Թե ոնց է կոնյակը մեր ազգային արժեքը, լավ չեմ հասկանում. Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Վարչապետը ընդդիմությանն առաջարկեց կողմ քվեարկել «կոնյակ» անվանումը չօգտագործելու մասին օրինագծին:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օրենքի նախագիծ մշակել, որով կարգելվի «կոնյակ» բառի օգտագործումը։ Նա այդ մասին ասաց ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։
Պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները մինչև հիմա չեն ստեղծել ժամանակակից լաբորատորիաների ցանց՝ ապրանքների որակը վերահսկելու համար, Փաշինյանն ասաց, որ դրա վրա պետք է աշխատել, բայց շատ հարցեր կարելի է և պետք է լուծել նաև առանց լաբորատորիաների օգնության։
«Աշխարհում չկա մի լաբորատորիա, որը մեր արտադրած խմիչքի վերաբերյալ եզրակացություն տա, որ դա կոնյակ է։ Կոնյակը միջազգային չափանիշներով ֆրանսիական ըմպելիք է, և թե ոնց է կոնյակը մեր ազգային արժեքը, լավ չեմ հասկանում։ «Կոնյակ» նշանակում է ալկոհոլ, որը արտադրվում է Ֆրանսիայի համապատասխան շրջանում տեղական խաղողից: Այսպիսով, եկեք որոշենք՝ մենք պե՞տք է հրաժարվենք այդ բառից, թե՞ ոչ: Երբ ես այս մասին խոսում եմ կառավարությունում, մեր ընդդիմադիր շրջանակները հայտարարում են, որ իշխանությունները ցանկանում են հրաժարվել հերթական ազգային արժեքից։ Եկեք օրինագիծ ներկայացնենք, որով կարգելվի այդ բառն օգտագործել, դուք էլ (դիմում է ընդդիմությանը) ,ասեք, որ կողմ կքվեարկեք (թեև ԵՄ - ի հետ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները դեռ չեն պահանջում. խմբ.)»,- հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, Հայաստանը պետք է հրաժարվի «կոնյակ» անվանումից 14 տարվա ընթացքում (այսինքն՝ մինչև 2031 թվականը) ներքին շուկայում և 25 տարվա ընթացքում (մինչև 2042 թվականը)՝ արտասահմանյան շուկայում: Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն պարտավորվել է տեխնիկական աջակցության դրամաշնորհ տրամադրել Հայաստանին հայկական կոնյակը շուկաներում առաջ մղելու համար, սակայն նոր անվան տակ՝ Armenian Brandy:
Հիշեցնենք, որ հայկական կոնյակի շուրջ 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստան։