Տիգրանաշենն Ադրբեջանին տալը կպարալիզացնի ՀՀ հարավը. Հարությունյանը` անկալվների մասին

Խոսրով Հարությունյանը
© Sputnik
Բաժանորդագրվել
Ըստ Խոսրով Հարությունյանի` երբ ի օգուտ մեզ լուծվի Տիգրանաշենի հարցը, ապա տարածքային ամբողջականության հարցը կլուծվի։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն Ադրբեջանին տալու դեպքում հաշված շաբաթների ընթացքում հանրապետության հարավային հատվածի հետ կապը կպարալիզացվի, և լարված իրավիճակ կստեղծվի։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նշենք, որ օգոստոսի 20-ին Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Տավուշի գյուղեր)՝ ոչ։ Միևնույն ժամանակ դեռ 2022 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե անկլավների հետ կապված իրավական հիմքեր չկան։
«Տիգրանաշենն Ադրբեջանին տալու դեպքում հաշված շաբաթների ընթացքում այն ռազմական հենակետ չի՞ դառնա։ Անկասկած կդառնա։ Նշանակում է, որ դեպի հարավ գնացող հիմնական ճանապարհը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ստացվելու է, որ մի կողմից Ջերմուկի գլխին են կանգնած, մյուս կողմից` Տիգրանաշենում։ Դեպի հարավ հերիք է մի քանի մեքենայի ուղղությամբ կրակահերթեր լինեն, այլևս որևէ մեքենա այդ կողմ չի գնա։ Սա էլ իր հերթին կբերի Սյունիքի, Վայոց Ձորի հետ կապի պարալիզացմանն ու հայաթափմանը»,– նշեց Հարությունյանը։
Նա ընդգծեց` նույնը վերաբերում է Բարխուդարլուին. սրանք կարևոր ռազմավարական կետեր են, որոնք, եթե հայտնվեն թշնամու ռազմական վերահսկողության տակ կամ ռազմական հենակետ դառնան, ապա կարող են սպառնալ ՀՀ տարածքային ամբողջականությանը։
Ըստ նախկին վարչապետի` ԵԱՀԿ քարտուղարության 2017 թվականի դեկտեմբերի «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում. հրատապ հարցեր և լուծումներ» փաստաթղթում արձանագրված է, որ ապագա սահմանը չի կարող դառնալ լարվածության և ռազմական բախումների աղբյուր երկու պետության միջև։ Հարությունյանը նշեց, որ այդ փաստաթղթի հիման վրա սահմանազատում ու սահմանագծում արել են Բելառուսն ու Լիտվան, Ղազախստանն ու Ղրղզստանը։
Հիշեցրեց` Փաշինյանը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների կազմակերպման համար հղում է կատարում Ալմա Աթայի հռչակագրին, համաձայն որի կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ԽՍՀՄ վարչական սահմաններն ընդունում որպես միջպետական սահման։
«1980-ականներից սահմանազատման և սահմանագծման հետ կապված աշխատանքներ էին տարվում ու 1989 թվականի հունվարի 12-ից արդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ նշված էր վարչական սահմանը, դրա հիման վրա հենասյուներ են դրվել, այսինքն` այդ պետական սահմանն արդեն կար։ Ի դեպ, դրանցից մի քանիսը Կիրանցում սահմանազատման ժամանակ հեռացվեցին»,– հիշեցրեց Հարությունյանը։
Լարվածությունից խուսափելու համար Հարությունյանը կոչ է անում առաջնորդվել ԵԱՀԿ քարտուղարության փաստաթղթով։ Նախկին վարչապետը նշում է, որ Ալիևը որևէ տարբերակի չի համաձայնելու, քանի որ դրանք չեն համապատասխանի իր սպասելիքներին։ Այդ դեպքում վիճելի հարցերի համար պետք է դիմել դիվանագիտական խողովակներին ու ներգրավել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։
Ըստ բանախոսի` այս քայլերին դիմելու պարագայում, երբ Տիգրանաշենի հարցը ի օգուտ մեզ լուծվի, տարածքային ամբողջականության հարց չի լինի։
Հարությունյանը պնդում է` երկրները պետք է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն առանց կիլոմետրերի, միջազգային պրակտիկայում քառակուսի կիլոմետրով գնահատում գոյություն չունի։
Հարությունյանը պնդում է` երկրները պետք է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն առանց կիլոմետրերի, միջազգային պրակտիկայում քառակուսի կիլոմետրով գնահատում գոյություն չունի։
Հավելենք, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների կազմակերպման ժամանակ ՀՀ վարչապետը պարբերաբար հղում է անում 1991 թվական Ալմաթիի հռչակագրին` նշելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության և սահմանազատման հիմնարար քաղաքական հիմքը։ Այսպիսով, կառավարությունը հռչակագիրն օգտագործում է որպես իրավական գործիք՝ Ադրբեջանի հետ հետագա ռազմական բախումները բացառելու և պետական սահմանն ամրագրելու համար։