Արևմուտքի 500–ամյա ներկայության վախճանը. Հայաստանը հայտնվել է շահերի բախման տիրույթում

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Վերլուծաբանը կարծում է, որ ուժերի նոր տարածաշրջանային հավասարակշռության արագ ձևավորման հիմնական կատալիզատորը Իրանի և Օմանի միջև համաձայնագիրն էր։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ պաշտպանության մասին համաձայնագիրը Մերձավոր Արևելքում ուժերի նոր հավասարակշռության ձևավորման արդյունք է` Պարսից ծոցի երկրների համար ԱՄՆ-ի դերի նվազման ֆոնին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ, աշխարհաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Նա հավելեց, որ այս իրավիճակում Հայաստանը թատերաբեմ է դառնում Թուրքիայի, հակաթուրքական դաշինքի, հակառուսական արևմտամետ ուժերի դիմակայության համար, որոնք փորձում են Երևանին իրենց կողմ քաշել:
Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 7-ին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին պայմանագիր են կնքել։ Փաստաթուղթը նման է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ամրագրում է ագրեսիայի դեպքում փոխադարձ պաշտպանության և աջակցության պարտավորություններ:
Հինգդարյա էքսպանսիայի վերջը
Վերլուծաբանը կարծում է, որ ուժերի նոր տարածաշրջանային հավասարակշռության արագ ձևավորման հիմնական կատալիզատորը Հորմուզի նեղուցը ինքնիշխան կառավարման վերցրած Իրանի և Օմանի միջև համաձայնագիրն էր, ինչը արմատապես փոխեց նավարկության կանոնները և տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը:
«Սա իսկապես աննախադեպ է։ Պարսից ծոցում Արևմուտքի 500 տարվա զինված ներկայությանը վերջ է տրված։ Սա արդեն փաստ է։ Արևմուտքը միշտ ներկա էր այնտեղ և վերահսկում էր ամեն ինչ։ Իսկ հիմա Իրան-Օման պայմանավորվածությունը ԱՄՆ-ին դուրս է մղում այդ տարածաշրջանից։ Էր Ռիադի, Անկարայի և Իսլամաբադի միջև համաձայնությունը պայմանավորված է ոչ այնքան ընդհանուր թշնամու կամ հակառակորդի առկայությամբ, որքան նոր իրողությամբ՝ Պարսից ծոցի երկրներն այլևս ԱՄՆ-ի «անվտանգության հովանոցի» տակ չեն, և արդեն ավելի քան 1 տարի է` Իրանը դա ակնհայտ ցույց է տալիս», - ասաց Նահապետյանը։
Ռազմական փորձագետը նշեց` Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը հավաքական պաշտպանության մասին պայմանավորվածություն ձեռք բերեցին Իրանի և Ամերիկայի (որը դադարում է գերիշխել տարածաշրջանում) միջև համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ֆոնին։ Միաժամանակ ինչպես Էր Ռիադը, այնպես էլ Անկարան ու Իսլամաբադը Մերձավոր Արևելքում հեռահար ծրագրեր ունեն, որոնք դուրս են գալիս զուտ պաշտպանական գործառույթների սահմաններից (հիպոթետիկ հակառակորդի հարձակման դեպքում): Հետևաբար պետք է հաշվի առնել, որ երեք կողմերից յուրաքանչյուրն ունի իր շահերը։
Թուրքիան խրվում է Իրան-Պակիստան-Չինաստան եռանկյունու մեջ և երազանքներ փայփայում Թուրանի մասին
«Եթե դիտարկենք Թուրքիայի դիրքորոշումը, ապա նրա համար դա առաջին հերթին Իսրայելին հակազդելու դաշինք է։ Բացի այդ, Թուրքիան մերձենում է Պակիստանին, որը հարաբերություններ է պահպանում Իրանի հետ և սերտ կապեր ունի Չինաստանի հետ։ Ասեմ ավելին՝ Չինաստանի հետ Պակիստանի ռազմատեխնիկական համագործակցության ծավալներն աննախադեպ են։ Այլ կերպ ասած` Թուրքիան ինտեգրվում է Իրան-Պակիստան-Չինաստան եռանկյունու մեջ՝ Իսրայելի թշնամական գործողությունների դեպքում իր համար ապահովելով լրացուցիչ տարբերակ», - ասաց փորձագետը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հավակնություններին, ապա դրանք, ըստ Նահապետյանի, բավական ընդարձակ են, եթե հաշվի առնենք նախագահ Էրդողանի` Օսմանյան օրինակով «մեծ կայսրություն» ստեղծելու «իդեա ֆիքսը»։
