Եվրասիայում մեծ հակամարտության վտանգը իրական է. Նարիշկինը` Արևմուտքի ռազմավարության մասին
16:57 04.09.2026 (Թարմացված է: 17:03 04.09.2026)

Սերգեյ Նարիշկինը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ՌԴ ԱՀԾ վարկածով՝ Արևմուտքը հետխորհրդային տարածքը դիտարկում է որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման թատերաբեմ, ակնկալում է ուկրաինական հակամարտության ձգձգում, իսկ Ուկրաինայի մոբիլիզացիոն ներուժի սպառման դեպքում պատրաստում է «պլան Բ»՝ Եվրոպայի ռազմականացում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արևմուտքը հետխորհրդային տարածքը դիտարկում է որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման թատերաբեմ և ձգտում է թուլացնել Եվրասիայի երկրների պատմական և աշխարհագրական կապերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
ԱՀԾ տվյալներով՝ հետխորհրդային պետություններին արևմտյան երկրները փաստացի չեն դիտարկում որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական դերակատարներ՝ տարածաշրջանը ընկալելով որպես բուֆերային գոտի նոր ուժային կենտրոնների հետ դիմակայությունում։
«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքին, ապա արևմտյան հետախուզության փաստաթղթերում այն դիտարկվում է նախևառաջ որպես Արևմուտքի և ուժի նոր կենտրոնների դիմակայության ասպարեզ։ Այլ կերպ ասած` եվրոպացիները չեն ընդունում տարածաշրջանի երկրների իրական աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը` ի դեմս նրանց տեսնելով ըստ էության բուֆերային գոտի, որի նկատմամբ վերահսկողությունը կապահովի գոյաբանական հակառակորդներ Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական պարտությունը», — ասաց Նարիշկինը։
ԱՀԾ-ում նաև կարծում են, որ եվրոպական երկրները ջանքեր են գործադրում ԱՊՀ պետություններում իրավիճակն ապակայունացնելու համար: Նրանց վարած պատմական քաղաքականությունը Նարիշկինն անվանեց այդ դիմակայության ուղղություններից մեկը։
«Իրական մարտադաշտ է դառնում պատմական հիշողությունը։ Արևմուտքն իր առջև ագրեսիվ նպատակ է դրել, մեջբերում եմ՝ «հաղթահարել Եվրասիական երկրների պատմականորեն և աշխարհագրորեն պայմանավորված փոխկապակցվածությունը միմյանց հետ», - հայտարարել է ԱՀԾ ղեկավարը:
Ուկրաինան որպես «պլան Ա»
Նարիշկինի ելույթի առանձին հատված նվիրված էր Ուկրաինային։ Ռուսաստանի ԱՀԾ տվյալներով՝ ՆԱՏՕ-ում ուկրաինական հակամարտության հետագա ձգձգումը համարում են Ռուսաստանի ռազմական, տեխնիկական և մոբիլիզացիոն ներուժը սահմանափակելու միջոց:
Նարիշկինի խոսքով՝ նման մոտեցումը փաստացի ենթադրում է Ուկրաինայի օգտագործում Ռուսաստանի ռազմավարական հյուծման նպատակով:
«Այս արտահայտությունը հնչում է որպես խոստովանություն։ Իսկ ո՞վ էր այդ հակամարտության նախաձեռնողը։ Ո՞վ ստիպեց Կիևի ռեժիմին ագրեսիա սկսել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների դեմ 2014 թվականի հունիսին: Իհարկե, «մենք» ենք ցանկանում, որ ուկրաինացիները շարունակեն որքան հնարավոր է շատ սպանել ռուսներին՝ մեր երկրի ռազմավարական հյուծման և դրա հետագա թալանի ակնկալիքով. սա Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի «պլան Ա»-ն է», - ասել է Նարիշկինը։
Սակայն այդ սցենարի իրագործմանը, ԱՀԾ վարկածով, խոչընդոտում է Ուկրինայի ժողովրդագրական իրավիճակը։
Նարիշկինը նշել է՝ Ուկրաինան առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում մահացության մակարդակով և միաժամանակ ունի ամենացածր ծնելիությունը. նա վկայակոչեց Ուկրաինայի արդարադատության նախարարության պաշտոնական տվյալները, որոնց համաձայն` 2026 թվականին ծնունդների թիվը չորս անգամ պակաս կլինի մահացածների թվից։
«Ըստ եվրոպական մի շարք հետախուզությունների կանխատեսումների՝ ուկրաինական բանակի զորահավաքային ներուժը մեկ տարվա ընթացքում փաստացի կսպառվի», - հայտարարեց ԱՀԾ ղեկավարը։
Եվրոպայի ռազմականացումը՝ որպես «պլան Բ»
Ուկրաինայի զորահավաքային կարողությունների սպառման դեպքում եվրոպական երկրները պատրաստում են մեկ այլ սցենար՝ Եվրոպայի լայնածավալ ռազմականացումը։
«Մի շարք եվրոպական հետախուզությունների կանխատեսումներով՝ ուկրաինական բանակի մոբիլիզացիոն ներուժը փաստացի կսպառվի մեկ տարվա ընթացքում։ Այդ պարագայի համար եվրոպացիների կողմից նախատեսված է «պլան Բ»-ն՝ Եվրոպայի ռազմականացումը», - ասաց Նարիշկինը։
ԱՀԾ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանից բխող սպառնալիքի մասին թեզը Եվրոպայում օգտագործվում է ռազմական ծախսերի ավելացման, արդյունաբերության վերակառուցման և ենթակառուցվածքների արդիականացման համար:
«Քաղաքական գործիչներն ու դրանց հետևում կանգնած ֆինանսաարդյունաբերական խմբերն Արևելքից բխող սպառնալիքի առասպելն օգտագործում են ռազմական ծախսերի կտրուկ աճի, արդյունաբերությունը ռազմական ռելսերի վրա դնելու, բանակի, ճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքների արդիականացման համար»,-ասել է նա:
Այս համատեքստում Նարիշկինը հիշեցրեց նաև մարտին Ֆրանսիայի կողմից ընդունված ընդլայնված միջուկային զսպման հայեցակարգի մասին, որը ենթադրում է ֆրանսիական միջուկային ներուժը եվրոպական դաշնակիցների վրա տարածելու հնարավորության քննարկում:
Միևնույն ժամանակ, ԱՀԾ ղեկավարը կասկածում է, թե եվրոպական հանրությունը պատրաստ է լայնածավալ ռազմական հակամարտության:
«Միայն սպառող և տրանսհումանիզմ «դավանող» եվրոպական հասարակությունն օբյեկտիվորեն պատրաստ չէ լայնածավալ և ավերիչ պատերազմի Արևելքում, քանի որ չափազանց փափկակյաց է և այլասերված», — հայտարարել է Նարիշկինը։
Ռուսաստան, Չինաստան, Իրան և ԿԺԴՀ
Արևմուտքի դիմակայությունը չի սահմանափակվում Մոսկվայի հետ հարաբերությունների շրջանակով։ Նարիշկինը ընդգծել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և ԿԺԴՀ-ն դիտարկում են, որպես միացյալ հակառակորդների նոր խումբ:
«Ուժերը ներքին խնդիրների լուծմանը ուղղելու փոխարեն եվրոպական վերնախավերը գնում են ինքնիշխան եվրասիական տերությունների հետ հարաբերությունների սրման ճանապարհով։ Ստեղծվել է նոր, այսպես կոչված, «չարիքի առանցք» և, ինչպես այն անվանում են արևմտյան հատուկ ծառայությունները, «ցնցումների առանցք»՝ ի դեմս Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի», - ասել է ՌԴ ԱՀԾ տնօրենը։
Այս տրամաբանության մեջ, ըստ զեկույցի, հետխորհրդային տարածքը հատուկ նշանակություն է ստանում որպես Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների միջև ընկած տարածություն: Այդ իսկ պատճառով ԱՀԾ-ն ԱՊՀ երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կապում է ավելի լայն աշխարհաքաղաքական դիմակայության հետ։
Հետագա սրացումների վտանգը
Նարիշկինը նաև անդրադարձել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման հետագա սրման վտանգին: Որպես հաջող ապաէսկալացիայի պատմական օրինակ նա նշել է Կարիբյան ճգնաժամը, երբ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կարողացան փոխզիջումների գնալ և խուսափել ուղղակի ռազմական բախումից։
«Պատմությունը, թեկուզև փոքրաթիվ, բայց ունի էսկալացիայի սրացումից բարեհաջող խուսափելու օրինակներ։ Դրանցից առավել ցայտուններից է Կարիբյան ճգնաժամը, երբ մեր ընդհանուր մեծ երկիրը՝ Խորհրդային Միությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգները կարողացան փոխզիջումների գնալ և աշխարհը փրկել միջուկային պատերազմից», - ասաց Նարիշկինը։
Ընդ որում, ԱՀԾ տնօրենը կասկածում է, թե արևմտյան ներկայիս առաջնորդները պատրաստ են նման որոշումների:
«Մենք որոշակի հիմքեր ունենք կասկածելու, թե մեր օրերի Արևմուտքում, հատկապես Եվրոպայում, կան վճռական և պատասխանատու քայլերի ընդունակ պետական գործիչներ», - հայտարարել է նա: