ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը. կառավարության մյուս անդամները վերանշանակվել են
17:01 03.08.2026 (Թարմացված է: 17:18 03.08.2026)
Բաժանորդագրվել
Դավիթ Թադևոսյանն այս պաշտոնում փոխարինել է Մխիթար Հայրապետյանին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Թադևոսյանը նոր կառավարության միակ նոր նախարարն է. նա փոխարինել է Մխիթար Հայրապետյանին։
Նախագահի ստորագրած համաձայնագրերից պարզ է դառնում, որ կառավարության մյուս անդամները` թե՛ նախարարնեըը, թե՛ փոխվարչապետները վերանշանակվել են։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի, չնայած, որ հունիսի 25-ին էլ հայտարարել էր, թե կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։ ԶԼՄ–ներն էլ գրում են, որ Փաշինյանն ու Հայրապետյանը լուրջ տարաձայնություններ ունեն` IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման գործընթացի շուրջ։ Նշվում է, թե Փաշինյանը հայտարարել է, որ նախարարը թերացել է այս համակարգի ներդրման գործընթացի կազմակերպման հարցում։ Խոսվում էր նաև, որ տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններում Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ։ Ներկայիս ղեկավարն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվի հաջորդ ընտրությանը։