Միաժամանակ, Նահապետյանի դիտարկմամբ, արդեն ձևավորվել է նաև յուրատեսակ «հակաթուրքական ճամբար», որում ընդգրկվել են Իսրայելը, Ֆրանսիան և Հունաստանը։ Ընդ որում՝ այդ երեք երկրներից յուրաքանչյուրը, փորձագետի կարծիքով, Թուրքիային ընկալում է որպես մրցակից էներգառեսուրսների համար պայքարում։ Ֆրանսիան կորցրել է իր նախկին աֆրիկյան գաղութներից էժան գներով ուրան ստանալու հնարավորությունը և կենսական հետաքրքրություն ունի միջերկրածովյան գազի հանքավայրերի նկատմամբ: Իսրայելի համար կարևոր է նաև, որ Գազայի հատվածի ափերի մոտ կա «Գազա Մարին» հանքավայրը, իսկ ինչ վերաբերում է Հունաստանին, ապա այդ երկրի հետաքրքրությունը պայմանավորված է Կիպրոսի հյուսիսային ափերի մոտ գտնվող հանքավայրով, և թեև Թուրքիան իրավական հիմքեր չունի հավակնելու այդ տարածքներին, բայց, վերլուծաբանի կարծիքով, ունի բավարար ռազմական կարողություն, որպեսզի հայտարարի դրանց նկատմամբ իր իրավունքները:
Սաուդյան Արաբիան 2 լարի վրա է խաղում
«Պետք է նշել, որ Սաուդյան Արաբիան մեծ հաշվով 2 լարի վրա է խաղում։ Եվ երբ Անկարան ուղղակիորեն ինտեգրվում է Չինաստան-Իրան-Պակիստան եռանկյունու մեջ, ապա Սաուդյան Արաբիան դա անում է անուղղակի՝ Թուրքիայի միջոցով։ Այլ կերպ ասած` պահպանելով ԱՄՆ դաշնակցի կարգավիճակը՝ միաժամանակ ընդունում է ուժերի նոր տարածաշրջանային հավասարակշռության ձևավորումը և ձգտում է դրանում իր դերը կատարել՝ ըստ այդմ կառուցելով իր ռազմավարությունը», - նշեց Նահապետյանը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Էր Ռիադը մրցակցում է Թուրքիայի հետ սուննի աշխարհում առաջնորդի կամ գերիշխողի դերի համար: Այն դեպքում, երբ Էրդողանը հայտարարում է, որ մի քանի դար շարունակ Օսմանյան կայսրությունը հիմնվել է իսլամի վրա, ուստի իր երկիրը մտադիր է գլխավորել սուննի աշխարհը, Էր Ռիադը հիշեցնում է, որ Մեքքան և Մեդինան՝ մահմեդական աշխարհի երկու սրբավայրերը, ամենևին էլ Թուրքիայում չեն, այլ Սաուդյան Արաբիայում:
Պակիստանի համար Իրանի և Թուրքիայի հետ համագործակցությունը հակադաշինք է Իսրայելի և Հնդկաստանի դեմ
«Պակիստանի և Թուրքիայի դաշինքն ակնհայտորեն ուղղված է Իսրայելի դեմ։ Վերջին շրջանում Պակիստանը հանդես է եկել նոր նախաձեռնություններով` աջակցելով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին և հարթակ տրամադրելով դրանց անցկացման համար, և այդ ֆոնին Իրան-Պակիստան հարաբերությունները բավականին սերտացել են: Եվ հաշվի առնելով Պակիստանի և Հնդկաստանի հարաբերություններում առկա տարաձայնությունները՝ դա ցույց է տալիս Հնդկաստանի և Իսրայելի դեմ մեկ այլ դաշինքի ուրվագծերը։ Բավական է դիտարկել Քաշմիրի տարածքային վեճը, որտեղ պահպանվում է լուրջ լարվածություն, և տեղի են ունենում ռազմական բախումներ», - ասաց փորձագետը։
Պայքար Հայաստանի համար
Չնայած նրան, որ Հարավային Կովկասն առաջին հայացքից ոչ մի կապ չունի մերձավորարևելյան գործընթացների հետ, այնուամենայնիվ, Հայաստանը, ինչպես և նրա հարևանները, շարունակում են մնալ տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների ուշադրության կենտրոնում:
Հայաստանի համար պայքարը ծավալվում է հզոր դաշինքների միջև, որոնցից յուրաքանչյուրը բացառապես սեփական շահերն է հետապնդում։
Թուրքիայի համար Հայաստանի և Վրաստանի կլանումը դեպի Արևելք անխոչընդոտ միջանցքի ձևավորումն ավարտելու միջոց է։ Կովկասի քրիստոնյա պետություններն այս հայեցակարգով զրկվում են սուբյեկտայնությունից և վերածվում Թուրանի կողմից վերահսկվող տարանցիկ գոտիների։
«Պատահական չէ, որ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանն ամեն տարի մի շարք խոշոր զորավարժություններ են անցկացնում, որոնցում, բնականաբար, առաջատարը Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներն են։ Այնպես որ չզարմանաք, եթե շատ մոտ ապագայում Հայաստանը միանա այդ զորավարժություններին», - ընդգծում է մասնագետը։
Ուժի մեկ այլ կենտրոն՝ ի դեմս Ֆրանսիայի, Հունաստանի և Իսրայելի, Երևանը դիտարկում է միայն որպես հարմար աշխարհաքաղաքական պլացդարմ և թուրքական նկրտումները կաշկանդելու ռեսուրս։
Ինչ վերաբերում է «հավաքական Արևմուտքին», ապա նրա մոտեցումը Հայաստանի, ինչպես նաև ողջ հետխորհրդային տարածքի նկատմամբ զուտ պրագմատիկ և ուտիլիտար բնույթ է կրում։ Հայաստանը և հարևան հանրապետությունները հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար ոչ թե որպես ինքնուրույն տնտեսական կամ մշակութային գործընկերներ, այլ որպես Ռուսաստանի սահմանների մոտ վերահսկվող անկայունության աղբյուրներ:
Նահապետյանի խոսքով՝ արտաքին ուժերը ձևավորում են այսպես կոչված «կրակե օղակ»՝ ճնշման գոտիներ ռուսական սահմանների ողջ պարագծով.
Բալթյան հանգույց. շրջափակում և սպառնալիք Կալինինգրադի մարզին Բալթյան երկրների կողմից,
Մոլդովայի միջոցով Մերձդնեստրի շուրջ լարվածության սրացում,
Կենտրոնական Ասիայի ուղղություն. Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների ապակայունացման փորձեր,
Կովկասյան ճակատ. ռուսական ռազմական և քաղաքական ներկայության համակարգված դուրսմղում:
Նահապետյանն ընդգծեց` այն, որ Հայաստանը հայտնվել է շահերի բախման տիրույթում (մի կողմից Թուրքիան է փորձում Հայաստանին ներգրավել Թուրանի նախագծի մեջ, մյուս կողմից էլ` Ֆրանսիան, Հունաստանը և Իսրայելը` հակաթուրքական բլոկի գործընթացներում) ընդամենը ընտրության պատրանք է, ինչպես և մեր երկրի նման յուրաքանչյուր փոքր պետության դեպքում։ Նույնը վերաբերում է «հավաքական Արևմուտքի» (ի դեմս Եվրամիության) Հայաստանի նկատմամբ «հատուկ» ուշադրությանը։
«Այսինքն` մեր ինքնուրույնությունը այնպես է, որ ով մեզ տեսնում է, միանգամից ցանկություն է հայտնում օգտագործելու։ Տեսնո՞ւմ եք` ինքնիշխանության ինչ բարձր աստիճանի ենք հասել»,- ասաց Նահապետյանը։
Նրա խոսքով` Հայաստանի իրական ինքնիշխանությունը փոխարինվում է Ռուսաստանի թուլացմանն ուղղված օտարերկրյա ռազմական և տնտեսական շահերի սպասարկմամբ։
Ավելի վաղ Իրանում «թղթային պայմանագիր» էին անվանել Անկարայի, Էր Ռիադի և Իսլամաբադի ռազմական միությունը: ԻԻՀ խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ռեզային անվտանգության հարցերում Սաուդյան Արաբիայի գործողություններն անվանել էր «մուրացկանություն»:
ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագրի ստորագրումը նշանակում է տարածաշրջանի երկրների կողմից Մերձավոր Արևելքում իրավիճակի ընկալման փոփոխություն, որոնք «գիտակցել են, որ անվտանգությունը ապրանք չէ, որը կարելի է գնել սուտ միջնորդներից»: