Ադրբեջանը Արևմուտքի ճնշմանը հակազդելու համար Հայաստանից զիջումներ է պահանջում. Աղաջանյան

Ձյունիկ Աղաջանյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով՝ Իրանի դեմ գործելու համար Անկարան և Բաքուն որոշակի պարտավորություններ են ստանձնել և փորձում են ժամանակ շահել` առաջ տանելով Հայաստանից ակնկալվող զիջումները։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել Արևմուտքի առջև ստանձնած հակաիրանական պարտավորությունները կատարելու համար` պատճառաբանելով, որ նախ պետք է փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրությունում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Օգոստոսի 4-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է Հայաստանի Սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» բացառելու դեպքում: Նմանատիպ հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՝ հայտարարելով, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվի հոդվածը, որը «տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ»։
Աղաջանյանի կարծիքով՝ այս հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես հիշեցում Հայաստանի իշխանություններին, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։
«ԱՄՆ–Իրան հարաբերությունները դեպի կարգավորում ներկա պահին չեն գնում, և ինչ համաձայնություններ լինեն, դրանք ընդամենը ժամանակավոր, դադարի բնույթ են կրելու, իսկ ամերիկյան կողմը՝ Իսրայելի և իր մնացած աջակիցների հետ այսօր ակտիվորեն պատրաստվում է ցամաքային գործողությունների, և այդ ցամաքային գործողությունների շրջանակներում, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան իրենց հանձնարարություններն ունեն»,– ասաց Աղաջանյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ նման պահանջները կարող են դիտարկվել նաև որպես ազդակ արևմտյան գործընկերներին, որոնք ճնշում են գործադրում Բաքվի և Անկարայի վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ցույց տալ, որ չեն կարող առաջ շարժվել, քանի դեռ չեն ստացել իրենց ցանկալի արդյունքը։
«Սա կարող է լինել նաև ժամանակ շահելու փորձ, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծված իրավիճակում չկատարեն իրենց տրված հանձնարարությունները»,– ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ճնշում է գործադրվում նաև Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում։ Պատահական չէ, որ Անկարան հայտարարել է երկաթուղու կառուցման մեկնարկի մասին։
«Այս ամենը կապ ունի Հայաստանով` իրենց համար ցանկալի ճանապարհով սպառազինություններ և կենդանի ուժ տեղափոխելու գործողությունների հետ, եթե ռազմական գործողությունների շրջանակում դրա անհրաժեշտությունը լինի»,–ասաց Աղաջանյանը։
Ըստ դիվանագետի` Բաքվի հայտարարությունները հասցեագրված են ինչպես Երևանին, այնպես էլ արտաքին դերակատարներին։
«Մենք տեսել ենք, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը Արևմուտքի ճնշմանը հակազդելու համար հայկական կողմից զիջումներ պահանջում։ Դրանով է պայմանավորված, Տավուշում հայկական դիրքերի հանձնումը, Կիրանց գյուղի մի հատվածի փոխանցումը Ադրբեջանին, ինչպես նաև դրան նախորդած զիջումները, այդ թվում՝ Արցախի կորուստը»,– ասաց Աղաջանյանը։
Նրա գնահատմամբ՝ Բաքվում գիտակցում են, որ այս պահին Հայաստանի Սահմանադրությունը փոխել հնարավոր չէ, և այդ հանգամանքն օգտագործում են՝ ձգձգելու իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը։
Աղաջանյանի կարծիքով՝ ԱՄՆ-ն նախապատրաստվում է հնարավոր ցամաքային գործողությունների՝ 2026 թվականի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո (Ներկայացուցիչների պալատի 435 անդամների վերընտրություն և Սենատի 100 անդամներից 35-ի վերընտրություն) և մինչև 2027 թվականի գարուն։
«Ամերիկյան կողմը, բնականաբար, Իսրայելի հետ միասին, ճնշում է գործադրում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի վրա, որպեսզի նրանք կատարեն իրենց խոստումները»,– ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ այդ խոստումների տակ պետք է հասկանալ անմիջական մասնակցություն Իրանի դեմ հնարավոր գործողություններին։ Աղաջանյանը նաև պնդում է, որ Իրանում բողոքի ակցիաների ժամանակ թուրքական կողմը մասնակցել է մոտ 7 հազար զինյալների տեղափոխմամբ, որոնք, ըստ նրա, ներգրավված են եղել ոստիկանական բաժանմունքների վրա հարձակումների և մարդկանց սպանությունների մեջ։
«Հիշենք Թուրքիայում և Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու դեպքերը, որոնց անմիջապես հաջորդեցին Ադրբեջանի ղեկավարության կոշտ հայտարարություններն ու սպառնալիքները»,– նշեց նա։
Աղաջանյանը կարծում է, որ քանի որ Իրանի դեմ իրականացվող գործողությունը ձախողվել է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ է կանգնել ծրագրերից և հետ է պահել նաև իր «կրտսեր եղբորը»՝ Իլհամ Ալիևին։ Աղաջանյանի խոսքով՝ Թուրքիայի այդ քայլը մեծ կորուստներ է պատճառել Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութական ռեսուրսների առումով։
«Սա համընկավ նաև ԱՄՆ-ի կողմից օդաչուների փրկության անվան տակ իրականացված գործողության հետ, որը, իրականում, դիվերսիոն գործողությունների փորձարկում էր՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է իրականացնել ցամաքային հարձակում»,– ասաց նա։
Աղաջանյանի կարծիքով՝ այս բոլոր իրադարձությունները մեկ ընդհանուր շղթայի օղակներ են, այլ ոչ թե իրարից անկախ առանձին դրվագներ։
«Սա համընկավ նաև ԱՄՆ-ի կողմից օդաչուների փրկության անվան տակ իրականացված գործողության հետ, որը, իրականում, դիվերսիոն գործողությունների փորձարկում էր՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է իրականացնել ցամաքային հարձակում»,– ասաց նա։
Աղաջանյանի կարծիքով՝ այս բոլոր իրադարձությունները մեկ ընդհանուր շղթայի օղակներ են, այլ ոչ թե իրարից անկախ առանձին դրվագներ։