ՀՀ փոխվարչապետը Վեդի ջրամբարի գործարկման ժամկետ նշեց, չնայած որ դրա կեսն էլ դեռ լցված չէ

Ջրամբար. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Վեդու ջրամբարին ևս 650 միլիոն դրամ ֆինանսավորում կհատկացվի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Վեդիի ջրամբարն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով` այս պահին ջրամբարը նախատեսված 30 միլիոնից լցված է 12,5 միլիոն խորանարդ մետրով։
«Ջրամբարը ներկայում ամբողջությամբ չի ջրալցվում ոչ թե դրա անհնարին լինելու, այլ այն պատճառով, որ ոռոգման եռուն շրջանում ջուրն ուղղվում է գյուղատնտեսական նպատակներով օգտագործմանը։ 2027 թվականի ընթացքում ջրամբարի ջրալցման մակարդակը նախատեսվում է հասցնել 20 մլն խորանարդ մետրի, իսկ նույն տարվա վերջին՝ ամբողջական 30 մլն խորանարդ մետրի»,– ասաց Խաչատրյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան էլ ներկայացրեց 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որով Վեդու ջրամբարին ևս 650 միլիոն դրամ ֆինանսավորում կհատկացվի։
«Շուրջ 468 միլիոն դրամը վճարվելու է կապալառուին՝ որպես հետավարտական երաշխիքի բացթողում, իսկ 117 միլիոնը կվճարվի խորհրդատուի ծառայության դիմաց։ Սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է և ոչինչ դրանից ավելի»,- ընդգծեց Դավիթ Խուդաթյանը։
Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ մեկնարկել է նաև երեք նոր ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ Քասախի (10 մլն խորանարդ մետր), Սյունիքի մարզի Լիճքի (4 մլն խորանարդ մետր) և Ելփինի (1 մլն խորանարդ մետր), որոնց նախագծերն արդեն պատրաստ են, իսկ շինարարությունը պետք է մեկնարկի տարեվերջին։
Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ մեկնարկել է նաև երեք նոր ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ Քասախի (10 մլն խորանարդ մետր), Սյունիքի մարզի Լիճքի (4 մլն խորանարդ մետր) և Ելփինի (1 մլն խորանարդ մետր), որոնց նախագծերն արդեն պատրաստ են, իսկ շինարարությունը պետք է մեկնարկի տարեվերջին։
«Ֆինանսավորող կազմակերպությանը արդեն դիմել ենք՝ ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու համար։ Մինչև այս տարեվերջ պետք է սկսենք կառուցումը։ Կհայտարարենք մրցույթ՝ կառուցող կազմակերպություն ընտրելու համար»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի`օտարերկրյա վարկատուների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա ևս երկու ջրամբարների ֆինանսավորման վերաբերյալ՝ Արթիկի (Շիրակի մարզում) և Աստղաձորի (Գեղարքունիքի մարզում)՝ յուրաքանչյուրը 1,5 միլիոն խորանարդ մետր ծավալով։
Ավարտվել է ևս մեկ՝ Մաստարայի ջրամբարի (Արագածոտնի մարզում) նախագիծը, իսկ ևս 12-ի ուղղությամբ ընթանում են նախագծային աշխատանքներ։