Արամյանը նշում է ռուսական սահմանափակումների հնարավոր հետևանքներն ու ելքեր առաջարկում

© Sputnik / Tigran Hakobyan
Բաժանորդագրվել
Եթե գյուղատնտեսության ոլորտում արտահանումը լիարժեք դադարի, դա ոչ միայն հարկային մուտքերի կորուստ կլինի, այլ նաև սոցիալական լուրջ խնդիր կստեղծի, որովհետև գյուղատնտեսությամբ զբաղվող բազմաթիվ տնային տնտեսություններ կհայտնվեն ծանր վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մեկուկես տոկոսը ընդհանուր առմամբ շատ մեծ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ մենք 7 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, իսկ ՀՆԱ-ի աճը տարածաշրջանում ամենաբարձրերից մեկն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականը։
Ավելի վաղ ԿԲ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի սահմանափակումները կարող են ազդել Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 1–1,5 տոկոսի վրա։
Արամյանի խոսքով՝ այդ ցուցանիշը գնահատելիս կարևոր է հասկանալ, թե ինչ սցենար է դրված հաշվարկների հիմքում։
«Որպեսզի հասկանանք՝ 1–1,5 տոկոսը շատ է, թե քիչ, պետք է մտածենք նաև դրա տակ դրված սցենարի մասին։ Սցենարը կարող է լինել տարբեր», – նշեց նա։
Նրա տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան կազմել է շուրջ 2,9 միլիարդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 35–36 տոկոսը, ՀՆԱ-ի՝ մոտ 10 տոկոսը։ Սակայն այդ ծավալի զգալի մասը վերաարտահանում է, ուստի իրական ազդեցությունը պետք է գնահատել հենց Հայաստանում ստեղծվող ավելացված արժեքի տեսանկյունից։
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հիմնականում գյուղատնտեսական ապրանքների, որոշ ոգելից խմիչքների, ձկնամթերքի և հանքային ջրերի նկատմամբ։ Մեր ամբողջ գյուղմթերքի, ներառյալ ձկնեղենի արտահանումը տարբեր տարիների հաշվարկներով կազմել է շուրջ 280–300 միլիոն դոլար։ Արտահանումը պարզապես վաճառք չէ․ դա արտադրություն է, աշխատատեղ, ավելացված արժեք», – ասաց Արամյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը զգալիորեն կրճատվի, հետևանքները չեն սահմանափակվի միայն տնտեսական ցուցանիշներով։
«Դա ոչ միայն հարկային մուտքերի կորուստ կլինի, այլ նաև սոցիալական լուրջ խնդիր կստեղծի, որովհետև գյուղատնտեսությամբ զբաղվող բազմաթիվ տնային տնտեսություններ կհայտնվեն ծանր վիճակում», – նշեց ֆինանսների նախկին նախարարը։
Գնանկում հնարավոր է, բայց դա լուծում չէ
Անդրադառնալով ԿԲ-ի այն գնահատականին, որ չարտահանված արտադրանքի մի մասը հնարավոր կլինի վերաուղղել ներքին շուկա, Արամյանը նշեց, որ նման սցենարը տեսականորեն հնարավոր է։
«Եթե արտադրանքը չի արտահանվել, այն պետք է իրացվի։ Դա կարող է հանգեցնել գնանկմանր։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե Կենտրոնական բանկը ինչ ենթադրությունների վրա է կառուցել իր գնահատականը՝ ստատուս քվո՞ն է պահպանվելու, թե՞ հնարավոր են լրացուցիչ սահմանափակումներ», – ասաց նա։
Արամյանի խոսքով՝ այն թեզը, թե Հայաստանը կարող է արագ վերաուղղել արտահանումը դեպի այլ շուկաներ, իրատեսական չէ։
«2018 թվականին Հայաստանի արտահանումը դեպի Եվրամիություն կազմել է շուրջ 680 միլիոն դոլար, իսկ դեպի Ռուսաստան՝ մոտ 660 միլիոն դոլար։ 2025 թվականի տվյալներով դեպի ԵՄ արտահանումը գրեթե չի աճել և կազմել է 666 միլիոն դոլար, մինչդեռ դեպի Ռուսաստան արտահանումը բազմակի ավելացել է։ Եթե վերաարտահանումը հանենք, միևնույն է, դեպի Ռուսաստան իրական արտահանումը կազմում է 1,5–1,6 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ մեր կախվածությունը ռուսական շուկայից աճել է», – ասաց նա։
Ըստ նրա՝ ռուսական շուկայի հետ աշխատանքը հեշտացնում են լեզվական, մշակութային, իրավական և աշխարհագրական գործոնները։
«Դու քո հարևանի հետ ավելի հեշտ ես առևտուր անում, քան հազարավոր կիլոմետր հեռու գտնվող գործընկերոջ հետ։ Հայաստանի բնակչության մեծ մասը ռուսերեն գիտի, ռուսական մշակույթին ավելի լավ է ծանոթ, իսկ իրավական և վարչարարական միջավայրն էլ ավելի հասկանալի է։ Այդ պատճառով դեպի Ռուսաստան արտահանման խոչընդոտները շատ ավելի քիչ են, քան դեպի Գերմանիա, Ֆրանսիա կամ Ավստրիա», – նշեց Արամյանը։
Նա հիշեցրեց նաև, որ Ռուսաստանում հայկական շուրջ 3 միլիոնանոց համայնքը լրացուցիչ տնտեսական առավելություն է ստեղծում հայ արտադրողների համար։
«Նույն Մոսկվայում շատ հայեր նախընտրում են հայկական ծիրանը գնել ավելի թանկ գնով, որովհետև կա հոգեբանական և մշակութային կապ։ Սրանք իրական գործոններ են, որոնք նպաստում են արտաքին առևտրին», – ասաց նա։
Տնտեսագետը համոզված է, որ եվրոպական շուկա արագ մուտք գործելու մասին խոսակցությունները չափազանցված են։
«Եվրոպական շուկան շատ ավելի հագեցած է, այնտեղ դիրքավորվելը պահանջում է մեծ մարկետինգային, լոգիստիկ և իրավական ծախսեր։ Ես հեռու եմ այն մտքից, որ մենք շատ արագ վերապրոֆիլավորվելու ենք և մտնելու ենք եվրոպական շուկա», – ասաց նա։
Արամյանի խոսքով՝ 2018 թվականից հետո Հայաստանը ոչ թե դիվերսիֆիկացրել, այլ հակառակը՝ խորացրել է իր կախվածությունը ռուսական շուկայից։
«Մենք բոլորս համաձայն ենք, որ որքան տնտեսությունը դիվերսիֆիկացված է, այնքան լավ, բայց փաստերը ցույց են տալիս, որ վերջին տարիներին մեր կախվածությունը Ռուսաստանից աճել է», – նշեց նա։
Ինչ պետք է անի կառավարությունը
Արամյանի կարծիքով՝ արտահանողների խնդիրները չեն կարող լուծվել միայն սուբսիդիաներով։
«Արտահանողների հետ պետք է առանձին կլաստերային աշխատանք տանել, որովհետև գյուղատնտեսական արտադրողի խնդիրը բոլորովին այլ է, քան, օրինակ, ոգելից խմիչք արտադրողինը։ Ֆիտոսանիտարական, լոգիստիկ, մարկետինգային խնդիրները տարբեր են»,– ասաց նա։
Նրա համոզմամբ՝ սուբսիդիաները կարող են միայն ժամանակ շահել, բայց առանց երկարաժամկետ ռազմավարության չեն լուծի խնդիրը։
«Դու պետք է թերապիա անես, ոչ թե պարզապես ժամանակավորապես փող տաս։ Դրա համար անհրաժեշտ է տնտեսական գործիքների, ոլորտային աշխատանքի և քաղաքական դիվանագիտության համադրություն», – նշեց նա։
Ներկայիս իրավիճակի հիմքում տնտեսականից ավելի քաղաքական պատճառներ կան։
«Ակադեմիական աշխարհում կա հայտնի թեզ, ըստ որի՝ քաղաքական ցիկլերը հաճախ պայմանավորում են տնտեսական ցիկլերը։ Այն խնդիրը, որ այսօր ունենք, իրականում քաղաքական է։ Լավագույն լուծումը միշտ էլ ճիշտ դիվանագիտությունն ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունն է», – ասաց նա։
Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ձևավորել ոլորտային կլաստերային խմբեր, վերակենդանացնել տնտեսական դիվանագիտությունը և նպատակային օգտագործել բյուջետային գործիքները։ Ըստ նախկին նախարարի՝ միայն քաղաքական հայտարարություններով հնարավոր չէ առաջ գնալ, իսկ արտահանողների խնդիրների լուծման համար վճռորոշ նշանակություն ունի պետական համակարգի միջին օղակի հետևողական և մասնագիտական աշխատանքը։