X պահի ԵՄ–ն ստիպված կլինի տեսնել ՀՀ–ում մարդու իրավունքների կոպիտ խախտումները. Մելիքյան
22:13 14.08.2026 (Թարմացված է: 22:58 14.08.2026)

© Photo : official site of the Prime Minister of RA
Բաժանորդագրվել
ԵՄ–ն Հայաստանի առաջ նաև ներքին ժողովրդավարական բարեփոխումների պահանջ է դրել։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի համոզմամբ, Արևմուտքը խախտումների վրա աչք է փակում, բայց ինչ–որ պահի ստիպված է լինելու նկատել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վիզաների ազատականացման մասին ՀՀ ՆԳՆ փոխնախարարի հայտարարության մեջ որևէ «դարակազմիկ» բան չկա, Փաշինյանի ազդարարած ժամկետն էլ դեռ մեծ հարցականի տակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Օգոստոսի 14-ին հրավիրած ասուլիսում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Նրա խոսքով` ԵՄ–ը Հայաստանին է ներկայացրել 53 ռեկոմենդացիա` օրենսդրության և քաղաքականության մշակման վերաբերյալ։ Դրանց շրջանակում ՀՀ իշխանությունները 113 գործողություն են մշակել, որոնց կեսից ավելին, ըստ Ղազարյանի, արդեն կատարված է։
«Եթե այս փուլի համար ներկայացված ռեկոմենդացիաների կեսը կարողացել են անել, դա ավելի շատ ոչ թե աշխատանքի շնորհիվ է, այլ ցույց տալու, որ իրենք շատ պատրաստակամ են խորացնելու հարաբերությունները ԵՄ–ի հետ։ Հիմա իրենց օդի ու ջրի պես պետք է ցույց տալ այդ հակվածությունը, թե իրենք ուզում են գործընթացը մտցնել ավարտական փուլ»,– կարծում է դիվանագետը։
Իրականում, Մելիքյանի խոսքով, վիզաների ազատականացման գործընթացը բավական երկար ժամանակ է պահանջում և մեծապես կախված է լինելու քաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումներից։
Ինչ վերաբերում է արդեն կատարված «տնային աշխատանքին», նախկին պաշտոնյան չի բացառում, որ դրանք հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր են եղել, որոնք ավելի դյուրին լուծելի են։ Մինչդեռ հետագա պահանջները, որոնք ավելի լուրջ առարկայական լուծում պահանջող են, Մելիքյանի կարծիքով ՀՀ իշխանությունների համար շատ ավելի դժվար է լինելու հաղթահարելը։
Բացի կենսաչափագրական անձնագրերի ներդրումներից, սահմանների և միգրացիայի համալիր կառավարումից, ԵՄ–ն Հայաստանի առաջ նաև ներքին ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, խտրականության բացառման, հանրային անվտանգության ապահովման պայմաններ է դրել, ու թեև այս պահին Արևմուտքը այդ հարցերի վրա աչք է փակում, բայց Վահագն Մելիքյանի կարծիքով, ինչ–որ «իքս» պահի բավականին լուրջ ուշադրություն է դարձնելու։
«Այնպես չէ, որ այդ կոնսենսուս կոչվածը և վերջնական քաղաքական որոշումը կարող են ուղղակիորեն ազդել և աչք փակել այն ամենակարևոր արժեհամակարգերի վրա, անկախ նրանից, որ մեր օրերում այդ արժեհամակարգերը ուղղակի փոշիացվել են կամ հավասարվել են գետնին։ Դրա վառ ապացույցներն են Հայաստանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, իրավական համակարգի ուղղակի ռեպրեսիվ մեխանիզմների աշխատեցումը, ունեզրկման այն գործընթացը, որին մենք վերջին շաբաթներին ականատես ենք լինում, բայց չի կարող ինչ-որ «իքս» պահի դրա մասին չբարձրաձայնվել»,– ասում է մեր զրուցակիցը` այդ հարցում կարևորելով ընդդիմադիր դաշտի մեսիջները եվրոպական մայրաքաղաքներին։
Ավելի հեռուն նայելով` Մելիքյանը չի բացառում, որ վիզաների ազատականացման գործընթացին զուգահեռ աճեն նաև միգրացիոն հոսքերը։
«Անշո՛ւշտ, այդ երևույթները՝ կապված սոցիալ-հոգեբանականից մինչև պատերազմական իրավիճակներ, ռիսկային գոտիներ և այլ շատ գործոնների հետ, շատ ավելի աճելու են։ Դրա ականատեսը վերջին ժամանակներում մենք եղանք Սեուտայի կամ Մարոկկոյի դեպքում։ Այսինքն՝ ազատականացունը միանշանակ կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ»,– նշում է դիվանագետը։
Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2026 թվականին Եվրոպական հանձնաժողովը Երևանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (Visa Liberalisation Action պլան, VLAP) կատարման մասին առաջին զեկույցը։