Քննարկվում է մինչև 2028 թվականը փուլային կարգով վերացնել մարզպետարանները. ԶԼՄ
09:43 15.07.2026 (Թարմացված է: 10:08 15.07.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ըստ պարբերականի՝ վերջին տարիներին մարզպետարաններից աստիճանաբար դուրս են բերվել մի շարք առանցքային լիազորություններ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ կառսվարությունը քննարկում է մինչև 2028 թվականը փուլային կարգով վերացնել մարզպետարանների ինստիտուտը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել կառավարության ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։ Կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ պարբերականի՝ վերջին տարիներին մարզպետարաններից աստիճանաբար դուրս են բերվել մի շարք առանցքային լիազորություններ։ Օրինակ՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման և ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում, կրթության ոլորտում նույնպես շարունակվում է կառավարման կենտրոնացումը․ սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթ։
Թերթը գրում է, որ սոցիալական ծառայությունների մի շարք գործառույթներ նույնպես վերակազմակերպվել են՝ փոխանցվելով տեղական ինքնակառավարման մարմիններին կամ համապատասխան կենտրոնական մարմիններին։
Ստացվում է, որ ոլորտային քաղաքականության իրականացումն ամբողջությամբ կկենտրոնացվի նախարարություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։
«Իշխանության ներսում չեն բացառում, որ նման բարեփոխման դեպքում մարզպետի պաշտոնը կարող է դառնալ ժամանակավոր կամ անցումային։ Հենց այդ հանգամանքով էլ քաղաքական շրջանակներում բացատրում են, թե ինչու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պատգամավորներ, որոնք անցողիկ տեղերում են եղել և ընտրվել են պատգամավոր, չեն շտապում հրաժարվել պատգամավորական մանդատներից»,- գրում է թերթը։
Նշվում է՝ եթե մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտի վերակազմավորումը կյանքի կոչվի, ապա մարզպետները անգործ կմնան: