ՀՀ նախագահի պաշտոնն Ալեն Սիմոնյանի համար երազանք կմնա՞. «Ժողովուրդ»
10:23 26.06.2026 (Թարմացված է: 10:24 26.06.2026)
Բաժանորդագրվել
Պարբերականը գրում է, որ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու դառնալու համար փակ և գաղտնի քվեարկության ժամանակ Սիմոնյանի օգտին 20-ից ընդամենը 5 ձայն է եղել:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընտրություններից հետո չի կարողանա հավակնել նաև երկրի նախագահի պաշտոնին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում չունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/4-ի աջակցությունը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանի թիմակիցներն արդեն փորձում են հանրային դաշտ նետել վարկածներ, թե նրա համար պատրաստվում է Հանրապետության նախագահի կամ Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Սակայն այդ սցենարները առնվազն այս պահին քաղաքական և իրավական հիմքեր չունեն, գրում է թերթը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երեկ երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում: Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռևս կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի Սահմանադրությամբ 2-րդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի պաշտոնին, ապա հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է 2022 թվականին և նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է միայն 2027 թվականին։ Բացի այդ, երկրի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/4-ի աջակցությունը։ Այդպիսի մեծամասնություն ՔՊ-ն այս խորհրդարանում չունի, անգամ ԲՀԿ-ի ձայները գողանալուց հետո»,- գրում է թերթը:
Պարբերականը գրում է, որ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու դառնալու համար փակ և գաղտնի քվեարկության ժամանակ Սիմոնյանի օգտին 20-ից ընդամենը 5 ձայն է եղել:
«Այս որոշումը պատահական չէր։ ՔՊ ներսում վաղուց է կուտակվել դժգոհությունը Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Կուսակցությունում նրան վերագրում են կլանային մտածողություն և կառավարման նույնպիսի գործելաոճ՝ թիմակիցներին բաժանելով «յուրայինների» և «օտարների»: Սիմոնյանի դեմ երկար ժամանակ համակարգված աշխատանք է տարվել նաև կուսակցության ներսում՝ հատկապես Հայկ Սարգսյանի կողմից։ Այդ առումով Ալեն Սիմոնյանի պարտությունը իշխանական կուլիսներում գնահատվում է ոչ միայն որպես Ռուբեն Ռուբինյանի հաղթանակ, այլև որպես Հայկ Սարգսյանի, Նաիրի Սարգսյանի և նրանց հոր՝ Զարեհ Սարգսյանի քաղաքական հաջողություն»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի թեկնածու ՔՊ վարչության նիստում ընտրվել է Ռուբեն Ռուբինյանը: Թեկնածուներից են եղել նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը:
