Հնարավոր է` Արցախի ՀԷԿ–երից են մեզ վրա էլեկտրաէներգիա ծախելու. փորձագետը` Ադրբեջանի մասին
Բաժանորդագրվել
Ըստ Մանվելյանի` այս պահին, քանի դեռ ՀԱԷԿ-ն աշխատում է, ՀՀ-ն այդ էլեկտրաէներգիայի կարիքը չունի։ Բայց եթե ատոմակայանը փակվի, Հայաստանը կարող է վերածվել էլեկտրաէներգիայի հիմնականում ներմուծողի։ Եվ այդ պայմաններում արդեն խոսքը ոչ թե փոխլրացման, այլ կախվածության մասին կլինի։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի հնարավոր սինխրոնացումը կարող է ոչ թե պարզապես էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորություն ստեղծել, այլ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանին կախվածության մեջ դնել ադրբեջանական էներգետիկ համակարգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին հայկական Բերձորում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2 երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները։ Խոսվել է նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակների մասին։
Մանվելյանի խոսքով՝ հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ էներգետիկ համակարգերի հնարավոր միացման թեման քննարկվում է Հայաստանում գործող ատոմակայանի փակման մասին Ադրբեջանի պահանջների ֆոնին։ Մինչև Արցախի հայաթափումը Հայաստան-Արցախ բարձրավոլտ էներգահամակարգն անցնում էր հենց Բերձորի ուղղությամբ։ Հիմա այդ համակարգը, ըստ Մանվելյանի` կարող է օգտագործվել Հայաստանի էլեկտրամատակարարման համար։
«Շատ հնարավոր է, որ Արցախից գողացված, զավթած ՀԷԿ-երից սկսելու են մեզ վրա էլեկտրաէներգիա վաճառել։ Գաղափարը` դա է։ Բայց այստեղ վտանգն այն է, որ Հայաստանը կարող է հայտնվել ադրբեջանական էներգետիկ համակարգից կախվածության մեջ։ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով` ՀԱԷԿ-ի փակման և ադրբեջանական համակարգին միանալու գործընթացները միմյանցից առանձնացնել չի կարելի։ Բացահայտ նախապայման, իհարկե, չի դրվում՝ ատոմակայանը փակե՛ք, և մենք ձեզ էլեկտրաէներգիա կմատակարարենք։ Բայց իրականում որոշակի նախապայման այստեղ կա։ Եթե փակում ենք ատոմակայանը, արդեն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ենք ունենում և ստիպված ենք դառնում ներմուծել։ Այդ դեպքում կախվածությունն արդեն խորքային բնույթ է ստանում»,– նշեց Մանվելյանը։
Փորձագետի խոսքով՝ տեխնիկապես էներգահամակարգերի սինխրոնացումը կարող է նախատեսել ինչպես էլեկտրաէներգիայի ներմուծում, այնպես էլ արտահանում։ Այս պահին, ըստ Մանվելյանի` քանի դեռ ատոմակայանն աշխատում է, Հայաստանն Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման կարիքը չունի։ Բայց եթե ատոմակայանը փակվի, ապա Հայաստանը կարող է վերածվել էլեկտրաէներգիա ներմուծող երկրի։ Եվ այդ պայմաններում արդեն խոսքը ոչ թե փոխլրացման, այլ կախվածության մասին է։
«Ցանկացած նման գործընթաց թշնամական պետության հետ ինքնին ռիսկեր է պարունակում։ Սինխրոնացման վտանգն էլ այն է, որ կարող է ինչ-որ բան տեղի ունենալ համակարգում, և մենք էլեկտրաէներգիա չունենանք»,– ասաց Մանվելյանը։
Նա չի բացառում նաև, որ նոր ենթակառուցվածքը կարող է օգտագործվել Նախիջևանին էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով։
Նա չի բացառում նաև, որ նոր ենթակառուցվածքը կարող է օգտագործվել Նախիջևանին էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում ասել էր, թե Ադրբեջանի հիմնական հատվածից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման նախագիծը իրենց մոտ պատրաստ է։
«Նախիջևանին էլեկտրաէներգիա մատակարարելը կարող է լինել այդ ծրագրի նպատակներից մեկը, քանի որ Նախիջևանը էլեկտրաէներգիա ստանում է նաև Իրանից և Թուրքիայից։ Բայց հիմնական նպատակը, իմ կարծիքով, Հայաստանի էներգետիկ կախվածության ձևավորումն է»,– ասաց նա։
Մանվելյանի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև համակարգերի սինխրոն աշխատանքի տեխնիկական ռիսկը։ Երբ տարբեր երկրների էներգահամակարգերը միացվում են, մեկ համակարգում տեղի ունեցած վթարը կարող է ազդեցություն ունենալ մյուսի վրա։
Մանվելյանի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև համակարգերի սինխրոն աշխատանքի տեխնիկական ռիսկը։ Երբ տարբեր երկրների էներգահամակարգերը միացվում են, մեկ համակարգում տեղի ունեցած վթարը կարող է ազդեցություն ունենալ մյուսի վրա։
Նա որպես օրինակ բերեց Վրաստանում էլեկտրամատակարարման խափանումների դեպքերը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի փոխկապակցված էներգահամակարգերում մեկ երկրում տեղի ունեցած վթարը կարող է շղթայական ազդեցություն ունենալ հարևան երկրների վրա։
«Մոտ տասը տարի առաջ Իրանում տեղի ունեցած վթարը անդրադարձավ նաև Հայաստանի էներգահամակարգի վրա։ Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի խնդիրներ առաջացան։ Կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Հայաստանում անընդհատ էներգետիկ խնդիրներ առաջանան»,– նշեց նա։
Մանվելյանն անդրադարձավ նաև ադրբեջանական էլեկտրաէներգիայի հնարավոր գնին՝ ընդգծելով, որ ներկայում հայտնի չէ, թե ինչ պայմաններով է այն վաճառվելու Հայաստանին։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը շուկա մտնի էժան էլեկտրաէներգիայով, դա կարող է առաջին հայացքից շահավետ թվալ Հայաստանի տնտեսության համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում նման քաղաքականությունը կարող է վերածվել կախվածության մեխանիզմի։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը շուկա մտնի էժան էլեկտրաէներգիայով, դա կարող է առաջին հայացքից շահավետ թվալ Հայաստանի տնտեսության համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում նման քաղաքականությունը կարող է վերածվել կախվածության մեխանիզմի։
Փորձագետը միաժամանակ չի կիսում այն մոտեցումը, թե ժամանակի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական հարաբերությունները կարող են այնքան բարելավվել, որ էներգետիկ կախվածության ռիսկն այլևս էական չլինի։ Նրա խոսքով՝ չարժե հույս դնել այն կանխատեսման վրա, թե առաջիկա 10 տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում այնպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որ երկու երկրների քաղաքական համակարգերը կդառնան կայուն և վստահելի։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարի 21-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից։
