Սահմանը գութանով են գծում, բայց բերքը ջրից է կախված․ ինչպե՞ս են ապրում Խաչիկում
22:40 08.09.2026 (Թարմացված է: 22:44 08.09.2026)

Բաժանորդագրվել
Խաչիկում հակառակորդի հարևանությամբ ապրելուն վաղուց են սովորել, մտահոգություններն այսօր շատ ավելի կենցաղային են` ոռոգման ջուրը հասնի, որ բերք ունենա։
Խաչիկ գյուղում վարելահողի վերջին ակոսից այն կողմ արդեն Նախիջևանն է։ Բայց գյուղացիները խնդիրների մասին խոսելիս սահմանն առաջինը չեն հիշատակում։ Այստեղ մարդկանց ամենաշատը մտահոգում է ոռոգման ջուրը․ ջուր լինի՝ հողը բերք կտա, չլինի՝ մեկ տարվա աշխատանքը կարող է հողին հավասարվել։
«Ոռոգման ջուրը կա՛մ ամիսը մեկ անգամ են տալիս, կա՛մ տարին մի քանի անգամ, լինում է՝ ընդհանրապես չեն տալիս։ Եթե ջուր լինում է, մեր բերքը լավ է լինում, չի լինում՝ բերք չկա»,– Խաչիկ այցելած լրագրողների հետ զրույցում ասում է գյուղի բնակիչ Կառլեն Ասատրյանը։

Կառլեն Ասատրյան
Վայոց Ձորի Արենի խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Խաչիկում գյուղացիները հիմնականում ցորեն, գարի ու հաճար են մշակում։ Մեկ ընտանիքի վարելահողը կարող է ընդամենը մեկ հեկտար լինել, մյուսինը՝ հասնել 10 հեկտարի։ Բայց հողի չափից առավել կարևոր է՝ կհաջողվի՞ այն ջրել։
«Մեր հույսն անձրևն է»,– ասում է Ասատրյանը։
Գյուղացիները տարիներ շարունակ նույն հարցով դիմում են պատասխանատուներին, պատասխանը, Ասատրյանի խոսքով, սովորաբար նույնն է՝ խնդիրը կլուծվի, բայց ջուրը շարունակում է անկանոն հասնել գյուղ։
Խմելու ջուր գյուղն ունի, բայց առատ չէ և հազիվ է բավարարում բնակիչների կարիքները։
1200 հեկտար վարելահող` Աստծու հույսին
Կադաստրային քարտեզով Խաչիկն ունի շուրջ 1200 հեկտար վարելահող։
Խորհրդային տարիներին ոռոգման ջուրը եռաստիճան պոմպային համակարգով էր հասնում գյուղ։ Առաջին աստիճանով ջուրն Արփա գետից էր մղվում, սակայն այդ համակարգն այսօր չի գործում։
Խորհրդային տարիներին ոռոգման ջուրը եռաստիճան պոմպային համակարգով էր հասնում գյուղ։ Առաջին աստիճանով ջուրն Արփա գետից էր մղվում, սակայն այդ համակարգն այսօր չի գործում։
«Հիմա ջուրն Արենիից պոմպերով է մղվում, բայց երբ որոշում են մեզ ջուր հատկացնել, Արենի համայնքի կազմում ընդգրկված մյուս բնակավայրերի ոռոգման համակարգը կաթվածահար է լինում։ Այս տարի ոնց որ Աստված ողորմած էր, եղանակը մի քիչ մեր կողմից էր, բայց ոռոգման ջրի խնդիր ունենք»,– ասում է Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։

Հովիկ Սմբատյան
Հին համակարգի առաջին աստիճանը վերականգնելու առաջարկը, նրա խոսքով, արդեն ներկայացվել է կառավարությանը։ Թե երբ այն կարող է կյանքի կոչվել և որքան ժամանակ կպահանջվի, հստակ ժամկետներ չկան։
Վարչական ղեկավարը համոզված է՝ միայն համայնքի միջոցներով խնդիրը լուծել հնարավոր չէ, քանի որ անհրաժեշտ են մեծ ֆինանսական ներդրումներ։
3 տոննայի փոխարեն հազիվ 1 տոննա բերք` մեկ հեկտար հողից
Ջրի պակասը Խաչիկում միայն կենցաղային անհարմարություն չէ։ Գյուղացու համար այն հաշվվում է տոննաներով և դրամներով։
Խաչիկի բնակիչ Կոլյա Կարապետյանն ասում է՝ ջուրը երբեմն այնքան քիչ է, որ բոլորն իրենց արտերը ջրել չեն հասցնում։
«Կիսատ-պռատ գործ ենք անում։ Լինում է՝ կեսը չեն հասցնում իրենց արտերը ջրել։ Կարող է գիծը վնասվել, ու սարքելը շաբաթներ տևի։ Միշտ հարցը բարձրացնում ենք, ասում են՝ կլինի։ Սովետի ժամանակ միշտ ջուր կար»,– պատմում է նա։

