Ինչու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին օրակարգում չէ․ բացատրում է Փաշինյանը

© Sputnik
Բաժանորդագրվել
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բացատրեց՝ ինչու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այլևս Հայաստանի արտաքին օրակարգում չէ։
«Մենք, որ 19-րդ դարում մեկնարկած մեր գաղթն այդպես էլ չէինք դադարեցրել, նույնիսկ 1991 թվականից պետություն ունենալու պայմաններում շարունակում էինք ավետյաց մեր հայրենիքի փնտրտուքը, միայն պատմության քննությունից կտրվելու վերջին պահին հասկացանք, որ պատմական արդարության մասին երազելու կարիք չկա, հայրենիքի մասին երազելու կարիք չկա, որովհետև մեր երազանքներն իրականացված են, որովհետև ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է։ Այժմ մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, և այդ հենքի վրա հնարավոր եղավ հաստատել խաղաղություն։ Որոշել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ապրիլի 24-ը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայաստանինն է, հայ ազգինն է։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։