Սփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել, իսկ Հայաստանն էլ՝ սփյուռքի․ Փաշինյան
13:30 11.09.2026 (Թարմացված է: 13:58 11.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Սփյուռքը պետք է ներդրումներ անի տարբեր ոլորտներում, որպեսզի Հայաստանը զարգանա։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան–սփյուռք հարաբերություններում սփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել, իսկ Հայաստանն էլ՝ սփյուռքի։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե վերջին շրջանում իշխանական պատգամավորները պնդում են, որ միֆ է այն թեզը, թե ուժեղ սփյուռք, նշանակում է ուժեղ Հայաստան։
«Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք ուժեղ սփյուռք ասելով, այսինքն սփյուռքահայության թիվը մեծանա՞։ Դա կնշանակի, որ արտագաղթը պետք է շատանա, բայց մեր քաղաքականությունը ներգաղթն է։ Մենք երբեմն մեծ ուշադրություն չենք դարձրել, ու պատճառը պետության ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ թերիմացությունն է։ Ասում ենք սփյուռք ու հաճախ մոռանում ենք, որ խոսքն այլ պետության մասին է, բայց նշում ենք, որ սա կանենք, այն կանենք։ Պետք է հասկանալ՝ արդյոք տվյալ երկրի համար ընդունելի՞ է, որ այլ երկրի կառավարություն գա ու ծրագրեր իրականացնի, որոշ պրոցեսներ կառավարի։ Մեզ թվում է, թե սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց կա նաև հակառակը. երբեմն սփյուռքն է այդ երկրի ազդեցության միջոց դառնում Հայաստանի համար»,- ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունները «Firebird» նախագիծն է, «Թումո» նախաձեռնությունը, COAF հիմնադրամի ստեղծումը։ Նա Հայաստանի զարգացման կոնտեքստում սփյուռքի ներգրավվածության մասին խոսելիս նաև հիշատակեց Ավետարանչական եկեղեցին, որն ինքն ընկերություն անվանեց։
Փաշինյանի խոսքով՝ սփյուռքը պետք է ներդրումներ անի տարբեր ոլորտներում, որպեսզի Հայաստանը զարգանա ու ըստ իրեն՝ հենց դա է Հայաստանը գրավիչ դարձնում հայրենադարձության համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեցին Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Դրանցով սահմանվում է, որ ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 183 օր Հայաստանում չլինելու դեպքում քաղաքացին չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին։