Բաքվի վրա անհրաժեշտ ճնշում չի գործադրվում. Դավիթ Իշխանյանի որդու ելույթը Բրյուսելում
20:12 14.07.2026 (Թարմացված է: 20:29 14.07.2026)
Բաժանորդագրվել
Արմեն Իշխանյանի խոսքով` Բաքվում պահվող հայ ռազմագերիները այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ, և այդ հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Քաղաքական կամքի առկայության պարագայում ԵՄ գործադիր իշխանությունը կարող է Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրել գերիներին ազատ արձակելու հարցով։ Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելում մեկնարկած համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։
Արմեն Իշխանյանը նշել է, որ Եվրոպական խորհրդարանն ու Եվրամիությունը միասնական դիրքորոշում չունեն գերիների
«Ցավով նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականորեն չի դրսևորվում Եվրոպական Միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, և մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից»,– ասել է Արմեն Իշխանյանը։
Նա ընդգծել է, որ 1990-ական թվականներից իր հայրն ու այժմ Ադրբեջանում պահվող գերիները պայքարում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման համար։
«Արդեն ավելի քան 1000 օր մենք մշտական անհանգստության ու ծանր ապրումների մեջ ենք։ Ադրբեջանում մեկնարկած կեղծ դատավարության արդյունքում հայրս դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ կարիք չկա անդրադառնալու այդ դատավարության շինծու բնույթին... Փաստորեն միջազգային իրավունքի հիմունքներից մեկը հանդիսացող` ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից»,–նշել է նա։
Իշխանյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները որևէ կերպ չեն անդրադառնում հակամարտության հումանիտար կողմին, չեն հանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը, թեև համաշխարհային պատմությանը հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը առաջին հերթին դրան են հանգեցրել։
«Մեր տանը հորս սպասում են մայրս, քույրս, եղբայրս, թոռնիկները։ Աշխարհի վերաբերյալ նրանց պատկերացումները թույլ չեն տալիս հասկանալ, թե ինչու իրենց պապիկը իրենց հետ չէ։ Մի քանի օր առաջ աղջկաս ծննդյան օրն էր, նրա համար ծննդյան լավագույն նվերը պապիկի զանգն էր, երբ հարցրեցին, թե ինչ նվեր է ուզում, ասաց, որ ուզում է պապիկը վերադառնա տուն»,– նշել է Իշխանյանի որդին։
Նա շեշտել է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիները այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ, և այդ հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
