Աշխատանքները տապալելո՞ւ համար. ինչու է «Ուժեղ Հայաստանն» ընտրել եվրաինտեգրման հանձնաժողովը

Տիգրան Աբրահամյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով՝ լավ դիվանագիտության խնդիրն է ոչ թե երկիրը հակադրությունների գործիք դարձնել, այլ փորձել հավասարակշռված հարաբերություններ կառուցել բոլոր կողմերի հետ՝ ելնելով Հայաստանի ազգային շահերից։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է ղեկավարել ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը ոչ թե գործընթացը տապալելու, այլ առկա խնդիրները լուծելու համար։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե կա կարծիք, որ հենց այս հանձնաժողովն են ընտրել՝ եվրաինտեգրման աշխատանքները տապալելու համար։
«Հայաստանը պետք է բալանսավորված քաղաքականություն վարի բոլոր պետությունների հետ՝ թե՛ ԵԱՏՄ երկրների, թե Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե Պարսից ծոցի պետությունների հետ․․․ Մենք բոլոր միջազգային հարաբերություններում առաջնորդվում ենք ՀՀ ազգային շահով։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, այո, Հայաստանը դրանք պետք է զարգացնի, խորացնի, իսկ հիմա ոլորտներ կան, որտեղ համագործակցությունը 2018թ․-ից հետո ավելի է վատթարացել»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ օրինակ, Հայաստանի և ԵՄ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը ոչ միայն ցածր մակարդակի վրա է, այլև անկում է ապրում, հայկական ավիացիան էլ արդեն մի քանի տարի է՝ ԵՄ «սև ցուցակում» է և այլն։ Պատգամավորը նշեց՝ կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց ուղղությամբ էլ աշխատանքներ են տանելու։
«Թղթի վրա ընդունվել է եվրաինտեգրման մասին օրենք, բայց հողի վրա որևէ բան չի արվում։ Մենք ունենք առևտրային հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ, որի հետ ապրանքաշրջանառությունը աճում է, ԵՄ-ի հետ՝ անկում ապրում»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա՝ որքան էլ գործող իշխանություններն անընդհատ հայտարարում են տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին, բայց իրականում այն չկա։
Ըստ նրա՝ որքան էլ գործող իշխանություններն անընդհատ հայտարարում են տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին, բայց իրականում այն չկա։
«Եթե տանենք, Էյֆելյան աշտարակի մոտ հայկական ծիրանը նկարենք, չի նշանակի, որ հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա, կամ եթե հայկական լոլիկը մի տեղ նկարենք, չի նշանակի, որ հայկական լոլիկը հասել է Եվրոպա»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս ամենի համար մեծ ու երկարատև աշխատանք պետք է կատարվի։
Վստահ է՝ լավ դիվանագիտության խնդիրն է ոչ թե հակադրությունների գործիք դարձնել երկիրը, այլ փորձել հավասարակշռված հարաբերություններ կառուցել բոլոր կողմերի հետ ՝ ելնելով Հայաստանի ազգային շահերից։
Վստահ է՝ լավ դիվանագիտության խնդիրն է ոչ թե հակադրությունների գործիք դարձնել երկիրը, այլ փորձել հավասարակշռված հարաբերություններ կառուցել բոլոր կողմերի հետ ՝ ելնելով Հայաստանի ազգային շահերից։