Պետք է ջրի շուկան ազատականացվի․ Նիկոլ Փաշինյանը խոսել է ոլորտի բարեփոխումներից
14:50 04.09.2026 (Թարմացված է: 14:56 04.09.2026)
Բաժանորդագրվել
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է հասնել մի կետի, որ առանց մաքրման ջուր բնություն բաց չթողնվի, քանի որ բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրներ հենց այդ պատճառով են։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի։ Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում վարելահողերի, այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը։
«Մեր վարելահողերի մեծ մասն ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի։ Էն հատվածներում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա է ոռոգման տեխնոլոգիաներն ու որակը։ Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք, էն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտար այգիներ ոռոգելու համար, մենք օգտագործում ենք մի քանի հեկտարի համար»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև անդրադարձավ ամայի, չմշակվող տարածքներին՝ ընդգծելով, որ դրանց փոխարեն կարող էինք ունենալ 1000-ավոր հեկտարներով այգիներ ու ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, սակայն մենք ի վիճակի չենք լուծել այդ խնդիրը։
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ գլոբալ խնդիրը, որին առերեսվում ենք, այն է, որ օգտագործված ջրի մաքրումը ոչ այնքան կանոն է, որքան բացառություն։ Շեշտեց՝ պետք է հասնել մի կետի, որ առանց մաքրման ջուր բաց չթողնվի բնություն, քանի որ այսօր բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրներ հենց այդ պատճառով են։
Կառավարության ղեկավարը խոսեց նաև ջրի շուկայի ազատականացման անհրաժեշտության մասին։
Կառավարության ղեկավարը խոսեց նաև ջրի շուկայի ազատականացման անհրաժեշտության մասին։
«Այսօր մենք ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց հենց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։ Կա նաև ուրիշ պրոբլեմ․ այսօր Հայաստանում կան տնտեսվարողներ և ներդրողներ, որոնք ասում են՝ «մենք վճարում ենք ջրի համար, վաճառեք մեզ ջուր»։ Թվում է, թե պարզ և տրամաբանական տնտեսական հարց է դրվում, բայց իրականում էս հնարավորությունները ՀՀ-ում սահմանափակ են առնվազն մեր ունեցած կանոնակարգերի պատճառով։ Պետք է ՀՀ-ում ի վիճակի լինենք ջրի շուկա ձևավորել»,- հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով՝ սա է այն բարեփոխումը, որը ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա։ Ըստ նրա՝ եթե ձևավորվի համակարգ և լինի քաղաքական ուղերձ, որ կարող են ներդրումներ լինել ջրի ոլորտում, և ոռոգման ջուրը կարող է շուկայական հարաբերությունների առարկա լինել, սա կարող է էականորեն փոխել իրադրությունը։
Փաշինյանն ընդգծեց, որ սահմանված բոլոր նպատակների իրականացման համար պետք է ձևավորել ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ։