ԵՄ-ում պառակտո՞ւմ է. ՌԴ սենատորը մեկնաբանել է Բրյուսելի գագաթնաժողովի շուրջ սկանդալները

© Sputnik / Mikhail Bogachev
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի քաղաքական գործչի դիտարկմամբ՝ Եվրամիության անդամ պետությունների շարքերում պառակտումը նշմարվում է միանգամից երկու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հունիսի 18-19-ը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովում առաջացել են միանգամից երկու սուր թեմաներ, որոնք եվրոպական առաջնորդների միջև մի շարք հարցերի շուրջ ի հայտ են բերել սկզբունքային տարաձայնություններ, ինչը սպառնում է Եվրոպայի երկրների միջև վերաճել քաղաքական պառակտման: Իրավիճակը «Ռոսիա սեգոդնյա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Չիժովը:
«Եվրամիությունը Եվրամիություն չէր լինի, եթե գագաթնաժողովում սկանդալ տեղի չունենար։ Այն բավական սուր էր և դարձավ հրապարակային։ Սկանդալի պատճառը բավական ուշագրավ է. դա, ինչպես միշտ, բրիտանական մամուլի միջոցով տեղեկատվության արտահոսքն է այն մասին, որ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի ոմն ներկայացուցիչ զանգահարել է Կրեմլի վարչակազմի բարձրաստիճան գործչին: Ոչ ոք դա չի հաստատել։ Զանգահարել- չզանգահարելը չգիտեմ և ձեզ կռահելու կոչ չեմ անում: Բայց փաստը, որ այդ արտահոսքը հայտնվել է, խորը պառակտում է առաջացրել Եվրամիությունում, հենց գագաթնաժողովում», - նշել է Չիժովը։
Ընդ որում, ռուսաստանցի քաղաքական գործչի դիտարկմամբ, Եվրամիության անդամ պետությունների շարքերում պառակտումը ուրվագծվեց միանգամից երկու ուղղությամբ։ Նախ, եվրոպական առաջնորդները տարակարծիք էին Ռուսաստանի հետ երկխոսության նպատակահարմարության վերաբերյալ։ Երկրորդ հարցը, որն ակտիվ բանավեճ առաջացրեց, այն է, որ եթե պետք է զանգահարել Կրեմլ, ապա եվրոպացիներից ով պետք է զբաղվի դրանով։ Ի դեպ, եվրաչինովնիկների մեծ մասն, այնուամենայնիվ, համաձայն է ՌԴ-ի հետ կապեր հաստատելու անհրաժեշտության հետ։
«Մակրոնը Մերցի հետ ձեռք ձեռքի տված՝ կտրուկ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը՝ «իսկ ով է Կոշտան», «ինչպես է նա համարձակվել» և այլն։ Սակայն մեծամասնությունը հավանություն է տվել Եվրախորհրդի նախագահի նախաձեռնությանը։ Իհարկե, բացառությամբ, ինչպես նշվեց, Ֆրանսիայի ու ԳԴՀ-ի։ Նաև բացի մերձբալթյան երկրներից, որոնք այնպիսի բառեր են ասել, որ նույնիսկ չես ցանկանա վերարտադրել», - ընդգծել է սենատորը։
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմի հետ շփումների նախաձեռնության հակառակորդները հայտարարում են, թե դա հակասում է Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը, որ ԵՄ-ն չի կարող միջնորդի դեր ստանձնել՝ աջակցելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավանական բանակցություններին: Չիժովի խոսքով, դա, իր հերթին, կարելի է գնահատել որպես խոստովանություն, որ Եվրոպան Մոսկվայի դեմ է հանդես գալիս Կիևի կողմից։
«Պետք է ասել, որ դա Ուրսուլա ֆոն դեր Լյայենի բավականին անկեղծ խոստովանությունն էր, որ Եվրամիությունը Ուկրաինայի կողմից է։ Եվ սա մաքուր ճշմարտություն է։ Այսինքն՝ նրանք, հավանաբար, պատկերացնում են ինչ-որ բանակցային սեղան, որտեղ մի կողմում Ռուսաստանն է, մյուս կողմում՝ մնացած բոլորը։ Բայց նման «սեղանի» հեռանկարը բավական մշուշոտ է», - եզրափակել է նա։
Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն անդրադարձել է ևս մեկ սկանդալային հարցի, որը վերաբերում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հետագա ճակատագրին՝ Կայա Կալասի լիազորությունների սահմանափակման համատեքստում: Նրա կարծիքով՝ խնդիրը միայն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի անձնական կոնֆլիկտը չէ: Այս սկանդալը ԵՄ-ում խորը ճգնաժամի արտացոլումն էր՝ տարբեր տեսակետների բախման առումով, թե ինչպես պետք է փոխգործակցեն եվրոպական ղեկավարության առանձին ճյուղերը։
«Այս անգամ այդ «ճահիճը» քար նետեցին ֆրանսիացիները՝ բերելով երեք հնարավոր տարբերակ։ Առաջինը եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը Եվրահանձնաժողովին ամբողջությամբ ենթարկեցնելն է՝ «Կայային Ուրսուլայի ենթակայության տակ դնելը»։ Երկրորդը՝ ԵՄՀ-ն ենթարկել Եվրոպայի խորհրդին, այսինքն՝ անդամ երկրներին։ Եվ երրորդը՝ ամրապնդել նրա ինքնուրույն դերը։ Թող, ինչպես ասում են, էներգիան ծախսեն միմյանց ոչնչացնելու վրա, իսկ մենք կհետևենք», - ամփոփել է Չիժովը մամուլի ասուլիսի ժամանակ։
ԵՄ գագաթաժողովն անցկացվում է Բրյուսելում հունիսի 18-19-ը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտայի նախագահությամբ: ԵՄ պատմության մեջ առաջին անգամ երկրների ղեկավարները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը միանգամից մեկ տարով (կես տարվա փոխարեն): Զուգահեռաբար Բրյուսելում եվրոպական հաստատությունների պատերի մոտ տեղի են ունեցել բնապահպանական և իրավապաշտպան ակտիվիստների բողոքի ցույցեր՝ Իսրայելի դեմ առևտրային սահմանափակումներ մտցնելու պահանջով: