Ընդդիմությունը կարո՞ղ է կաթողիկոսին բերել ԱԺ. ի՞նչ են ասում խմբակցությունները

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ընդդիմությունն առավել կոշտ արձագանք է խոստանում, եթե իշխանությունը փորձի խորհրդարանի առաջին նիստին հրավիրել այլ հոգևորականի։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցել–չմասնակցելու հարցը քաղաքական դաշտում նոր լարվածության առիթ կարող է դառնալ։ Խորհրդարան անցած ընդդիմությունը համոզված է` գործող իշխանությունը եկեղեցու դեմ վերջին ամիսներին ծավալած քաղաքական արշավի շրջանակում չի հրավիրի Ամենայն հայոց կաթողիկոսին։ Եթե ընդդիմության այդ կանխատեսումն իրականանա, այս խորհրդարանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքը կսկսի առանց վեհափառի օրհնության։ Բացի այդ, եթե Գարեգին 2–րդի փոխարեն այլ բարձրաստիճան հոգևորական մասնակցի նիստին, ընդդիմությունը խոստանում է անարձագանք չթողնել այդ քայլը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ կաթողիկոսը չի մասնակցի նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստին, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 2-ին։ Ըստ լրատվամիջոցների` հնարավոր է` իշխանությունը կաթողիկոսի փոխարեն ԱԺ հրավիրի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանին, որը, սակայն, չի հաստատել այս լուրը։
Նորընտիր ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` եթե գործող իշխանությունը գնա այդ քայլին, ապա դա ոչ միայն աննախադեպ, այլև քաղաքականապես կանխամտածված քայլ կլինի։
«Սա մեր անկախ պատմության ընթացքում իսկապես աննախադեպ իրավիճակ է, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը չի լինելու խորհրդարանում՝ առաջին նիստը օրհնելու։ Բայց, ցավոք, նաև կանխատեսելի էր, որովհետև մարդիկ, որոնք պետք է հրավեր ուղղեին կաթողիկոսին, իրենց նախընտրական ծրագրում հենց կաթողիկոսի հեռացումն էին ներկայացրել որպես քաղաքական առաջնահերթություն»,– ասաց նա։
Մեր այն հարցին` արդյոք ընդդիմությունը իրավական հնարավորություն ունի՞ սեփական նախաձեռնությամբ կաթողիկոսին հրավիրելու խորհրդարան, Գրիգորյանը պատասխանեց` այդ հարցը պետք է ուսումնասիրեն, սակայն խնդիրը միայն իրավական չէ։ Նրա համոզմամբ՝ նույնիսկ եթե նման հնարավորություն լինի, դժվար է պատկերացնել, որ կաթողիկոսը կհամաձայնի գալ այնպիսի մի միջավայր, որտեղ իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ հրապարակային արշավ են իրականացրել իր դեմ։

Աննա Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց` եթե կաթողիկոսը խորհրդարանում չլինի, այդ հանգամանքը անպայման քաղաքական գնահատականի կարժանանա։
«Ֆիզիկական ներկայության հարցից անկախ՝ մենք հրապարակային հայտարարություններով և քաղաքական գնահատականներով շեշտադրելու ենք ստեղծված իրավիճակը»,– ասաց նա։
Ընդդիմությունն առավել կոշտ արձագանք է խոստանում նաև այն դեպքում, եթե իշխանությունը փորձի խորհրդարանի առաջին նիստին հրավիրել այլ հոգևորականի։ Գրիգորյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժի համար դա բացարձակապես անընդունելի է։
«Այդ մարդիկ մեզ համար տիրադավ են և չեն կարող ունենալ այն կարգավիճակը, որի հիման վրա կգային ու օրհնություն կտային։ Դա միանշանակ անընդունելի է լինելու և անարձագանք չի մնա»,– ընդգծեց նա։
Նույն համոզմանն է նաև նորընտիր խորհրդարանի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը հստակ սահմանում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը իրավունք ունի մասնակցելու խորհրդարանի առաջին նիստին, իսկ որևէ այլ հոգևորականի մասնակցության ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։
«Եթե այլ անձ հրավիրվի, դա կլինի «ԱԺ կանոնակարգ» օրենքով չնախատեսված ընթացակարգ»,– ասաց Ֆարմանյանը։
Ֆարմանյանը դժվարացավ ասել` արդյոք «Ուժեղ Հայաստանը»` որպես խորհրդարանական ամենամեծ խմբակցություն, հանդես կգա կաթողիկոսին նիստին հրավիրելու նախաձեռնությամբ։ Նա շեշտեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ընդդիմադիր խմբակցությունների վերաբերյալ որևէ սահմանում չունի։ Միաժամանակ չբացառեց, որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ իրենց խմբակցությունում։
Ֆարմանյանը ևս նշեց, որ իշխանության կողմից կաթողիկոսին չհրավիրելու տարբերակը սպասելի է՝ հաշվի առնելով վերջին տարիներին եկեղեցու դեմ տարվող քաղաքական հռետորաբանությունը։
Նա նշեց, որ իրենց խմբակցությունում քննարկվում են արձագանքի տարբեր ձևաչափեր՝ սկսած քաղաքական հայտարարություններից մինչև օգոստոսի 2–ին հնարավոր այց Մայր աթոռ։
«Թե ինչ ձևաչափով կլինի արձագանքը, այս պահին չեմ կարող ասել, բայց հարցն անպայման անարձագանք չի մնա։ Եթե կաթողիկոսին չհրավիրեն կամ փորձեն նրան փոխարինել այլ հոգևորականով, դրան քաղաքական արձագանք լինելու է»,– ընդգծեց Ֆարմանյանը։
Նա չբացառեց, որ Ազգային ժողովի առաջին նիստը կարող է վերածվել ոչ միայն նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի, այլև իշխանության և Հայ առաքելական եկեղեցու միջև ամիսներ շարունակ խորացող հակասության հերթական քաղաքական դրսևորման։
Խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ ազդարարում է, որ կաթողիկոսի նկատմամբ իշխանության ցանկացած ոչ պատշաճ քայլ դիտարկելու է ոչ միայն որպես արարողակարգային, այլև որպես պետական ինստիտուտների, եկեղեցու և իշխանության հարաբերությունների նկատմամբ իշխանության քաղաքական վերաբերմունքի հերթական ցուցիչ։
Հիշեցնենք` 2026 թվականի փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Հիշեցնենք` 2026 թվականի փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