Կոլյա Կարապետյան
Բնակիչների հաշվարկով՝ մեկ հեկտար հող մշակելու համար առնվազն 150–200 հազար դրամ է անհրաժեշտ։ Իսկ երբ ջուր չկա, մարդիկ երբեմն իրենց ունեցած ամբողջ հողը չեն էլ մշակում։
Բարենպաստ պայմաններում՝ բավարար անձրևի և ոռոգման ջրի դեպքում, մեկ հեկտարից կարելի էր մինչև 3 տոննա ցորեն ստանալ։ Հիմա, գյուղացիների խոսքով, երբեմն բերքը հազիվ 1 տոննայի է հասնում։
Բերքը հետո նաև վաճառել է պետք։ Գյուղացիների նշած գինը հիմնականում մեկ կիլոգրամի դիմաց 120–130 դրամ է, սակայն լինում են դեպքեր, երբ ստիպված են շատ ավելի էժան՝ նույնիսկ 80 դրամով վաճառել։
Ու ծախսը միայն վար ու ցանքով չի ավարտվում։ Վառելիք ձեռք բերելու համար էլ գյուղացին ստիպված է շուրջ 21 կմ ճանապարհ անցնել։
«Սահմանը գութանով ենք գծում»
Ջրի մասին երկար խոսելուց հետո միայն զրույցը հասնում է սահմանին։
Խաչիկը սահմանակից է Նախիջևանին, իսկ գյուղի հողերի մի մասը գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական դիտարկման տակ։ Բայց այստեղ, ի տարբերություն Սյունիքի որոշ սահմանամերձ բնակավայրերի, դրա պատճառով չմշակվող հողեր, ըստ վարչական ղեկավարի, չկան։
Խաչիկը սահմանակից է Նախիջևանին, իսկ գյուղի հողերի մի մասը գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական դիտարկման տակ։ Բայց այստեղ, ի տարբերություն Սյունիքի որոշ սահմանամերձ բնակավայրերի, դրա պատճառով չմշակվող հողեր, ըստ վարչական ղեկավարի, չկան։
Սմբատյանը գյուղացիների վերաբերմունքը մեկ նախադասությամբ է նկարագրում.
«Մեր հողերը ադրբեջանական դիտարկման ներքո են, բայց մենք սահմանը գութանով գծում ենք՝ բառիս ուղիղ իմաստով։ Մեր վերջին վարելահողից հետո քայլ ենք անում ու կանգնում ենք Նախիջևանի տարածքում։ Մինչև վերջին վարելահողը մենք վարում-ցանում ենք»։
«Մեր հողերը ադրբեջանական դիտարկման ներքո են, բայց մենք սահմանը գութանով գծում ենք՝ բառիս ուղիղ իմաստով։ Մեր վերջին վարելահողից հետո քայլ ենք անում ու կանգնում ենք Նախիջևանի տարածքում։ Մինչև վերջին վարելահողը մենք վարում-ցանում ենք»։
Սահմանը, այսպիսով, Խաչիկի առօրյայի մշտական մասն է, բայց գյուղացու այսօրվա ամենացավոտ հարցը ոչ թե այն է, թե մինչև որտեղ կարող է տանել գութանը, այլ` ջուր կհասնի՞ այդ գութանով վարած հողին։
Անասուն պահելու փոխարեն՝ 15 օր ծառայություն
Խաչիկում փոխվում է նաև գյուղական տնտեսության կառուցվածքը։ Անասնապահությամբ զբաղվողները քիչ են։ Սմբատյանը դա միայն սահմանային իրավիճակով չի բացատրում։
Նրա խոսքով՝ երիտասարդներից շատերն այսօր ընտրում են պայմանագրային զինծառայությունը։ Ամսվա մի մասը ծառայելով՝ կարող են 300–400 հազար դրամ եկամուտ ստանալ, իսկ ազատ ժամանակ զբաղվել այգեգործությամբ կամ սեփական տնտեսությամբ։

1/5
Խաչիկ գյուղի բնակիչները

2/5
Բեռնաթափման ժամանակ

3/5
Ցորենի պարկերով ավտոմեքենա

4/5
Ցորենի պարկերով ավտոմեքենա

5/5
Խաչիկ գյուղում
1/5
Խաչիկ գյուղի բնակիչները
2/5
Բեռնաթափման ժամանակ
3/5
Ցորենի պարկերով ավտոմեքենա
4/5
Ցորենի պարկերով ավտոմեքենա
5/5
Խաչիկ գյուղում
«Ավելի հեշտ են ուզում ապրել, իսկ դրա համեմատ անասնապահությունը ամենօրյա ծանր աշխատանք է և միշտ չէ, որ նույն եկամուտն է ապահովում»,– մանրամանում է վարչական ղեկավարը։
Խաչիկում սահմանին այնքան մոտ են ապրում, որ հարևան երկրի տարածքը սկսվում է գյուղացու վերջին վարելահողից անմիջապես հետո։ Բայց այդ հարևանությունը տարիների ընթացքում այստեղ սովորական առօրյա է դարձել։ Գյուղացին հողից չի հրաժարվել, սահմանին մոտ լինելն էլ նրան դաշտից տուն չի վերադարձրել։ Նրա մտահոգությունն այսօր շատ ավելի կենցաղային է` ոռոգման ջուրը հասնի, որ բերք ունենա։
