դեպքերին։
ՀՀ իշխանություններից՝ որպես հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության երաշխավոր և Արցախից բռնի տեղահանված բնակչության հյուրընկալ պետություն, պաշտոնապես և հրապարակայնորեն արձագանքել այս այցին ու հայ ժողովրդի պատմության կեղծման քաղաքականությանը, միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները։
Շեշտում են՝ Արցախի հարցը կարող է փակվել միայն այն ժամանակ, երբ արցախահայերի հավաքական ու անհատական իրավունքները վերականգնվեն և երաշխավորված լինեն միջազգային հանրության կողմից։
Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։