Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայել. Փաշինյանը
13:35 20.08.2026 (Թարմացված է: 15:42 20.08.2026)

© Photo : official site of the Prime Minister of RA
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի` առաջիկայում Հայաստանի էներգետիկ ռազմավարությունները, ներառյալ ատոմակայանի հետ կապված թեման, պետք է համեմատության մեջ դնեն տեխնոլոգիական ոլորտի արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ` խնդիրներից խուսափելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հստակ որոշել է, թե որ երկրի հետ է համագործակցելու մոդուլային ատոմակայաններ կառուցելու համար։
Փաշինյանը նշեց, որ մոդուլային ատոմակայանների հետ կապված Հայաստանը դեռ հստակ որոշում չունի, սակայն առաջիկայում պետք է դրանք կայացնել , քանի որ թեմայի շուրջ «նոր կոմպոնենտ է առաջացել»։
«Մենք մեր էներգետիկ ռազմավարությունը պետք է վերանայենք։ Հիմա մենք արդեն 2 արհեստական բանականության գործարան ունենք հանրապետությունում, բայց այդ ոլորտում ներդրումների մտադրություն ունեցող տնտեսվարողները հարց են բարձրացրել, իրենք ասել են, որ այն ծրագրերին, որոնք պատրաստվում են իրականացնել, մեր էներգետիկ ոլորտի կարողություններն ու ռազմավարությունները չեն համապատասխանում, և մենք շատ արագ կարող ենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունենալ։ Արհեստական բանականության գործարանները շատ մեծ ծավալի էլեկտրական էներգիա են սպառում»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ առաջիկայում Հայաստանի էներգետիկ ռազմավարությունները, ներառյալ ատոմակայանի հետ կապված թեման, պետք է համեմատության մեջ դնել տեխնոլոգիական ոլորտի արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ, որպեսզի հետագայում այդպիսի խնդիրներ չլինեն։ Բայց մոտ ապագայում այդպիսի խնդիրներ չկան։
Անդրադառնալով հարցին` արդյոք Հայաստանում կառուցվելիք տվյալների պահպանման ու մշակման կենտրոնները կարո՞ղ են հանգեցնել էներգետիկ ճգնաժամի, որի արդյունքում ՀՀ իշխանությունը հրաժարվի մոդուլային փոքր ռեակտորների կառուցումից, Փաշինյան ասաց, որ պետք է հաշվարկեն արհեստական բանակության գործարանների զարգացման պլանավորված և էներգետիկ կարողությունների զարգացման տեմպը։
Ըստ նրա` միայն այդ տեմպերի համադրումից հետո պետք է գալ վերջնական որոշման։
Նա վստահեցրեց` մոտ ապագայում երկրում էլեկտրաէներգիայի պակաս չի լինի, սակայն պետք է մտածել էներգետիկայի զարգացման նոր ուղիների, այդ թվում՝ ԱԷԿ–ի կառուցման մասին։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սկզբից Հայաստանում շահագործման են հանձնվել արհեստական բանականության երկու խոշոր տեխնոլոգիական նախագծերը՝ «Eleveight»–ը և «Firebird»–ը։ Առաջիկա 1–2 տարում նրանք նախատեսում են ընդլայնել իրենց կարողությունները։ «Eleveight AI» գերժամանակակից տվյալների մշակման կենտրոնը բացվել է Գագարին ավանում։ Օգոստոսի 8–ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործարկվել է «Firebird AI»–ի տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության տվյալների կենտրոնը`«ԱԲ գործարանի» (AI Factory) առաջին փուլը։ Մի քանի ամիս առաջ էլ Երևանի պետական համալսարանում իր աշխատանքն է սկսել Nvidia պրոցեսորների վրա հիմնված տվյալների մշակման հետազոտական կենտրոնը։
Նշենք նաև, որ մոդուլային ատոմակայանների կառուցման համար Հայաստանը պաշտոնական առաջարկներ է ստացել մի շարք առաջատար երկրներից` Ռուսաստան, ԱՄՆ, և դեռ գտնվում է ակտիվ քննարկումների ու համեմատությունների փուլում։ Առաջարկներ և քննարկումներ կան նաև Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը սահմանված է մինչև 2036 թվականը։ Նոր կայանի կառուցումը տևում է շուրջ 10 տարի, այդ պատճառով ՀՀ կառավարությունը նոր ատոմակայանի կոնկրետ մոդելի և գործընկերոջ վերջնական ընտրությունը նախատեսում է կատարել մոտ ժամանակներս (2026-2027թթ․):
Նշենք նաև, որ մոդուլային ատոմակայանների կառուցման համար Հայաստանը պաշտոնական առաջարկներ է ստացել մի շարք առաջատար երկրներից` Ռուսաստան, ԱՄՆ, և դեռ գտնվում է ակտիվ քննարկումների ու համեմատությունների փուլում։ Առաջարկներ և քննարկումներ կան նաև Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը սահմանված է մինչև 2036 թվականը։ Նոր կայանի կառուցումը տևում է շուրջ 10 տարի, այդ պատճառով ՀՀ կառավարությունը նոր ատոմակայանի կոնկրետ մոդելի և գործընկերոջ վերջնական ընտրությունը նախատեսում է կատարել մոտ ժամանակներս (2026-2027թթ․):