Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. փաստաբան
13:38 10.09.2026 (Թարմացված է: 13:42 10.09.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Ըստ փաստաբանի՝ Խաչատրյանի հետ կապված իրավիճակը մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը նրա կալանքի պայմաններում առողջական վիճակի հետ կապված լուրջ վտանգ է տեսնում և այդ հարցով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ նախկինում պաշտպանական կողմը փորձում էր հնարավորինս չհրապարակել Խաչատրյանի առողջության վերաբերյալ մանրամասները, սակայն այժմ որոշել է խոսել դրանց մասին, քանի որ, իրենց գնահատմամբ, իրավիճակն արդեն վտանգ է ներկայացնում նրա առողջության և կյանքի համար։
Ավելի վաղ հայտնել էիք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով ՀՀ հակակոռուպցիոն դատարան են տարել։
«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որը խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի արգելքն է»,– ասաց Սարգսյանը։
Փաստաբանը պնդեց, որ դեռ 2019 թվականից Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ բազմաթիվ բժշկական փաստաթղթեր են կազմվել։ Նրա ներկայացրած տվյալներով՝ այդ ընթացքում առողջապահության նախարարի հրամաններով անցկացվել է 3 բժշկական կոնսիլիում, ևս 3 դատաբժշկական եզրակացություն է տրվել։ Ըստ Սարգսյանի՝ դրանցում արձանագրվել է, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, և այն պետք է իրականացվի արտերկրում։
« 2026 թվականի վերջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի վիճարկվել, որ Խաչատրյանն ունի բազմաթիվ հիվանդություններ։ Պաշտպանական կողմը, սակայն, համաձայն չէ այդ փորձաքննության մյուս գնահատականների հետ»,– նշեց փաստաբանը։
Սարգսյանն կրկին անդրադարձավ նաև ՄՌՏ հետազոտություններին՝ հակադարձելով այն պնդումներին, թե Խաչատրյանը չի անցել դատախազության պահանջած անհրաժեշտ հետազոտությունը։ Նրա խոսքով՝ 2019 թվականից ի վեր քննության կողմի պահանջով Խաչատրյանը մոտ 6–7 ՄՌՏ է անցել, այդ թվում՝ 2020, 2021 և 2025 թվականներին։ Բացի այդ Խաչատրյանը, սեփական նախաձեռնությամբ ևս մոտ 5–6 ՄՌՏ հետազոտություն է անցել։ Փաստաբանի պնդմամբ՝ քննության կողմն ունի այդ բոլոր հետազոտությունների արդյունքները։
Միաժամանակ Սարգսյանը հաստատեց, որ Խաչատրյանը չի անցել 2026 թվականի հուլիսին նշանակված վերջին ՄՌՏ-ն։ Նա դա բացատրեց առողջական ռիսկերով։
«Առողջական վիճակով պայմանավորված՝ Խաչատրյանը ՄՌՏ հետազոտությունն անցնում է դեղորայքային քնեցմամբ կամ անզգայացմամբ, ռիսկ է ստեղծվում։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում քննիչի ներկայությամբ բժշկին հարցեցի՝ կարո՞ղ է երաշխավորել, որ ևս մեկ նման հետազոտությունը չի վատացնի Խաչատրյանի վիճակը, սակայն բժիշկը նման երաշխիք չտեց։ 10-ից ավելի անգամ ՄՌՏ ենք անցել։ Ասացինք՝ ամեն անգամ ձեր ուզածով հետազոտություն ենք անցնում, բայց այլևս չենք ուզում, որ նրա վիճակը վատանա։ Վերցրեք արդեն առկա հետազոտությունները և դրանք հիմք ընդունեք»,– շարունակեց Սարգսյանը։
Նա հիշեցրեց նաև 2026 թվականի հունիսի 5-ի և 7-ի դեպքերը։ Պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ հունիսի 5-ին Խաչատրյանին պատգարակով տեղափոխել են քննչական կոմիտե, ապա դատարան ոչ բժշկական մեքենայով։ Հունիսի 7-իննրան կրկին տեղափոխել են։ Սարգսյանի խոսքով՝ այդ ժամանակ արդեն Խաչատրյանի առողջական վիճակը զգալիորեն վատացած էր։
Փաստաբանը շեշտեց, որ տարիներ շարունակ նոր փորձաքննություններ և հետազոտություններ նշանակելը հիմնավորված չէ, քանի որ նախկին ուսումնասիրություններն արդեն արձանագրել են վիրահատության անհրաժեշտությունը։
«Գիտենք, որ վիրահատության կարիք կա, գիտենք, որ առանց վիրահատության հիվանդությունը չի բուժվում, բայց ամեն անգամ ասում են՝ մի հետազոտություն էլ անցեք։ Մինչև ե՞րբ պետք է նույն բանը ապացուցենք»,– ասաց Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ քննության կողմի նման գործելակերպը չարաշահում է։ Սարգսյանը նաև նշեց, որ նախկինում ինքն է Խաչատրյանին հորդորել այլևս չանցնել հերթական հետազոտությունները, սակայն Խաչատրյանը համաձայնել է՝ հույս ունենալով, որ դրանց արդյունքներից հետո իր առողջական վիճակի վերաբերյալ կասկածներ չեն մնա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումբը հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Նրանց խոսքով` Գագիկ Խաչատրյանն ունի նաև շաքարային դիաբետ, ուսահոդի, շագանակագեղձի, սրտի հետ կապված խնդիրներ։
ՊԵԿ նախկին նախագահը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն՝ նրան մինչ օրս բժիշկ չի այցելել, փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։