Այս պայքարում մեծ մասը հաղթում է. ինչպես են ՀՀ–ում երեխաները հաղթահարում քաղցկեղը
19:26 05.07.2026 (Թարմացված է: 19:31 05.07.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Մանկական քաղցկեղի առավել տարածված տեսակները և՛ Հայաստանում, և՛ աշխարհում լեյկոզնը և լիմֆոման են, դրանց հաջորդում են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, այնուհետև ոսկրերի և փափուկ հյուսվածքների սարկոմաները։
Անսպասելի, բայց ոչ դատավճիռ. այսպես են բժիշկները բնութագրում մանկական քաղցկեղը։ Մինչ օրս աշխարհում չկա մեկը, ով կարող է ասել, թե ինչպես է ստացվում, որ բացարձակ առողջ երեխայի մոտ միանգամից քաղցկեղ է ախտորոշվում։
ՀՀ–ում ամեն տարի միջինում 80-100 երեխայի մոտ քաղցկեղի առաջնակի ախտորոշում է լինում, և ըստ վիճակագրական տվյալների` նրանց 75%-ն առողջանում է։ Նման ցուցանիշ գրանցում են աշխարհի զարգացած երկրներում՝ 75-80%։
Պատմությունները տարբեր են, պայքարը մեկն է
Հայաստանում մասնագիտացված բուժում և աջակցություն կարելի է ստանալ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Այնտեղ բուժում ստացող Նարեն 5 տարեկան է։ Մեր այցի ժամանակ նա նկարում էր` ժպտացող մարդուկ էր պատկերում թղթի վրա. կարոտել է իրենց բակն ու ընկերների հետ խաղերը։ Նարեի մայրն ասում է` կարծում էին, թե երեխայի մոտ թոքաբորբ է, որովհետև տաքություն ուներ ու հազում էր։ Անալիզներից հետո ուղարկել են Արյունաբանական կենտրոն։ Հենց այստեղ էլ այդ չարաբաստիկ ախտորոշումը հաստատվել է` լեյկոզ։
Հարկում ամենաակտիվն ու «ինչուիկը» 12-ամյա Հովհաննեսն է։ Նրա մոտ էլ է նույն խնդիրը։ Հիվանդանոցի միջանցքում այս ու այն կողմ էր պտտվում կաթիլայինի համար նախատեսված հենակով ու անընդհատ հարցեր տալիս` «դուք ո՞վ եք», «ի՞նչ եք նկարում», «ի՞նչ է հոդվածը», «լրատվական կայքում ի՞նչ եք անում», «ինչո՞ւ եք մեր մասին նյութ գրում» և այդպես շարունակ։ Վերջում էլ ասաց` կսպասի հոդվածին ու իր նկարներին։
Ի՞նչ ախտանշաններ են լինում
Քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է կտրուկ փոխել հիվանդության ընթացքը և կանխարգելել հնարավոր բարդությունները: Երեխայի մոտ կարող է լինել գունատություն, անբացատրելի թուլություն, գլխապտույտ, գլխացավ կամ մարմնի վրա գոյացություններ և կապտուկներ։ Նման ախտանշաններ 3 օրից ավելի նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Սարգսյանը վստահ է` փոքրիկների դեպքում վաղ ախտորոշումը կարելի է շատ ավելի հեշտ և արագ իրականացնել, քանի որ բոլորն էլ հաշվառված են պոլիկլինիկաներում և ունեն ընտանեկան թերապևտներ։
Մանկական քաղցկեղի առավել տարածված տեսակներ են լեյկոզը և լիմֆոման, ապա հաջորդում են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, այնուհետև՝ ոսկրերի և փափուկ հյուսվածքների սարկոմաները։
«Սարկոմաների բուժելիությունը ոչ մետաստատիկ փուլում 70% է, իսկ արդեն մետաստատիկ փուլում (3-րդ կամ 4-րդ աստիճան) անգամներով այդ հնարավորությունը նվազում է։ Լավագույն դեպքում հասնում է 30%–ի։ Քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում բուժելիությունը կարող է նույնիսկ 90%–ի հասնել։ Ցավոք, մանկական սկրինինգներ չկան, քանի որ երեխաների օրգանիզմում չի լինում նախաքաղցկեղային վիճակ»,– ասաց Սարգսյանը։
Ըստ բժշկի` միայն որոշ բնածին արատներ կան, որոնք նպաստում են քաղցկեղի ի հայտ գալուն։ ՀՀ–ում կենտրոն կա, որտեղ հսկում են այն երեխաներին, որոնք օնկոպացիենտ ծնողներ կամ քույր-եղբայրներ ունեն կամ որոնք ծնվել են դաունի կամ լուիբարի համախտանիշով։ Այդ դեպքերում հիվանդությունը բուժել հնարավոր չէ։
Ե՞րբ կարելի է համարել, որ երեխան լիովին առողջ է
Հայաստանում մասնագիտացված բուժում և աջակցություն կարելի է ստանալ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում, և դարի հիվանդության հետ առերեսված երեխաների մեծ մասը հենց ՀՀ–ում էլ բուժում է ստանում։ Սարգսյանը նշեց, որ միջինում 100 երեխայից 40-45% դեպքերում ախտորոշվում է լեյկոզ և լիմֆոմա։
«Ամբողջ աշխարհում էլ են երեխաներն ավելի շատ հենց լեյկեմիաներով հիվանդանում, դրանից հետո միայն նյարդային համակարգի ուռուցքներն ու սարկոմաներն են։ Չարորակ ուռուցքներով հիվանդ երեխաների 20-25 տոկոսի մոտ հիվանդությունը հիմնականում կրկնվում է։ Սովորաբար դա լինում է առաջին 5 տարվա ընթացքում։ Միջազգային նորմերով սահմանվել է, որ պետք է լինեն բուժման 1-ին գիծ, 2-րդ գիծ, 3-րդ գիծ։ Սկսում ենք 1-ին գծից, ու սովորաբար դա համարվում է ամենաարդյունավետը»,– ասաց Սարգսյանը։

Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Սարգսյանը
© Sputnik
Առաջին փուլի ընթացքում առանձնապես արդյունք չլինելու դեպքում, ըստ մասնագետի` դժվար է լինում ակնկալել, որ 2-րդ- 3-րդ գծերից լավ արդյունք կարելի է ունենալ։ Բժիշկը վստահեցնում է` այսօր աշխարհում չկա որևէ հաստատված բուժում, որը Հայաստանում չի իրականացվում` սկսած բարձր դոզայով քիմիաթերապիայից, իմունոթերապիայից, ավարտված ոսկրածուծի փոխպատվաստումով։
ՀՀ–ում հիմնադրամները օգնում են արտերիկ մեկնելու անհրաժեշտության դեպքում
Հայաստանի երեխաների առողջության և City of smile հիմնադրամների օգնությամբ հայ բժիշկները վերապատրաստվել են, որի շնորհիվ, օրինակ, երեխայի ոսկրածուծի փոխպատվաստումն արդեն ամբողջությամբ արվում է ՀՀ–ում, իսկ նախկինում տարեկան 4-5 երեխա դրա համար մեկնում էր արտերկիր։
«Մեր հիմնադրամի առաքելություններից մեկն էլ անհրաժեշտության դեպքում երեխաների բուժումը արտերկրում կազմակերպելն է։ Սակայն խոսքը բացառապես պրոտոնային թերապիայի կամ այնպիսի հազվադեպ ու բարդ վիրահատությունների մասին է, երբ ուռուցքի չափսերի և տեղադիրքի պատճառով տեղի բժիշկները ռիսկ չեն անում միջամտել։ Նման խնդրով տարեկան կարող է լինել 4-5 երեխա», — նշում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը
© Photo : Social media of Armen Martirosyan
Նա ընդգծում է՝ երեխաներին արտերկիր ուղարկելու որոշումը կայացվում է բացառապես այն դեպքում, երբ Հայաստանում բուժումն օբյեկտիվորեն անհնար է կազմակերպել, այլ ոչ թե ծնողների ցանկությամբ։
Այս հարցում բացառություններ չեն արվում, քանի որ այսօր Հայաստանում արձանագրվում է մանկական ուռուցքների 75-80% ապրելիության ցուցանիշ, ինչը վկայում է տեղական բժշկության բարձր որակի և վստահելիության մասին։
Այս հարցում բացառություններ չեն արվում, քանի որ այսօր Հայաստանում արձանագրվում է մանկական ուռուցքների 75-80% ապրելիության ցուցանիշ, ինչը վկայում է տեղական բժշկության բարձր որակի և վստահելիության մասին։
Ի՞նչ երկրներից են ՀՀ ժամանում` քաղցկեղի դեմ բուժում ստանալու համար
Լիլիթ Սարգսյանի խոսքով` գալիս են Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից։ Այժմ Հարավային Ամերիայի Գայանա պետությունից պացիենտ է ժամանել` ոսկրածուծի փոխպատվաստման համար։ Երեխայի մոտ լեյկեմիա է եղել, հիմա հիվանդությունը կրկնվել է, այստեղ վիրահատել են, և ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Նախկինում աֆրիկյան տարբեր երկրներից էլ են երեխաներ եկել ՀՀ` մանգաղաբջջային անեմիայի հետ կապված ոսկրածուծի փոխպատվաստում է իրականացվել։
Ինչո՞ւ են ծնողները բուժման համար երեխաներին տանում արտերկիր
ՀՀ–ում մանկական ուռուցքների բուժման համար այսօր արվում է այն, ինչն իրականացվում է ամբողջ աշխարհում։ ՀՀ–ում միջազգային պրոտոկոլներին համապատասխան բուժում է իրականացվում։

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում
© Sputnik
«Երբեմն լինում են դեպքեր, երբ մեր մասնագետը համարում է, որ տվյալ վիրահատությունը գուցե հնարավոր չլինի անհրաժեշտ ծավալով ՀՀ–ում իրականացնել կամ աշխարհում փորձարարական այնպիսի բուժում է արվում, որը դեռ մեր երկրում չկա։ Տարեկան 1 դեպք լինի, կամ չլինի։ Նման պարագայում, ինքներս ենք ուղորդում տվյալ հիվանդանոց, որտեղ իրականացվում է բուժումը։ Նմանատիպ 2 դեպք է եղել` երիկամի ուռուցքի հեռացման համար երեխաները մեկնել են ԱՄՆ` St. Jude հիվանդանոց, որը քաղցկեղի բուժման աշխարհի ամենամեծ բուժհաստատությունն է։ Նրանք պրոտոնային բուժում են ստացել, ինչը բավականին թանկարժեք է, բայց վճարումը կատարել է ՀՀ կառավարությունը»,– ասաց Սարգսյանը։
Դրանից հետո երեխաները ՀՀ են վերադարձել և քիմիաթերապիա անցել այստեղ` լիարժեք բուժվելով։
ՀՀ–ում մանկական քաղցկեղի բոլոր ախտորոշումները բուժվում են պետպատվերի շրջանակում։ Դրանում ներառված են հիվանդանոցում գտնվելու ժամանակ բոլոր հետազոտությունները, անվճար դեղորայքի լայն ցանկ էլ կա, որն այսօր տրամադրվում է երեխաներին։ Ցանկից դուրս մնացող դեղորայքի ձեռքբերման հարցում աջակցում է City of smile հիմնադրամը։
Ի՞նչ է ասում վիճակագրությունը
ՀՀ առողջապահության նախարարության Առողջության ազգային ինստիտուտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ներկայում ՀՀ–ում բուժում է ստանում 230 երեխա (ինտենսիվ և պահպանողական)։ 2024 թվականի դրությամբ 113 -ը մանկական քաղցկեղի առաջնակի ախտորոշման դեպքերն են։ Տղաների և աղջիկների միջև հիվանդացության բաշխվածությունը գրեթե հավասար է, բայց տղաների մոտ մի փոքր ավելի հաճախ է ախտորոշվում։ Տղա–աղջիկ հարաբերակցությունը մոտավորապես կազմում է 1,5։1։ Այժմ բուժում է ստանում 2024–ից ախտորոշված 19 երեխա։
2024 թվականի դրությամբ առաջնակի ախտորոշված 5 պացիենտ բուժվել է արտերկրում։
Ամբողջ աշխարհում մանկական քաղցկեղը մնում է երեխաների շրջանում ամենատարածված հիվանդություններից մեկը. ամեն տարի մոտ 300,000–400,000 երեխա է հիվանդանում։ 2023 թվականի տվյալներով շուրջ 377 000 նոր դեպք է ախտորոշվել, ինչպես նաև 144 000 մահ է գրանցվել։ 2025 թվականին էլ առաջնակի ախտորոշումով մանկական քաղցկեղի մոտ 430 000 դեպք է գրանցվել, իսկ մահացության դեպքերը եղել են 108 000։
