Helpcourt.am-ը ՀՀ օրենքներին չի հակասում. կայքի հիմնադրի արձագանքը Արթուր Նահապետյանին

© Photo : Chamber of Advocates
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ մտահոգություն ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Դատավորների գնահատման helpcourt.am հարթակի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությունը հարթակի հիմնադիր, փաստաբան Լևոն Սահակյանին չի զարմացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սահակյանը նույնիսկ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու քննարկումներին` տեսնելու, թե որքանով են կոմիտեի նախագահի բարձրացրած մտահոգությունները արդարացված։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է արդարադատության նախարարություն՝ մտահոգություն ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության հնարավոր ռիսկերի վերաբերյալ ու առաջարկել է քննարկել դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այդ և այլ մասնավոր հարթակների գործունեությունը օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցը։
Որպես կայքի հիմնադիր` Լևոն Սահակյանը վստահեցնում է, որ այն ՀՀ օրենքներին չի հակասում։ Դրա ապացույցը, նրա խոսքով, ոչ միայն կայքի 10 տարվա անկախ, թափանցիկ, հանրային գործունեությունն է, այլև հենց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գրության բովանդակությունը։
«Եթե մենք որևէ օրենսդրական խախտում թույլ տված լինեինք, ապա արձագանքը կլիներ ոչ թե օրենք փոխելը, այլ կայքի գործունեությունը արգելելը։ Կայքը միջազգային նորմերի նույնպես չի հակասում, ասեմ ավելին, շատ երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում, Հունգարիայում, Միացյալ Թագավորությունում և այլն, փաստաբանների կարծիքը դատավորների գնահատման և առաջխաղացման առումով հաշվի է առնվում պետականորեն։ Բայց թե ինչ արդյունք կունենա գրությունը, և արդարադատության նախարարությունը ինչ ընթացք կտա դրան, չեմ կարող որևէ կանխատեսում անել, սակայն հուսով եմ, որ օրենսդրական որևէ արգելք չի սահմանվի մեր անկախ և ազատ գործունեության մասով։ Այլապես կխաթարվի խոսքի ազատությունը և համահունչ չի լինի ժողովրդավարության, իրավական պետության արժեքներին»,– նկատում է փաստաբանը։
Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ կայքի միջոցով հնարավոր ճնշումներին, Սահակյանը հակադարձում է, որ եթե դատավորը փաստաբանների մասնագիտական կարծիքից ոչ բարեխիղճ ազդեցության մեջ է ընկնում, ուրեմն իր տեղում չէ։
Helpcourt.am–ը ստեղծվել է 10 տարի առաջ, և հիմնադրի հավաստմամբ` այդ ընթացքում թե՛ նախկին և թե՛ ներկա իշխանությունների օրոք պետական որևէ մարմնի կողմից որևէ պաշտոնական բողոք կամ դժգոհություն չի ստացել։ Որոշ բողոքներ եղել են միայն անհատ և այն էլ` ցածր վարկանիշ ստացած դատավորների կողմից։
«Ասեմ ավելին` հարթակի գործունեության սկզբնական տարիներին մենք ակնկալել ենք անգամ պետական մարմինների հետ համագործակցություն այն իմաստով, որ մեր հարթակում բարձր վարկանիշ ունեցող դատավորները կխրախուսվեն պետության կողմից, սակայն ժամանակի ընթացքում մենք ևս եկանք այն եզրահանգման, որ պետությունը այս հարթակի հետ որևէ առնչություն չպետք է ունենա, և սա անկախ մասնագետների` փաստաբանների գեներացված կարծիքն է, հակասական կարծիքների գեներացումը, որը ներկայացվում է հանրությանը։ Հանրությունն էլ իրավունք ունի ծանոթ լինել այդ կարծիքին։ Որպես փաստաբան ասեմ` հաճախ հաճախորդները մեզ հարցնում են. «այս դատավորը ի՞նչ վարկանիշ ունի փաստաբանական համայնքում, նրան ինչպե՞ս են վերաբերվում»։ Այդ հարցի ամենահեշտ պատասխանն է. «այցելեք Helpcourt.am կայք և տեսեք, թե փաստաբանական համայնքը ինչպես է վերաբերում տվյալ դատավորին»,– ասում է Սահակյանը։
Ի դեպ, դատավորներից բացի, նախաձեռնողները մտադրություն ունեն կայքում նաև պաշտոնյաների վարկանիշավորում ներառել։ Նման փորձեր արդեն արվել են։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարկանիշավորվել են մասնակից քաղաքական ուժերը, Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների ժամանակ կայքում ներառվել է թեկնածու փաստաբանների գնահատման համակարգը։ Վարկանիշավորվել են նաև նոտարները, ինչը, Լևոն Սահակյանի դիտարկմամբ, հնարավորություն կտա քաղաքացիներին հասկանալ, թե այս կամ այն նոտարը փաստաբանների շրջանում ինչ վարկանիշ ունի։
Նշենք, որ կայքի գնահատման համակարգում ընդգրկված են ՀՀ բոլոր գործող 338 դատավորները։ Գնահատողները բացառապես Փաստաբանների պալատի արտոնագիր ունեցող փաստաբաններն են։ Քվեարկողը իրավունք ունի ժամանակի ընթացքում փոխել իր գնահատականը։ Այդ դեպքում հաշվի է առնվում վերջին տարբերակը։ Ամեն տարվա վերջում որոշում է ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը։
Ներկա պահին կայքում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Արման Հովհաննիսյանն է` +126 միավորով, ամենացածրը` Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանն է` - 20 միավորով։