Ի՞նչ փոխվեց Երևանի երթևեկության մեջ 41 միլիոնանոց հիմնարկի ստեղծմամբ. մասնագետի կարծիքը
08:55 20.07.2026 (Թարմացված է: 10:50 20.07.2026)

© Sputnik / Nelli Danielyan
Բաժանորդագրվել
2025թ–ին ստեղծվեց Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը։Նորաստեղծ կառույցը պետք է ուսումնասիրեր խցանումները, վթարները, երթևեկության խափանումները և դրանց նվազեցմանը միտված առաջարկություններ մշակեր: Շուրջ 1 տարի անց մայրաքաղաքում խցանումներն ավելացել են։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանյան երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծմամբ մայրաքաղաքի երթևեկությունը չի կարգավորվել, խցանումների բալերն էլ չեն նվազել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փոխվեց համայնքային նոր հիմնարկի ստեղծմանը հաջորդած 1 արվա ընթացքում։
Հիշեցնենք` 2025թ–ի նոյեմբերի 18-ին քաղաքային իշխանության առաջարկով ստեղծվեց Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը։ Ըստ հեղինակների, նորաստեղծ կառույցը պետք է ուսումնասիրեր խցանումները, վթարները, երթևեկության խափանումները և դրանց նվազեցմանը միտված առաջարկություններ մշակեր, զբաղվեր «թվային քաղաք» (Smart City) գաղափարի իրականացմամբ։ 1 տարի առաջ ընդունված որոշման համաձայն` համայնքային նոր հիմնարկը 74 հաստիք ունի, ինչը Երևանի բյուջեի համար ամսական 41 մլն դրամի ծախս է։
Թե այս կոնկրետ ինչ լուծումներ է մշակել կամ իրականացրել «թանկարժեք» հիմնարկը` իր 74 հոգանոց կոլեկտիվով, Էդգար Գալստյանը դժվարանում է կռահել, բայց նկատում է, որ տեսանելի որևէ փոփոխություն երևանյան երթևեկության մեջ այս պահի դրւթյամբ չկա։
Կատարված որոշ քայլերը, նրա գնահատմամբ, զուտ կետային են։ Մինչդեռ երթևեկության իրական բարեփոխումը գլոբալ, ամենօրյա աշխատանք պահանջող լուծումներ է ենթադրում։
«Օրինակ, եթե մի կոնկրետ խաչմերուկում մենք կետային` լուսացուցային ռեժիմ ենք փոխում, դա դեռ չի նշանակում, որ մենք ամբողջ Երևանում կունենանք երթևեկության կազմակերպման փոփոխություն կամ լավացում։ Դա որոշակի ժամանակահատվածի, այսինքն՝ օրվա կոնկրետ ժամի կտրվածքով որոշակի հապաղումների դանդաղեցման տեղային լուծում կարող է դառնալ։ Իսկ անվերջ խցանումների մեջ ընկնող վարորդները այդ մի խաչմերուկի փոփոխությունը չեն զգա»,– ասում է Գալստյանը։
Հիշեցնենք` վերջին շրջանում մայրաքաղաքում ճանապարհների, Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դարձյալ ավելացել են խցանումները։ Հատկապես օրվա 2-րդ կեսին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում 7-9 բալանոց խցանումները սովորական երևույթ են դարձել։
Էդգար Գալստյանի կարծիքով, Երևանի անանցանելի խցանումներն ուղղակի չեն կարող չլինել, քանի որ ոչ միայն երթևեկությունն ու շինաշխատանքներն են սխալ կազմակերպվում, այլև համայնքային այլ աշխատանքներն ու ծառայություններն են իրականացվում անկանոն և ոչ ճիշտ ժամերին։
«Օրինակ, աղբահանության, կանաչապատման աշխատանքները մենք տեսնում ենք, որ իրականացվում են պիկ ժամերին, ցերեկային ժամերին`մեկը մյուսին խանգարելու, խցանման մեծ բալեր առաջացնելու հաշվին։ Միևնույն ժամանակ ճանապարհաշինարարական, ասֆալտապատման, փորման կամ փոսալցման աշխատանքներ են իրականացվում։ Քաղաքի կենտրոնում ու փոքր փողոցներում կարող ենք տեսնել աղբահանության մեծ գաբարիտով մեքենաներ, կամ մի այլ տեղ այդ նույն ժամերին ծառեր են էտում, հողային աշխատանքներ են իրականացվում, ու դարձյալ մեծ բեռնատար մեքենաների ներգրավմամբ»,– նշում է Գալստյանը։
Զուգահեռաբար, մասնագետի դիտարկմամբ Հայաստանում ու հատկապես` Երևանում շարունակում է ավելանալ ավտոմեքենաների թիվը։
«Եթե չեմ սխալվում վերջին միայն 1 ամսվա ընթացքում մոտ 10 000 ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, և դրանց մի մասը, բնականաբար, Երևանում են լինելու»,– նշում է Գալստյանը և հավելում, որ նշված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն այսօր իրար հետ ոչ մի կապ չունեն։
Արդյունքում խցանումների բալերն աճում են, քաղաքային տնտեսության ու երթևեկության խնդիրները` մնում չլուծված, եզրափակում է Գալստյանը։