Եվրոպացիները քննարկել են ՌԴ ընտրություններին ընդառաջ իրավիճակն ապակայունացնելու հարցեր
15:39 31.08.2026 (Թարմացված է: 15:40 31.08.2026)

© Sputnik / Станислав Красильников
/ Բաժանորդագրվել
ԵՄ-ն և Եվրոպայի առաջատար երկրները քվեարկության միասնական օրվան ընդառաջ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու լայնամասշտաբ ռազմավարություն են իրականացնում, հայտարարել են ՌԴ ԱՀԾ-ում։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Եվրոպական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Ուկրաինա կատարած այցերի ընթացքում քննարկել են Ռուսաստանում ընտրությունների ենթակառուցվածքների վրա կիբեռհարձակումների կազմակերպման ծրագրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
«Եվրոպական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ Ուկրաինա հերթական դարձած այցերի ընթացքում քննարկվում են ընտրությունների ենթակառուցվածքների վրա կիբեռհարձակումների կազմակերպման ծրագրերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Եվրոպական միությունը և Եվրոպայի առաջատար երկրները քվեարկության միասնական օրվան ընդառաջ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու լայնամասշտաբ ռազմավարություն են իրականացնում։
Մասնավորապես, Եվրոպական միությունը ռուսական ոչ համակարգային ընդդիմության առջև խնդիր է դրել փնտրել և կեղծել կուսակցությունների ներկայացուցիչների վերաբերյալ վարկաբեկող նյութեր, ինչպես նաև սադրանքներ կազմակերպել Ռուսաստանում Պետդումայի պատգամավորների ընտրությունների ժամանակ։
«Նմանատիպ օրակարգ են մշակում, ընդ որում՝ ոչ անհատույց, նաև Եվրոպական խորհրդարանի հարթակում գործող «Բրյուսելյան երկխոսություն» ձևաչափի դավաճանները (այն տարբերությամբ, որ նրանք ՌԴ քաղաքացիներից ակնկալում են ոչ թե «աբսենտեիզմ» (պարտականությունների չկատարում-խմբ.), այլ ակտիվ քաղաքացիական անհնազանդություն)։ Վիլնյուսում և Բեռլինում վերջերս տեղի ունեցած միջոցառումների ժամանակ ժողովրդավարության եվրոպական գերեզմանափորները «ոչ համակարգայինների» առջև խնդիր են դրել փնտրել և կեղծել վարկաբեկող նյութեր համակարգային քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների վերաբերյալ, ինչպես նաև սադրանքներ կազմակերպել ՌԴ-ում և արտերկրում գտնվող ընտրատեղամասերում»,- ասված է ԱՀԾ հաղորդագրության մեջ։
Իսկ ԵԽԽՎ-ն և Եվրոպական խորհրդարանը պատրաստվում են հայտարարել Ռուսաստանում ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։
«Առկա տեղեկությունների համաձայն՝ ընտրական փուլի ավարտից հետո ԵԽԽՎ-ն և Եվրոպական խորհրդարանը պատրաստվում են հանդես գալ Ռուսաստանում ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ հայտարարություններով՝ դրանց նախապատրաստման և անցկացման ընթացքում «կոպիտ խախտումների» պատճառաբանությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Պետդումայի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին։ Ընտրվելու է 450 պատգամավոր․ 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով, 225-ը՝ դաշնային ընտրատարածքով։